Ինչո՞ւ է Սերդար Քըլըչն այցելել հայ-թուրքական սահման. ինչպես կարձագանքի Երևանը

Այսօր համացանցում ակտիվորեն տարածվում են լուսանկարներ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գծով Անկարայի հատուկ բանագնաց Սերդար Քըլըչի հայ-թուրքական սահման կատարած կիրակնօրյա այցից:

Կարսում լույս տեսնող Gazete Kars պարբերականի տեղեկություններով, Քըլըչը նախօրեին ժամանել է Կարս, որտեղ այցելել է Ռազմական պատմության թանգարան, ապա ուղևորվել է հայ-թուրքական սահման՝ այցելելով Անիի ավերակներ և Հայաստանի հետ սահմանին գտնվող «Դողուքափը» անցակետ։

Թուրքական թերթում հրապարակված լուսանկարներից պարզ է դառնում, որ այցելության ընթացքում Քըլըչը հանդիպել է նաև սահմանամերձ գյուղերի բնակիչների հետ և ունեցել է փակ բնույթի հանդիպումներ:

168.am-ի հետ զրույցում ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը նշեց, որ այս այցն ընդհանուր հայ-թուրքական գործընթացի մաս է, որի մեջ կարող են լինել՝ ինչպես երրորդ երկրների քաղաքացիների համար սահմանը բացելու խնդիրը, այնպես էլ՝ ուղիղ հայ-թուրքական սահմանը բացելու հարցը։ Սա, ըստ նրա, ուղղված է հայ-թուրքական գործընթացի շուրջ ստեղծված իմիտացիան ևս մեկ դետալով «զարդարելուն»:

«Մենք ականատեսն ենք եղել սինխրոն գործընթացների, երբ թուրքական կողմից այցելում են հայ-թուրքական սահման, այստեղից Փաշինյանն է այցելում սահման, խոսում ասֆալտապատման մասին, և այլն: Ես կարծում եմ, որ Քըլըչի այցի հանրայնացումը նաև որոշակի մեսիջ է, փորձում են ցույց տալ, թե գործընթացը ընթացքի մեջ է, քայլեր են արվում, սա ուղերձ է և արտաքին աշխարհին, և նաև Հայաստանին:

Չպետք է բացառենք, որ Հայաստանից համանման ուղերձ էլ մոտ օրերս կուղարկեն թուրքերին համանման այցի կամ ժեստի տեսքով: Իսկ եթե այցը  փակ լիներ, դա այլ իրավիճակ է: Կարծում եմ, այո՛, նաև պրոցեսը ավելի ամրապնդելու նպատակ ունի, ցույց տալու, որ Թուրքիան ավելի հաստատակամ է իբրև թե առանց նախապայմանների գործընթացն առաջ տանելու համար, բայց սրանք, ըստ իս, փոքր դետալներ են, որևէ լուրջ գործընթացի մասին այս հարցում չենք կարող խոսել, քանի որ լուրջ գործընթացը վերաբերում է թուրքական հայտնի նախապայմանին։ Լուրջ գործընթաց կարող ենք տեսնել Չավուշօղլուի վերջին հայտարարության մեջ, երբ նա ևս մեկ անգամ ասաց, որ Ադրբեջանի հետ համապատասխանեցնում են իրենց բոլոր քայլերը: Իսկ այս այցը, նկարներն ավելի շատ իմիտացիան ավելի ամրապնդելուն ուղղված քայլ է: Ենթադրում եմ, որ սրանով իրենց հռետորաբանությունը կհարստացվի, որ մյուս հանդիպման ժամանակ կասեն, որ իրենք կոնկրետ քայլեր են անում, այցելում, ուսումնասիրում են տեղում սահմանը, և այլն»,- ասաց վերլուծաբանը:

