Բաժիններ՝

Տերունական աղոթքի մասին

Սուրբ Հովհան Ոսկեբերան

«Երբ աշակերտները Հիսուսին ասացին. «Մեզ աղոթել սովորեցրու» (Ղուկ. 11։11), Նա աղոթեց՝ ուսուցանելով նրանց աղոթքի ճիշտ կերպը։ Եվ նրանց պետք է սովորեցներ ոչ միայն աղոթել, այլ՝ ինչպես աղոթել։ Ուստի և ասաց. «Հայր մեր, որ երկնքում ես. սուրբ թող լինի քո անունը. քո թագավորությունը թող գա. քո կամքը թող լինի երկրի վրա, ինչպես որ երկնքում է։ Մեր հանապազօրյա հացը տո՛ւր մեզ այսօր. և ների՛ր մեզ մեր հանցանքները, ինչպես որ մենք ենք ներում նրանց, որ հանցանք են գործում մեր դեմ. և մի՛ տար մեզ փորձության» (Մատթ. 6։9-13, Ղուկ. 11։2-4), այսինքն՝ մի՛ թույլ տուր ընկնել որոգայթների վտանգի մեջ։

Այսպես, պատվիրելով աղոթել. «Եվ մի՛ տար մեզ փորձության», Նա այդ նույնը ուսուցանում է նաև գործով՝ ասելով. «Հա՛յր Իմ, եթե կարելի է, այս բաժակը թող ինձնից հեռու անցնի» (Մատթ. 26։39), և սրանով բոլոր սրբերին սովորեցնում է վտանգների չենթարկվել, անձամբ չնետվել դրանց մեջ, սակայն, միևնույն ժամանակ, սպասել հարձակումների և արիություն ցուցաբերել, այլ ոչ թե անձամբ ձգտել դրանց և առաջինը չվազել դժբախտությունների մոտ։ Ինչո՞ւ։ Որպեսզի խոնարհամտություն ներշնչի և ազատի սնափառության մեղադրանքից։

Այստեղ էլ, երբ ասում է. «Նա եկավ աղոթելու», ապա ավելացնում է. «Այդպե՛ս, չկարողացա՞ք մեկ ժամ արթուն մնալ ինձ հետ։ Արթո՛ւն մնացեք և աղո՛թք արեք, որպեսզի փորձության մեջ չընկնեք»։ (Մատթ. 26։40-41)։ Տեսնում ես, Նա ոչ միայն աղոթում է, այլև հորդորում. «Հոգին հոժար է,- ասում է,- բայց մարմինս՝ տկար»։ Սա ասաց, որպեսզի պահպանի նրանց հոգիները սնափառությունից, հեռացնի հպարտությունից, նրանց խոնարհ դարձնի և հեզություն սովորեցնի։

Այնպես, ինչպես որ ցանկանում էր նրանց աղոթել սովորեցնել, այդպես էլ Ինքն էր աղոթում մարդկայնորեն, այլ ոչ որպես Աստված, քանզի աստվածայինը տառապանքների հաղորդակից չէ, իսկ մարդկայնորեն էր աղոթում, որպեսզի սովորեցնի մեզ աղոթել և միշտ խնդրել, որ ազատի մեզ դժբախտություններից, բայց եթե դա անհնար լինի, սիրով ընդունել այն, ինչ հաճելի է Աստծուն։

Այդ պատճառով էլ ասաց. «Բայց ոչ՝ ինչպես Ես եմ կամենում, այլ՝ ինչպես Դու», ոչ թե այն բանի համար, որ այլ է Իր կամքը, այլ՝ Հոր, այլ որպեսզի սովորեցնի մարդկանց, որ թեև նրանք դժբախտությունների, սարսափի, վտանգի մեջ լինեն, միևնույնն է, նայելով դրանց, Աստծո կամքը գերադասեն սեփական կամքից։ Այդպես էլ Պողոսը, աչքի առջև ունենալով այդ օրինակը, երկուսն էլ գործով կատարեց։

Նա թե՛ խնդրեց ազատել իրեն փորձությունից. «Երեք անգամ աղաչեցի Տիրոջը, որ նրան ինձնից հեռացնի» (Բ Կորնթ. 12։8), և քանի որ դա հաճելի չէր Աստծուն, ասաց. «Դրա համար գոհությամբ համբերում եմ տկարություններին, նախատինքներին, հալածանքներին» (10) Այս խոսքերը կարող է պարզ չթվալ, ուստի կպարզաբանեմ դրանք։ Պողոսը բազմաթիվ վտանգների էր ենթարկվում, և աղոթեց Աստծուն, որպեսզի ազատվի վտանգներից։

Բայց լսեց Քրիստոսից. «Իմ շնորհը քեզ բավ է, որովհետև Իմ զորությունը տկարության մեջ է» (9)։ Երբ նա իմացավ Աստծո կամքը, վերջապես իր կամքը ենթարկեց Աստծո կամքին։ Այսպիսով, այս աղոթքով Քրիստոսը սովորեցրեց մեզ և մեկը և թե մյուսը, որպեսզի մենք չձգտենք վտանգների և նույնիսկ աղոթենք, որպեսզի չընկնենք դրանց մեջ, բայց եթե դրանք վրա հասնեն մեզ, կրենք արիությամբ և մեր սեփական կամքը ենթարկենք Աստծո կամքին։ Դրա համար էլ, իմանալով այդ, աղոթենք, որպեսզի երբեք փորձության մեջ չընկնենք, իսկ եթե ընկնենք, ապա խնդրենք Աստծուց, որպեսզի նա մեզ համբերություն և արիություն տա և նախընտրենք Նրա կամքը մեր յուրաքանչյուր ցանկությունից առավել։ Նման ձևով թե՛ ներկա կյանքը անվտանգ կանցկացնենք և թե՛ կարժանանանք գալիք բարիքներին»։

Փոխակերպումը գրաբարից՝ Գայանե ԹԵՐԶՅԱՆԻ

qahana.am

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս