Ինչո՞ւ աշխարհի չեմպիոններն իրենց մոտ չեն պահում բնօրինակ գավաթը
Ֆուտբոլի աշխարհի առաջնության գավաթը նախագծած իտալացի քանդակագործ Սիլվիո Գացանիգան ցանկացել էր մեկ պտտաձև կոմպոզիցիայի մեջ արտահայտել սպորտի երեք գլխավոր հույզերը՝ մարզիկի պայքարը, երկրպագուի ցնծությունը և հաղթանակի պահը։
2026 թվականի աշխարհի առաջնության եզրափակչում հենց այս գավաթն է բարձրացնելու չեմպիոն դարձած հավաքականի ավագը։
Ստեղծվել է Միլանում
Գավաթը ստեղծվել է Միլանի Բրերա թաղամասում գտնվող Սիլվիո Գացանիգայի արվեստանոցում։ ՖԻՖԱ-ն բաց մրցույթ էր հայտարարել նոր գավաթի նախագծման համար այն բանից հետո, երբ Բրազիլիան, 1970 թվականին երրորդ անգամ հաղթելով աշխարհի առաջնությունում, նախկին գավաթի նկատմամբ մշտական սեփականության իրավունք ստացավ։
Գացանիգայի նախագիծը պատկերում է մարդկային երկու կերպար, որոնք բարձրացնում են երկրագունդը։
Քանդակագործի որդին՝ Ջորջո Գացանիգան, պատմում է, որ հայրը սկզբում բազմաթիվ էսքիզներ էր պատրաստել, մինչև հանգել էր վերջնական գաղափարին, որտեղ երկրագնդի պատկերը միաձուլվում է ԴՆԹ-ի պարույրներ հիշեցնող երկու բարձրացող պատկերների հետ։
Սիլվիո Գացանիգան, որը մահացել է 2016 թվականին, աշխատել է G.D.E. Bertoni ընկերությունում և ձևավորել նաև մի շարք այլ հեղինակավոր մարզական մրցանակներ, այդ թվում՝ ՈՒԵՖԱ-ի գավաթն ու Եվրոպայի սուպերգավաթը։
Նախորդ գավաթը գողացվել է և չի հայտնաբերվել
Աշխարհի առաջնության առաջին գավաթը ներկայացվեց 1930 թվականին և պատկերում էր հունական հաղթանակի աստվածուհի Նիկեին։ Այն հետագայում անվանվեց Ժյուլ Ռիմեի գավաթ՝ ի պատիվ աշխարհի առաջնության հիմնադիր Ժյուլ Ռիմեի։
1966 թվականին գավաթը գողացվեց Անգլիայում ցուցադրության ժամանակ, սակայն մի քանի օր անց այն հայտնաբերեց Փիքլզ անունով մի շուն՝ Լոնդոնի հարավում գտնվող ցանկապատերից մեկի տակ։
1983 թվականին, երբ գավաթն արդեն մշտապես պատկանում էր Բրազիլիային, այն կրկին գողացվեց Բրազիլիայի ֆուտբոլի կոնֆեդերացիայի շենքից։ Այդ գավաթը մինչ օրս չի հայտնաբերվել և, ըստ տարածված վարկածի, հալեցվել է։
Գավաթը խորհրդանշում է պայքարն ու հաղթանակը
ՖԻՖԱ-ի մրցույթին ներկայացվել էր ավելի քան 50 նախագիծ, սակայն միայն Սիլվիո Գացանիգան էր պատրաստել ամբողջական մոդել, ինչը հնարավորություն տվեց գնահատելու ոչ միայն արտաքին տեսքը, այլև դրա գաղափարական բովանդակությունը։
Ըստ Ջորջո Գացանիգայի՝ գավաթի վերևում պատկերված է երկրագունդը, իսկ ներքևում՝ մարզիկի մարմինը, որը խորհրդանշում է ծանր պայքարը, տառապանքն ու հաղթանակի ճանապարհը։
Նրա խոսքով՝ վեր բարձրացած ձեռքերը հիշեցնում են հաղթական թևեր և խորհրդանշում ոչ միայն մարզիկի հաղթանակը, այլև երկրպագուների անսահման ուրախությունը։
Գացանիգայի ընտանիքը մինչ օրս պահպանել է քանդակագործի արվեստանոցը, որտեղ գտնվում են նրա բնօրինակ էսքիզները, ՖԻՖԱ-ին ներկայացված առաջին մոդելն ու մոմե նախատիպը։
Չեմպիոնները չեն պահում բնօրինակ գավաթը
Աշխարհի առաջնության պաշտոնական գավաթը պատրաստված է 18 կարատանոց ոսկուց, ունի 36 սանտիմետր բարձրություն և տեղադրված է կանաչ մալաքիտից պատրաստված պատվանդանի վրա, որը խորհրդանշում է ֆուտբոլային խաղադաշտը։
Եզրափակչից հետո բնօրինակ գավաթը վերադարձվում է ՖԻՖԱ-ին և պահվում կազմակերպության՝ Շվեյցարիայում գտնվող կենտրոնակայանում։ Աշխարհի չեմպիոն դարձած հավաքականը ստանում է միայն դրա ոսկեպատ կրկնօրինակը։
ՖԻՖԱ-ն այլևս թույլ չի տալիս, որ որևէ հավաքական, նույնիսկ աշխարհի եռակի չեմպիոն դառնալու դեպքում, իր մոտ մշտապես պահի բնօրինակ գավաթը։
Գացանիգայի նախագծած գավաթն առաջին անգամ օգտագործվել է 1974 թվականի աշխարհի առաջնությունում և դարձել է ֆուտբոլի գլխավոր խորհրդանիշներից մեկը։ ՖԻՖԱ-ն որոշել է այն պահպանել առնվազն մինչև 2038 թվականը։

