Սոնա Մնացականյանի անունով ՏՏ կենտրոն կբացվի
Գյումրիում մեկնարկել է Tech Week Gyumri 2022 միջոցառումների շարքը, որը մեկ վայրում կենտրոնացնում է ՏՀՏ ընկերությունների ջանքերը՝ համայնքային զարգացման խթանման ուղղությամբ։ Tech Week-ը տեխնոլոգիական միջոցառումների շարք է, որը կմիավորի հայկական խոշոր ՏՏ իրադարձությունները մեկ վայրում։ Կազմակերպիչները նշում են, որ միջոցառման գլխավոր նպատակն է համայնքային համաչափ շարունակական զարգացումը։ «Մարզերում նոր թիմերի ստեղծումը և մարդկանց զինումը գիտելիքով ու հմտություններով կստեղծի նոր հնարավորություններ, ինչպես նաև թույլ կտա բացահայտել մեր ողջ ներուժը»։
Միջոցառման պաշտոնական բացումը տեղի ունեցավ Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում։ Միջոցառման առաջին օրը գրանցվել էին 3000-ից ավելի մասնակիցներ, 60-ից ավելի ընկերություններ և 30-ից ավելի աջակիցներ։
Տեխնոլոգիական շաբաթվա շրջանակներում իրար կհաջորդեն մի շարք ծավալուն միջոցառումներ, մասնագիտական կոնֆերանսներ, ggRace, որի ողջ հասույթը կուղղվի համայնքային զարգացմանը նպաստող նախագծերի, Koriz գաղափարների մրցույթ, որի հաղթողները կստանան դրամաշնորհներ, Armenia Software Testing Cup և այլ միջոցառումներ:
Միջոցառման հիմնական ուղղություններն են․
– Տեխնոլոգիաներ, բիզնես և մարքետինգ
– UI և UX դիզայն, բրենդինգ
– Ստարտափեր և մոտիվացիա
– Ծրագրավորում, QA, բլոկչեյն և տվյալների ճարտարագիտություն
– Արհեստական բանականություն։
Տեխնոլոգիական շաբաթվա ընթացքում կանցկացվի նաև «Կորիզ» գաղափարների մրցույթը։ «Կորիզ» մրցույթի նպատակն է համախմբել և կյանքի կոչել գաղափարներ՝ ուղղված Շիրակի զարգացմանը։ Մրցույթի ընթացքում կներկայացվեն գաղափարներ, որոնք կարող են նպաստել տարածաշրջանի զարգացմանը։ Գաղափարները կարող են լինել տարբեր ոլորտներից, ինչպիսիք են՝ տեխնոլոգիական արտադրանքներ, ագրոբիզնես, տուրիզմ և այլն։
Առաջիկա օրերին կանցկացվի նաև ggRace-ը, որը համախմբող-բարեգործական մրցարշավ է (crowdfunding), որի ընթացքում անկախ մասնագիտությունից՝ մարդիկ կարող են դառնալ gg վարորդ-գործընկեր և անձնական մեքենայով կատարել պատվերներ։
Միջոցառման ընթացքում պատվերներից ստացված ողջ հասույթը կուղղվի համայնքային զարգացմանը նպաստող բարի ու շենացնող նախագծերի:
CyberHUB հաքաթոնի ընթացքում կստեղծվի տվյալների արտահոսքերի մշտադիտարկման հայաստանյան հարթակ: Այն թույլ կտա Հայաստանում բնակվող ցանկացած մարդու ստուգել՝ արդյո՞ք իր անձնական տվյալներն արտահոսել են, ինչպես նաև ճշտել, թե կոնկրետ ինչ տվյալներ են հայտնվել արտահոսքում։ Հաքաթոնին կմասնակցեն Python, JS, Web ծրագրավորողներ, դիզայներներ, տվյալների բազայի ադմինիստրատորներ, OSINT մասնագետներ և սրտացավ այլ քաղաքացիներ։
Instigate mobile-ի ֆինանսական տնօրեն և բիզնես գործառնությունների ղեկավար Սպարտակ Կյուրեղյանը միջոցառման բացմանը հիշեց ամիսներ առաջ ավտովթարից մահացած Սոնա Մնացականյանին, ով նախորդ տարի Արցախի տեխնոլոգիական շաբաթվա ակտիվ մասնակիցներից էր և ուներ շատ գաղափարներ հայկական ՏՏ ոլորտը զարգացնելու համար։
«Սոնան շատ երազանքներ և նախագծեր ուներ, որոնց մի մասին հանրությունը տեղյակ էր, իսկ մյուս մասի մասին, ցավոք, տեղյակ չէր։ Նրա վերջին նախագծերից մեկն այն էր, որ Արցախում բացում էր տեխնոդպրոց՝ իր կողմից մշակված ծրագրով։ Տեխնոդպրոցի ծրագիրը շարունակվում է, և մենք պարտավոր ենք անել այնպես, որ այդ գործն իրականանա։ Այդ առիթով մենք նախաձեռնել ենք դրամահավաք, որպեսզի իրականացնենք այն երազանքները և նպատակները, որ Սոնան ուներ»։
Տեխնոլոգիական շաբաթվա շրջանակներում «Սատարենք մեր հերոսներին» բարեգործական հասարակական կազմակերպության հետ համատեղ նախաձեռնվել է «Թևեր» դրամահավաքը՝ կյանքի կոչելու Սոնա Մնացականյանի կիսատ թողնված երազանքը։
«Թևեր»-ը Սոնայի կողմից մշակված ծրագիր է, որի գաղափարն է գյուղական համայնքներում միասնական ՏՏ կենտրոններ ստեղծելը։ «Թևեր»-ի անդրանիկ կենտրոնը, որը բացվելու է Արցախի Ասկերանի շրջանի Նախիջևանիկ գյուղում, անվանակոչվելու է ի հիշատակ Սոնա Մնացականյանի։ Կենտրոնի ծրագրի կայացման համար անհրաժեշտ է ընդհանուր 107,000 դոլարին համարժեք ՀՀ դրամ, որի մի մասն արդեն տարբեր հանգանակությունների շնորհիվ հավաքվել է։
Tech Week Gyumri 2022-ի շրջանակներում կազմակերպվում է դրամահավաք, որի շրջանակներում նախատեսվում է հավաքել 25.000 դոլար:
Միջոցառմանը ներկա էր նաև Սոնա Մնացականյանի ամուսինը։
Սիրարփի Աղաբաբյան