Նա նաև նշեց. «Իսկ ՀՀ իշխանությունները և նրանց ապաշնորհ քաղաքականությունը ՀՀ-ն հասցրել է այն եզրագծին, երբ ՀՀ-ից ակնկալում են կոնկրետ քայլեր, իսկ այդ քայլերը թուրքական նախապայմանների իրականացումն է, այսինքն՝ կոնկրետ ցավալի զիջումներ որոշակի հարցերի շուրջ: Թուրքերը, լինելով իրականում հմուտ դիվանագետներ, այս խաղը տանում են դեպի պատային իրավիճակ, որից դուրս գալու համար ՀՀ-ն պետք է համապատասխան քայլեր անի թուրքական գծած սցենարով։ Այսինքն՝ Հայաստանից այլևս իմիտացիոն քայլեր, որոնք միտված են ժամանակ ձգելուն, Թուրքիան չի ակնկալում և բավական կոշտ էլ կարձագանքի: Հաջորդ արձագանքն ավելի կոշտ կլինի, եթե Հայաստանի իշխանությունները փորձեն իմիտացիոն քայլերով ձգել պրոցեսը, որովհետև Թուրքիային ձեռնտու չէ ձգձգվող գործընթաց, Թուրքիային ձեռնտու է կոնկրետ արդյունք, այսինքն՝ իրենց կոնկրետ նախապայմանների իրականացում»:

Իսկ հայ-թուրքական սահմանի բացում, ըստ նրա, կլինի միայն Արցախն Ադրբեջանի տարածքում ճանաչելուց հետո:

«Հայ-թուրքական սահմանի բացում և ուղիղ շփումներ կլինեն միայն հայ-ադրբեջանական ուղիղ խնդիրների կարևոր մասն ադրբեջանանպաստ ձևով լուծելուց հետո: Մինչ այդ, ուղիղ հայ-թուրքական քայլեր, որոնք նաև Հայաստանին կարող են շոշափելի օգուտ կամ ապացույց լինել, որ գործընթացը, իրոք, գնում է առաջ ու արդյունք է տալիս, չի լինելու, մինչև ադրբեջանանպաստ քայլերի Հայաստանին չպարտադրեն: Մենք տեսնում ենք ՀՀ իշխանությունների հռետորաբանությունը, ելույթները, որ իրենք էլ պատրաստում են հասարակությանը այդ քայլերին: ԱԽՔ-ի համարձակ հայտարարությունը՝ սեպտեմբերին այլևս զորակոչ չանելու, Փաշինյանի հայտարարությունը՝ Բերձորն Ադրբեջանին հանձնելու մասին… դրանք բոլորը պատրաստում են հասարակությանը՝ անցնում թուրքանպաստ, ադրբեջանանպաստ քայլերն անելու համար: Իսկ հասարակության մեծ մասը գոնե անտարբեր է և շարունակում է, պայմանական ասած, «գինու փառատոնի» ռեժիմի մեջ ապրել»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ օրերս Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն հերթական անգամ անդրադարձել էր հայ-թուրքական գործընթացին: Թուրքական TRT Haber հեռուստաընկերության եթերում հարցազրույցի ժամանակ Թուրքիայի ԱԳՆ Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ հայ-թուրքական կարգավորման գործընթացն իրականում եռակողմ գործընթաց է, դրա մեջ է նաև Ադրբեջանը։ Նա կարծիք հայտնեց, որ Հայաստանը պետք է ցույց տա, որ տարածաշրջանում խաղաղություն է ուզում, ու պետք է հստակ քայլեր անի այդ ուղղությամբ։ «Ասելը հերիք չէ։ Հայաստանը պետք է որոշ հստակ քայլեր անի, այդ թվում՝ Զանգեզուրի նախագծի, համապարփակ խաղաղության պայմանագրի վերաբերյալ։ Մենք անկեղծ ենք, ուզում ենք տեսնել, թե Հայաստանը որքանով է անկեղծ»,- հայտարարել է Չավուշօղլուն։

Նա նաև ասել է, որ Հայաստանից կոնկրետ քայլեր է ակնկալում:

«Մինչև այս պահն ուղերձներ ու հայտարարություններ կան, ճիշտ է, ճնշում էլ կա. դրսից՝ Սփյուռքը, ներսից՝ ֆանատիկ խմբերը: Սակայն ինչ վերաբերում է կոնկրետ քայլերին, Հայաստանի կողմից այդ կոնկրետ քայլերը դեռևս չենք տեսել՝ ներառյալ Զանգեզուրի նախագիծը, մյուս նախագծերի կամ համապարփակ խաղաղության պայմանագրի հարցում: Այսինքն՝ արդեն Փաշինյանի գլխավորած Հայաստանի իշխանությունն այս հարցերում խաղաղության համար դրական քայլեր պետք է անի, խոսքերը բավարար չեն»,- ասել է Թուրքիայի ԱԳ նախարարը:

Տեսանյութեր

Լրահոս