ՀՀ կառավարությունը կաջակցի Իրաքյան Քուրդիստանում դժվար կացության մեջ հայտնված հայերին, եզդիներին, քրդերին ասորիներին

ՀՀ կառավարությունը աջակցություն կտրամադրի ճգնաժամով պայմանավորված Իրաքյան Քուրդիստանի տարբեր բնակավայրեր տեղափոխված հայերին, ճամբարներում բնակվող եզդի փախստականներին, ներքին տեղահանության ենթարկված քրդերին և ասորիներին: Նախագիծը ներառված էր կառավարության նիստի չզեկուցվող հարցերի օրակարգում:

Հիմնավորման մեջ նշվում է, որ ճգնաժամային իրավիճակների պատճառով Իրաքի կենտրոնական և հարավային շրջաններից, ինչպես նաև Սիրիայից Իրաքյան Քուրդիստանի տարբեր բնակավայրեր տեղափոխված հայերի շրջանում կան կենցաղային ծանր պայմաններում հայտնված հայեր, որոնք մարդասիրական աջակցության կարիք ունեն։ Նման հայ ընտանիքների թիվը, ըստ Իրաքյան Քուրդիստանի հայ համայնքային կառույցների տրամադրած տվյալների, շուրջ 250 է։

Տեղական իշխանությունները, Իրաքի Հայոց Առաջնորդարանը, ինչպես նաև միջազգային մարդասիրական կազմակերպությունները նրանց պարբերաբար մարդասիրական օգնություն են տրամադրում, որը, սակայն, բավարար չէ նրանց բնականոն կենցաղն ապահովելու համար։ Մշտապես առկա է սննդի, դեղորայքի, տաք հագուստի և այլ առաջին անհրաժեշտության պարագաների կարիք։

Հայերից զատ՝ ծանր կենցաղային պայմաններում են հայտնվել նաև Իրաքյան Քուրդիստանի ճամբարներում բնակվող եզդի փախստականները, ներքին տեղահանության ենթարկված քրդերը և ասորիները։

Նախագծով աջարկվում է Էրբիլում ՀՀ գլխավոր հյուպատոսությանը հատկացնել 80 հազար ԱՄՆ դոլար։ Հաշվետվողականության և թափանցիկության ապահովման նպատակով Գլխավոր հյուպատոսությունը կձևավորի հանձնախումբ՝ օգնության շահառուների ցուցակների հստակեցման, պահանջվող ապրանքների գնման, այնուհետև օգնության բաշխման աշխատանքներն իրականացնելու նպատակով։

Հանձնախմբում կներառվեն հայ համայնքի ղեկավարության անդամներ։ Շուրջ 250 հայ ընտանիքների, այսինքն՝ մոտ 1000 հոգու, կտրամադրվեն առաջին անհրաժեշտության սպառման ապրանքներ՝ սննդամթերք, անձնական հիգիենայի պարագաներ, դեղորայք և այլն, յուրաքանչյուր անձին շուրջ 100 ԱՄՆ դոլարի հաշվարկով։ Ինչ վերաբերում է ընդհանուր գումարի մնացորդին, որը կկազմի մոտ 30000 ԱՄՆ դոլար, ապա այն կհատկացվի տարբեր ճամբարներում բնակվող եզդի և այլ փոքրամասնությունների փախստականների համար տաքացուցիչներ և բլանկետներ ձեռք բերելու համար՝ տեղական իշխանությունների և ՀԱԿ-երի հետ համագործակցաբար։

Տեսանյութեր

Լրահոս