«Ակնհայտ է՝ Արցախը ՀՀ իշխանության համար ընդամենն առևտրի առարկա է՝ ի շահ սեփական անձի ու «խաղաղության» օրակարգի». Մետաքսե Հակոբյան

ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը երեկ «Արմենպրես»-ին տված հարցազրույցում ասել էր, որ սեպտեմբերից Հայաստանից զորակոչված ժամկետային զինծառայողներ չեն լինի Արցախում, Լեռնային Ղարաբաղում զորակոչիկները կշարունակեն զորակոչվել պաշտպանության բանակում ծառայելու:

Արցախի Հանրապետության ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանի խոսքով՝ ԱԽ քարտուղարի այս հայտարարությունն իրենց համար բոլորովին անսպասելի չէր։

«Մեզ բոլորովին չի զարմացրել այդ հայտարարությունը, իհարկե, մենք դադարել ենք Արմեն Գրիգորյանին համարել ծնունդով արցախցի։ Ցավալի է, երբ մարդն Արցախում է ծնվել և այդ աստիճանի ատելություն ունի, արցախցիներիս մոտ նա դավաճանների ցանկում առաջին հնգյակում է։

2020 թվականի նոյեմբերի 9-ին Հայաստանի վարչապետը ստորագրելով եռակողմ փաստաթղթի տակ՝ փաստացի հրաժարվեցին Արցախից և ըստ էության փակեցին Արցախի թեման։ Պատերազմից հետո, թերևս, տարօրինակ էր, թե ինչո՞ւ են իրենք շոշափում Արցախի թեման, ակնհայտ է, որ Արցախն այսօր նրանց համար ընդամենը առևտրի առարկա է՝ ի շահ սեփական անձի ու «խաղաղության» օրակարգի, որը ենթադրում է ստրկություն հայ ժողովրդի համար։ Թեպետ Նիկոլ Փաշինյանն արդեն բացահայտ հայտարարեց, որ խաղաղություն էլ չի երաշխավորում, այսինքն՝ հնարավոր է պատերազմ։ Այս անձինք հանրային դաշտում ուղղակի տպավորություն են ուզում ստեղծել, որ իրենք ինչ-որ գործընթացների մեջ են»,- 168.am հետ զրույցում ասաց Մետաքսե Հակոբյանը։

Կարդացեք նաև

Շարունակելով թեման, մեր զուցակիցը նկատեց՝ Արմեն Գրիգորյանի այդ հայտարարությունն ասված չէր ներքին լսարանի համար, դրանք ուղղված էին արտաքին լսարանին, մասնավորապես՝ Ադրբեջանին ու Թուրքիային, դրանով իրենց գործընկերներին ցույց տալով, թե ամեն բան նորմալ և վերահսկելի է։

«Փաստորեն, այս հայտարարությամբ ԱԽ քարտուղարը նաև ցույց տվեց, որ Հայաստանի իշխանություններն Արցախի հետ որևէ կապ ու շփում չունեն, թերևս, այս հարցում նա ազնիվ է, որովհետև Հայաստանի ու Արցախի իշխանությունների միջև կապ չկա, բացառությամբ այն «շոուների», որոնք հումանիտար աջակցության շրջանակներում են։ Իսկ Հայաստանի ու Արցախի խորհրդարանները որևէ շփում չունեն միմյանց հետ, չունեն նաև գերատեսչություններ»,- հավելեց նա։

Ըստ պատգամավորի, բազմիցս են ասել, որ նոյեմբերի 9-ի փաստաթուղթը դատավճիռ չէ, այն չի լուծել Արցախի հակամարտությունը, պարզապես հրադադարի շուրջ կնքված փաստաթուղթ է, որտեղ կողմերը պայմանավորվում են կարգի բերել իրավիճակը։

«Բոլորն էլ գիտեն, որ սա ժամանակավոր խաղաղություն է։ Այդ փաստաթղթով նախատեսված առ այսօր Ադրբեջանը որևէ կետ չի իրականացրել, իսկ ամենակարևորը՝ հայ ռազմագերիների վերադարձը Հայաստան, տեղահանվածների վերադարձն իրենց բնակավայրեր։

Հայաստանի իշխանությունների այն հայտարությունները, թե Արցախի անվտանգության ապահովումը տրված է ռուս խաղաղապահներին, դա միանշանակ չէ, քանի որ մենք այստեղ հասկանում ենք, որ ռուս խաղաղապահները միայնակ չեն կարող այդ աշխատանքն իրականացնել։ Ռուս խաղաղապահների գործառույթները լրիվ այլ են, իսկ բանակինը՝ այլ։ Մեր նման երկրում չունենալ բանակ, նշանակում է՝ կա՛մ չունենալ պետականություն, կա՛մ հանձնվել։ Հայաստանի կողմից Արցախի անվտանգության երաշխավոր լինելու մասին ի՞նչ խոսք կարող է լինել, երբ առ այսօր Հայաստանից որևէ պաշտոնյա Արցախ չի այցելել»,- եզրափակեց Մետաքսե Հակոբյանը։

Տեսանյութեր

Լրահոս