ՆԱՏՕ-ն պահանջել է մեծացնել Ռուսաստանի հետ սահմանին զենքի քանակը
ՆԱՏՕ-ի դաշնակիցները Արևելյան թևում ԱՄՆ-ին խնդրել են արագացնել զենքի մատակարարումը, ինչպես նաև ընդլայնել ԱՄՆ-ի զինվորականների ներկայությունը տարածաշրջանում, գրում է The Washington Post-ը։
Հոդվածում ասվում է, որ Բալթյան և Արևելյան Եվրոպայի պաշտոնյաները կոչ են արել Վաշինգտոնին մեծացնել պաշտպանական արտադրությունը՝ ավելի վաղ կնքված պաշտպանական պայմանագրերի իրագործումն արագացնելու համար։
«HIMARS հրթիռային համակարգեր, Reaper անօդաչու թռչող սարքեր, հակամարտկոցային ռադարներ. ահա թե ինչ է մեզ անհրաժեշտ Ռուսաստանին զսպելու համար»,- ասել է Էստոնիայի պաշտպանության նախարար Կուստի Սալմը։
Գործակալությունը հիշեցրել է, որ վերջին ամիսներին տարածաշրջանի շատ երկրներ Ուկրաինային զենք են մատակարարել սեփական պաշարներից։ Իր հերթին, Պենտագոնի անանուն խոսնակը խոստովանել է, որ արևմտյան երկրներին ինչ-որ պահի անհրաժեշտ կլինի համալրել այդ ռազմական ներուժը, սակայն նա չի հստակեցրել, թե որքան ժամանակ կպահանջվի: