ԱՄՆ-ը, ունենալով ազդեցություն Վրաստանի նկատմամբ, կփորձի Երևանի ու Բաքվի միջոցով ներքաշվել հարավկովկասյան տարածաշրջանի գործերին. Վրացի վերլուծաբան
ԱՄՆ-ը Հայաստանի և Ադրբեջանի հետ քննարկում է տարածաշրջանի ապաշրջափակման հարցում տեխնիկական աջակցություն տրամադրելու հնարավորությունը: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին՝ անդրադառնալով Փաշինյան-Բլինքեն հուլիսի 25-ին կայացած հեռախոսազրույցին:
Դեսպան Թրեյսին մասնավորապես ասել է, որ այն, ինչ ԱՄՆ-ը քննարկում է Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների հետ, որոշակի տեխնիկական աջակցությունն է, որոշ տեխնիկական գնահատականներ, որոնք կնպաստեն տարածաշրջանում տրանսպորտային կապերի ապաշրջափակմանը: «Մենք շատ ենք կարևորում այդ նպատակը։ Նշեմ, որ մյուս թեման, որին անդրադարձել է պետքարտուղարը, վերաբերում էր Թուրքիայի հետ Հայաստանի հարաբերությունների կարգավորմանը։ Այդ ուղղությունը ևս մենք շատ կարևոր ենք համարում: Մենք ողջունում ենք այն քայլերը, որոնք մինչ այժմ արել են Հայաստանն ու Թուրքիան, և երկու կողմերին էլ կոչ ենք անում առաջընթաց գրանցել: Որովհետև մենք տեսնում ենք, որ այս հարցերից շատերը, ի վերջո, փոխկապակցված են և, երբ տեսնում ենք դրական քայլեր մեկ ուղղությամբ, դա կարող է ամրապնդել թափը՝ հասնելու տարածաշրջանում առավել լայն խաղաղության»,- ասել է դեսպան Թրեյսին:
168.am-ի հետ զրույցում վրացի քաղաքական վերլուծաբան Սոսո Ցինցաձեն ասաց, որ ԱՄՆ այս առաջարկն իրեն հիշեցրել է ԵՄ առաջարկը՝ մասնակցել կամ աջակցել Հայաստան-Ադրբեջան սահմանազատման գործընթացին, որով կոտրվեց Մոսկվայի դոմինանտությունը կարգավորման այս հատվածում:
Նրա խոսքով՝ եթե այս առաջարկն արված է հաշվարկված, ապա կարող է ապահովել Վաշինգտոնի մասնակցությունն ապաշրջափակման գործընթացին, որն այս հարցում ևս կսահմանափակի Մոսկվայի միջնորդական դոմինանտ դիրքը:
«ԱՄՆ տրամաբանությունը շատ պարզ է, քիչ–քիչ, օգտագործելով Ռուսաստանի որոշումների հետևանքով Ռուսաստանի համար ստեղծված բարդ իրավիճակը՝ ԱՄՆ-ը, ունենալով ազդեցություն Վրաստանի նկատմամբ, կփորձի Երևանի ու Բաքվի միջոցով ներքաշվել հարավկովկասյան տարածաշրջանի գործերին, որտեղ Ռուսաստանի դիրքերն աննախադեպ ամուր են: Ի՞նչ է առաջարկում ԱՄՆ-ը սրա դիմաց ռեգիոնի երկրներին, ինձ համար դեռ լիովին հասկանալի չէ, սակայն ինչ-որ առաջարկ պետք է որ լինի, քանի որ ռեգիոնի կշիռն ու «գինը» բարձրացել է ՌԴ-Արևմուտք առճակատման փուլում, հետևաբար՝ նաև ռեգիոնալ փոփոխություններն ունեն գին: Մեկ տեղում ԵՄ-ն է աշխատում՝ նվազեցնում ՌԴ ազդեցությունն ու մասնակցությունը, մյուսում՝ ԱՄՆ-ը, ու առաջիկայում Արևմուտքի ավելի խորը ներգրավման փորձերի ականատեսն ենք լինելու: Ռուսաստանը, ինչպես հասկանում եմ, դեռ հանգիստ է վերաբերվում, քանի որ այս ամենին անընդհատ արձագանքելու ռեսուրս չունի, բայց ինչ-որ կերպ կփորձի զսպել Արևմուտքին, ինչպես եղավ ՌԴ ԱՀԾ պետ Նարիշկինի տարածաշրջանային այցի ընթացքում, որը հաջորդեց ԱՄՆ ԿՀՎ ղեկավարի այցին:
Այսինքն՝ Ռուսաստանի համար փոքր թվացող հարցերին ՌԴ-ն չի արձագանքելու, իսկ այն հարցերին, որոնք վտանգ են հարուցում Ռուսաստանի համար, ինչպիսին ԿՀՎ ղեկավարն է, դրան եղավ անմիջապես արձագանք:
Բայց ընդհանրապես ՌԴ ռեսուրսը չի բավականացնում ու Արևմուտքի հաշվարկը դա է: Տարածաշրջանի երկրներն էլ կարծես չեն մերժում և աշխատում են Արևմուտքի հետ, ինչպես, օրինակ, Ադրբեջանը, որն էներգետիկ համագործակցության նոր էջ բացեց ԵՄ-ի հետ, փորձում է աշխատել տարբեր ուղղություններով, Երևանը ևս չի մերժում արևմտյան նախաձեռնությունները, որոնք նոր են ուրվագիծ ստանում»,- ասաց նա: