Նոր Քրեական և Քրդատ օրենսգրքերը միաժամանակ գործողության մեջ դնելու «խերը». քննիչ դատարանի փուլի շեմին. ի՞նչ անել

2022թ. հուլիսի մեկից ուժի մեջ մտած նոր Քրեական և Քրեական դատավարության օրենսգրքերը, ինչպես և սպասվում էր, իրավակիրառ տեսանկյունից բազմաթիվ խնդիրներ են ստեղծել: Մասնավորապես, հին քրեական գործերը, որոնք ներկայումս գտնվում են դատաքննության փուլում, քննվում են մինչ հուլիսի 1-ը գործող Քրդատ օրենսգրքով, ինչի հետևանքով մի հետաքրքիր խնդիր է ի հայտ գալիս:

Դատարանում գտնվող գործերը վերաշարադրելու, վերաձևակերպելու, քրեական հոդվածը փոխելու կառուցակարգ ըստ էության քրեական դատավարության կանոններում չկա: Ստացվում է, որ գործը պայմանական X հոդվածով դատարանում քննվում է, որի շրջանակներում, օրինակ, կարող է մեղադրանք առաջադրվել մի հոդվածով, որը չկա:

Հիմա տվյալ գործով դատավարության կողմերը դատարանում ինչպե՞ս պիտի հասկանան՝ ի՞նչ գործ է քննվում, ո՞ր հոդվածով, ինչո՞ւ… Դատավորը հոդված փոխել չի կարող, դատախազը՝ նույնպես, որովհետև դատախազի լիազորությունները կարգավորող օրենքում նման բան նախատեսված չէ:

Սա ենթադրում է, որ չգործող քրեական հոդվածով դատաքննության փուլում գտնվող բոլոր մեղադրյալների նկատմամբ եղած քրեական վարույթները պետք է կարճվեն, և սա է իրավական պետության տրամաբանությունը: Բոլոր քրեական գործերը պետք է կարճվեն, որովհետև եթե այն հոդվածը, որով գործը վարույթ է ընդունվել, արդեն իսկ գոյություն չունի, նրա նման մեկ այլ հոդված կա նոր Քրեական օրենսգրքով, բայց ուրիշ համարով, դա որևէ նշանակություն չունի. Քանի դեռ ֆորմալ մեղադրանքը նոր օրենսգրքի նոր հոդվածով առաջադրված չէ, որևէ դատավոր չի կարող այդ գործը շարունակել: Դա պարզապես անհնար է իրավունքի և իրավաբանության տեսանկյունից:

Այլ հարց է, եթե գործը գտնվում է մինչդատական վարույթի փուլում: Այստեղ խնդիր չի կարող առաջանալ: Քննիչը նոր մեղադրանք է առաջադրում, գործի վարույթը շարունակվում է նոր հոդվածի շրջանակներում, ինչպես, օրինակ, Ավետիք Չալաբյանի դեպքում: Վերջինիս վերաբերյալ քննվող քրեական վարույթը հիմա, բնականաբար, կշարունակվի, քանի որ ճիշտ է, ակնհայտ քաղաքական մոտիվներով ու ընթացակարգային բազմաթիվ խախտումներով, բայց նրան առաջադրված մեղադրանքը, որը նոր Օրենսգրքում չկա, մինչդատական վարույթի փուլում է լրացվել մեկ այլ հոդվածում:

Բայց օրինակ, նույն ԲԴԽ նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանի, ՍԴ նախկին նախագահ Հրայր Թովմասյանի, ՀՀ երկրորդ և երրորդ նախագահներ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի գործերով՝ այս խնդիրը ծառացած է:

Պետք է հասկանալ, որ այս պարագայում հարցին պետք է նայել ոչ թե նյութական իրավունքի տեսանկյունից, որ եթե նոր Օրենսգրքում նմանատիպ հոդվածը կա, ապա օրենքի գործողության հետադարձ ուժի խնդիր չի առաջանում, որովհետև վատթարացնող նորմ չի կիրառվում:

Ըստ էության այստեղ նաև այլ հարց է առաջ գալիս. Որպեսզի դատավարության կողմ մեղադրյալն ու նրա ներկայացուցիչը հասկանան՝ կա՞ն վերը նշված խնդիրները, թե՞ ոչ, իրենք պետք է նախ լուծում ունենան: Կողմը պարտավոր չէ գուշակել, որ նախկին 211 հոդվածը, օրինակ, հիմա 427 է, այլ ոչ մեկ այլ բան: Սա լրջագույն խնդիր է:

Այստեղ լուծումը միակն է՝ նախկին օրենսգրքով հարուցված մեղադրանքը, եթե նորում չկա, քրեական վարույթը պետք է կարճվի նախկին Քրդատ օրենսգրքի 35-րդ հոդվածով, օրենքն ապաքրեականացնելու հիմքով, և վերջ:

Դատավարական տեսակետից դրա օրինակը կա՝ Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ 300.1 հոդվածը, որը Սահմանադրական դատարանը ճանաչեց հակասահմանադրական: Նույն պահից հոդվածն ուժը կորցրեց, այսինքն՝ դադարեց գոյություն ունենալուց: Դա նույնն է, որ Ազգային ժողովը ճանաչեր այդ հոդվածը ուժը կորցրած, այսինքն՝ չկա ոչ մի տարբերություն, թե Քրեական օրենսգրքում հոդվածն ինչ եղանակով է ճանաչվում ուժը կորցրած՝ ԱԺ-ի միջոցո՞վ, թե՞, ասենք, ՍԴ-ի որոշմամբ:

Ռոբերտ Քոչարյանի գործով դատավոր Աննա Դանիբեկյանն արեց այն, ինչ պետք է աներ յուրաքանչյուր դատավոր՝ գործը կարճեց: Նույնը պետք է արվի նաև հիմա, որովհետև կրկնում ենք, չկա որևէ տարբերություն իրողությունների միջև:

Երբ Քրեական դատավարության նոր օրենսգրքի հեղինակները գրում էին օրենսգիրքը, նրանք, բնականաբար, չէին նախատեսել, որ այդ փուլում այս հարցով անցումային դրույթների հարց պետք է բարձրացվեր: Դա պետք է արվեր հիմա, օրենսգիրքն ընդունելու փուլում:

Այս խնդիրը չէր առաջանա, եթե Քրեական և Քրեական դատավարության օրենսգրքերը ոչ թե միաժամանակ դրվեին գործողության մեջ, այլ փուլ առ փուլ՝ ժամանակի ընթացքում հասկանալով իրավակիրառ խնդիրներն ու դրանց լուծումները: Հիմա ունենք մի իրավիճակ, երբ դատավարության բոլոր կողմերի համար նոր Քրդատ օրենսգիրքը, իր բովանդակությամբ ու մոտեցումներով լինելով բավականին առաջադիմական, սթրեսահարույց է:

Եվ եթե այդ օրենքները միաժամանակ ուժի մեջ մտցնելու ջատագով իշխանական իրավաբանները մի օր գոնե պրակտիկ իրավաբանությամբ զբաղվեին, վստահաբար մի անգամ լավ կմտածեին դա իրականություն դարձնելուց առաջ:

Տեսանյութեր

Լրահոս