Ի՞նչ եղան «Հայաստան» համահայկական հիմնադրամին առնչվող հաշվեքննության արդյունքները․ խոստացված ժամկետը վաղուց անցել է

Հաշվեքննիչ պալատը չի շտապում հանրայնացնել «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից հավաքագրված և ՀՀ պետական բյուջե փոխանցված միջոցների օգտագործումն ուսումնասիրելու գործընթացը:

Հիշեցնենք, որ դեռևս հունիսի 14-ին ԱԺ-ում պալատի նախագահ Ատոմ Ջանջուղազյանը նշել էր. «Մենք ենթադրաբար մինչև այս ամսվա վերջ կունենանք հաշվեքննության արդյունքները»:

«Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի 31-րդ նիստում նման հույսեր էր հայտնել նաև ՀՀ նախագահ, Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Վահագն Խաչատուրյանը՝ կրկին խոստանալով, որ հունիսին կհրապարակվեն արդյունքները։

Արդեն օգոստոսն է, բայց հաշվեքննության արդյունքները չկան:

Կարդացեք նաև

168.am-ը կապ հաստատեց Հաշվեքննիչ պալատի մամուլի քարտուղար Մանե Մինասյանի հետ՝ տեղեկանալու, թե որո՞նք են մինչև հունիսի վերջ ակնկալվող հաշվեքննության հրապարակման ձգձգման պատճառները:

Ի պատասխան՝ ՀՊ մամուլի քարտուղարը տեղեկացրեց՝ հաշվեքննությունն արդեն ավարտական փուլում է, ապա վստահեցրեց՝ ձգձգման պրակտիկան արտառոց չէ, քանի որ բազմաթիվ հաշվեքննությունների առաջադրանքներ հաճախ հաշվեքննության ընթացքում փոփոխությունների են ենթարկվում:

«Հաշվեքննությունների գրեթե մեծ մասը միշտ երկարաձգվում են, բայց երկարաձգման պատճառները և հստակ ժամկետները չեն հրապարակվում՝ օրենքի պահանջին հետևելով»,- հավելեց նա:

168.am-ը բազմաթիվ հրապարակումներով անդրադարձել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից պատերազմի օրերին հավաքագրված գումարների և, մասնավորապես, կառավարությանը փոխանցված 52 մլրդ 700 մլն դրամի «ոդիսականին». մեկ անգամ չէ, որ հանրային տարբեր շրջանակներ բարձրաձայնել էին կառավարությանը փոխանցած 52 միլիարդ դրամի ծախսագրման խնդրի մասին:

Պաշտոնական արզաբանումները, ըստ որոնց՝ հիմնադրամը 52 միլիարդ 703 միլիոն դրամ է փոխանցել կառավարությանը՝ պետության, ռազմական դրություն հայտարարելու հանգամանքներով պայմանավորված ենթակառուցվածքների, սոցիալական և առողջապահական ծախսերի ֆինանսավորման նպատակով օգտագործելու պայմանով, չէին բավարարել քաղաքական ու հանրային տարբեր շրջանակների:

2021 թ. հոկտեմբերին ԱԺ-ում ընդդիմադիր «Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցությունները հարցի առնչությամբ նախաձեռնել էին նաև քննիչ հանձնաժողովի ստեղծում: Ի դեպ, այս հանձնաժողովի գործունեության ժամկետը երկարաձգելու հարցն առկախված է՝ երկու խմբակցությունների բոյկոտով պայմանավորված:

Ի դեպ, այս թեման լայն արձագանք էր գտել հատկապես Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի՝ «Requiem / 6. ՓՈՂԵՐ» տեսանյութից հետո: Հրապարակման մեջ Միքայել Մինասյանը նշել էր, որ վարչապետը հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանին հանձնարարել է հիմնադրամում հավաքված միջոցներից փոխանցել 52 մլրդ 700 մլն դրամ (ավելի քան 100 մլն դոլար) բյուջե, ինչն էլ արվել է 9 որոշումներով, որոնցից ոչ մեկը չի ուղարկվել հոգաբարձուների խորհրդի անդամներ Ռոբերտ Քոչարյանին և Արկադի Ղուկասյանին:

Միքայել Մինասյանը նաև հավելել էր՝ 9 որոշումներից 7-ի բնօրինակները անհետացել են ՀՀ նախագահի նստավայրից, որտեղ և գտնվում են Հայկակ Արշամյանի գրասենյակն ու հիմնադրամի աշխատակազմը:

2021 թ. սեպտեմբերին թեմային անդրադառնալով՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր՝ հիմնադրամի միջոցները չեն ծախսվել ռազմական կարիքների համար, ապա պնդել

««Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցները ծախսվել են այն նպատակների համար, որոնք նախատեսված են հիմնադրամի կանոնադրությամբ, և աուդիտը, եթե չի արձանագրել կամ հրապարակել, դա կհրապարակի քննիչ հանձնաժողովը, որևէ այլ հանձնաժողով․․․ Աշխարհում չկա որևէ այլ հանձնաժողով, որ բացի իմ ասածից՝ կարողանա արձանագրել որևէ այլ բան, որովհետև որևէ այլ բան տեղի չի ունեցել և տեղի ունենալ չէր կարող պարզապես»։

Տեսանյութեր

Լրահոս