Բաժիններ՝

«Պատկան մարմինները բնակիչներին ասացին՝ ջուր չկա, հետևաբար՝ իրենց վրա հույս չդնեն՝ մարդիկ գնացին տուն, պատրաստվում են 1-2 օրից կրկին ճանապարհ փակել». Գետքի գյուղապետ

Այսօր Շիրակի մարզի Ղարիբջանյան և Գետք բնակավայրերի բնակիչները փակել էին Գյումրի-Արմավիր ճանապարհը՝ պատկան մարմիններից պահանջում էին լուծել ոռոգման ջրի խնդիրը, քանի որ չեն կարողանում ոռոգել իրենց հողատարածքները։

Ճանապարհը փակելուց հետո բնակիչները հանդիպել էին Շիրակի մարզպետարանի, «Շիրակ» ՋՕԸ և Ախուրյան խոշորացված համայնքի պատասխանատուների հետ, որոնք բնակիչներին որևէ հուսադրող բան չէին ասել։

168.am-ի հետ զրույցում Գետքի գյուղապետ Հովիկ Մխիթարյանն ասաց՝ բնակիչների բողոքը դրական արդյունք չի տվել՝ խնդիրը շարունակում է չլուծված մնալ։

«100 հոգով հավաքվեցին, խոսեցին ու այդպես էլ հարցին լուծում չգտան։ Սա միայն ՋՕ-ի խնդիրը չէ, մերը չվերահսկվող ջուրն է՝ Ղարաղու կոչվածը, որն այսօր ցամաքել է։ Ոռոգվող տարածքները շատացել են, պահանջը շատացել է, և ջուրը չի բավականացնում»:

Ոռոգման հարցը բնակիչները չեն կարողանում լուծել, մարդ կա, որ մինչև 1 մլն դրամ է ներդրել 2 հազար քմ կարտոֆիլ է ցանել կամ կաղամբ։ Այսօրվա դրությամբ նա չի կարողանում դրանք ջրել, որպեսզի աշնանը հավաքի, վաճառի, իր վարկը փակի, ստիպված մնալու է վարկի տակ։ Ոչ միայն ոռոգման ջուր չկա, մեզ մոտ ընդհանուր առմամբ երաշտ է, ցորենի, գարու բերքը բավականին ցածր է, մարդիկ հույս ունեին՝ տնամերձ հողատարածքները կոռոգեն և ձմռանը սոված չեն նստի, բայց հիմա այդ վտանգի առջև կանգնած են։ Այսինքն՝ գյուղացիները պետք է գնան ձմռանը կարտոֆիլ ու կաղամբ առնեն, որպեսզի ապրեն»,- նշեց Հովիկ Մխիթարյանը։

Գյուղապետի խոսքով՝ նախորդ տարի ևս բնակիչները 5-6 օր կանգնած են եղել ոռոգման ջուր չունենալու խնդրի առջև, սակայն նման դեպք վերջին տարիների ընթացքում չէր եղել։

«Պատկան մարմինները բնակիչներին ասացին՝ ջուր չկա, տարբերակ չկա, նշելով, որ ոռոգումը կատարվում է չվերահսկվող ջրով, հետևաբար՝ իրենց վրա հույս չդնեն։ Դե, մարդիկ այսօր գնացին տուն, պատրաստվում են 1-2 օրից կրկին ճանապարհ փակել»,- եզրափակեց Գետքի ղեկավարը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս