Ռուբեն Կարանզան կրկին Հայաստանում է

Հուլիսի 22-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է «Անցումային արդարադատության միջազգային կենտրոն»-ի (ICTJ) ավագ փորձագետ Ռուբեն Կարանզային։

ՀՀ ՄԻՊ գրասենյակից հայտնում են, որ հանդիպման սկզբում Ռուբեն Կարանզան շնորհավորել է Մարդու իրավունքների պաշտպանին ընտրվելու կապակցությամբ և ներկայացրել Հայաստան այցի իր նպատակը։

Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանի Հանրապետությունում դատական և իրավական բարեփոխումների իրականացման ընթացքին, այդ թվում նաև դատական և իրավական բարեփոխումների 2019-2023թթ․ ռազմավարությամբ և դրանից բխող ԳԾ-ի շրջանակներում նախատեսված Փաստահավաք հանձնաժողովի կազմավորմանը և կենսագործմանը վերաբերող հարցերի շուրջ։

Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվել են շարունակել փոխգործակցությունը մարդու իրավունքների զանգվածային և պարբերական խախտումների դեպքերի և դրանց պատճառների ուսումնասիրմանն ուղղված ձևաչափերին առնչվող հարցերում։

Կարդացեք նաև

Հիշեցնենք, որ Ռուբեն Կարանզան  2019թ․ մայիսին ևս այցելել էր Հայաստանը և մայիսի 24–ին ԱԺ-ում կազմակերպված «Անցումային արդարադատության գործիքների կիրառման հեռանկարները Հայաստանում» խորագրով լսումների ժամանակ առանձին զեկույցով է հանդես եկել։

168․am-ի հետ զրույցում՝ պատասխանելով հարցին, թե եղե՞լ է իրավիճակ, երբ Անցումային արդարադատության միջազգային կենտրոնը խորհուրդ է տվել զերծ մնալ անցումային արդարադատությունից, չկիրառել այն, նա պատասխանել էր.

«Ներկայումս դա ավելի շատ վերաբերում է մեր տեղեկատվություն տրամադրելու հարցին՝ համեմատական օրինակներ տրամադրել, ցույց տալ այլ երկրների օրինակներ, մատնացույց անել խնդիրներ, որոնք հնարավոր են լուծել։ Հատուկ կերպով չենք քննարկել, քանի որ չկա օրենսդրություն, որը կոնկրետ կլիներ։ Առանձին խնդիրներ ենք քննարկել, առավելապես ակտիվների վերականգնում, որը մեծամասամբ տեխնիկական հարց է։ Դեռևս՝ այսքանը»:

Հարցին, թե Կենտրոնը պաշտպանո՞ւմ է անցումային արդարադատության կիրառումը ցանկացած հաջորդ իշխանափոխությունից հետո, օրինակ՝ Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարումից հետո Հայաստանում բարձրանալո՞ւ է անցումային արդարադատության հարցը, թե՞ ոչ, նա այսպես էր պատասխանել. «Ես չգիտեմ, որովհետև անցումային արդարադատությունը հաճախ կիրառվում է, երբ կան մարդու իրավունքների լայնածավալ խախտումներ, մեծածավալ կոռուպցիա: Նիկոլ Փաշինյանը վարչապետ է ընդամենը մի քանի ամիս, ուստի դա ավտոմատ չէ»։

Նաև հետաքրքրվել էինք՝ արդյոք նա ունի՞ Հայաստանի համար անցումային արդարադատության կոնկրետ տարբերակ: Ի պատասխան՝ Կարենցան ասել էր. «Ինչպես ասացի, մենք դեռևս տեղեկատվություն ենք տրամադրում, համեմատական օրինակներ, այլ երկրների դասերը։ Մենք դեռ պատրաստ չենք ավելի մանրամասն տարբերակներ տրամադրել, թե ո՞ր օրենքն է լավ կամ վատ այս դեպքում»:

Տեսանյութեր

Լրահոս