«Չեմ ուզում, որ երեխեքս ամեն անգամ թուրքի դրոշը մեր հողի մեջ տնկած տեսնեն». Քաշաթաղից տեղահանված բազմազավակ ընտանիքը փորձում է կյանքը սկսել նոր էջից
«Պատերազմից առաջ ապրում էինք Քաշաթաղի շրջանի Հերիկ գյուղում: Երկու տուն ունեինք, հողամաս, փառք Աստծո, մշակում էինք, ապրում էինք, չէինք դժգոհում: Պատերազմը որ սկսվեց, հոկտեմբերի 10-ին մենք դուրս եկանք գյուղից, ամուսինս մեզ ուղարկեց Հայաստան՝ Հրազդանի իր ծանոթի տուն, ինքը մնաց գյուղում, որ տիրություն անի անասուններին: Հետո կամավորագրվեց, որ գնա կռիվ, բայց չտարան, թաքուն վեր կացավ ու ոտքով գնաց Աղդամ: Եղբայրը կապիտան էր Ասկերանի պոլկում, Աղդամում պոստ էին պահում, գնաց եղբոր մոտ»,- պատերազմից առաջ անհոգ կյանքը, պատերազմի արհավիրքն ու պատերազմից հետո հանդիպած դժվարություններն է հիշում 30-ամյա Արևիկ Գրիգորյանը:
30-ամյա կինը երիտասարդ տարիքում արդեն բազմազավակ մայր է, ունի 8 երեխա, մի քանի ամսից լույս աշխարհ կգա նաև 9-րդը: Ամուսինը 34 տարեկան է: Մեծ որդին՝ Գոռը, 12 տարեկան է, փոքր աղջիկը՝ Սվետլանան՝ 2, հետո՝ Գոհարը, Գարիկը, Էռնեստը, Անժելան, Սոկրատը, Ռոբերտը: Երեխաների անունները որոշել է ամուսինը, միայն 7-րդ զավակի անունն է Արևիկի որոշումը: 7-րդ զավակի անունը քառօրյա պատերազմի հերոս Ռոբերտ Աբաջյանի պատվին է դրել:
«Քաշաթաղի Հերիկ գյուղի նորակառույց դպրոցը Ռոբերտ Աբաջյանի անունով էր: Ես այնտեղ տնտեսվար էի աշխատում: Ամեն անգամ դպրոց մտնելիս նայում էի միջանցքի պատին կախված նկարին: Ռոբերտի հայացքը ինձ միշտ ասում էր՝ ես կամ, ինձ չմոռանաք: Ու որոշեցի, որ տղայիս անունը Ռոբերտ եմ դնելու: Ես գիտեի, որ տղա եմ ունենալու, չնայած մի քանի անգամ հետազոտությունն ասել էր՝ աղջիկ է: Երեխայի գումարը ստացա ու գնացի, տղայի շորեր գնեցի, ամուսինս բարկացավ, ասեց՝ քեզ աղջիկ են ասել, դու տղայի շորեր ես գնել: Ասացի՝ ես տղա եմ ունենալու: Ռոբերտս շուտով 4 տարեկան կդառնա: Մինչև հիմա կապ ունենք Ռոբերտ Աբաջյանի ընտանիքի՝ պապիկի, տատիկի հետ: Ծանոթացել ենք 2018-ին, Շուշիում, երբ Ղազանչեցոցում քառօրյա պատերազմից հետո ծնված երեխաներին մկրտեցին: Ռոբերտիս կնքահայրը պիտի լիներ Ռոբերտ Աբաջյանի եղբայրը՝ Ռուբենը, բայց պարզվեց՝ նա ինքը մկրտված չէ, և կնքահայր դարձավ Վարդանը՝ Արշավիր Ղարամյանի որդին:
Ես երեխաներիս՝ հատկապես տղաներիս, անընդհատ ասում եմ, որ պետք է ծառայեն բանակում: Զինվորական ծառայության երկու տարին պետք է որ հասկանան, թե ինչ է հայրենիքը: Ես գրում եմ հայրենասիրական բանաստեղծություններ քառօրյա ու 44-օրյա պատերազմում զոհված մեր տղաների ու հերոսների մասին, տղաներս արտասանում են: Շրջապատում ինձ մեղադրում են, ասում են՝ պետք չի էդքան ծանրաբեռնել երեխաներին հայրենիքի թեմաներով, հիմա դարն ուրիշ է, բայց ես չեմ լսում: Իմ Ռոբերտը շատ փոքրուց զինվորական համազգեստ է կրում, որի վրա Հայաստանի ու Արցախի դրոշներն են: Երեխաները մանկությունից պիտի սիրեն հայրենիքը:
Երբ իմացա, որ սպասում եմ 9-րդ երեխայիս, սկսեցի կասկածել՝ ունենա՞լ, թե՞ ոչ, բայց ամուսինս ասաց, որ, եթե Աստված տվել է, ուրեմն կունենանք, մենք երեխայի կյանքն ընդհատող չենք: Օգնող չունենք: Ինձ համար ամուսինս է, ամուսնուս համար՝ ես: Բայց ամեն երեխա իր հաջողությունն ունի»,- ոգևորությամբ պատմում է Արևիկը:
«Քաշաթաղի շրջանի Հերիկ գյուղի Մոշավան համայնքում էինք ապրում: Որպես բազմազավակ ընտանիք՝ մեզ մեծ օգնություն է ցույց տվել պարոն Մելիքյանը (ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի Իրանագիտության ամբիոնի պրոֆեսոր Գուրգեն Վրեժի Մելիքյանը։- Ա.Դ.): Մեզ գումարով է օգնել, որ կարողանանք անասուն գնենք, հագուստ: Նրա միջոցով մեզ շատ են օգնել: Մինչև հիմա ընտանիքս Քաշաթաղում է գրանցված: Հիմա մեր գյուղը թշնամու վերահսկողության տակ է:
Երբ պատերազմն ավարտվեց, ու իմացանք, որ Քաշաթաղը հանձնում են, ամուսինս մի երկու օր շուտ եկավ գյուղ, որ դուրս բերի տան գույքը: Եկել, տեսել էր՝ գույքն արդեն չկա, թալանել էին: Քոռուփոշման եկավ Հայաստան, իր ծանոթի տնից գնացինք, մի քանի ամիս վարձով ապրեցինք: 2021-ի հունիսի սկզբին դիմեցի Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին, խնդրեցի մեզ տուն տալ, որ Արցախ վերադառնանք: Պետությունից ստացած ամբողջ աջակցությունը ծախսվում էր տան վարձի ու կոմունալների վրա: Հետն էլ 8 երեխա, որից 5-ը՝ դպրոցական, շատ դժվար էր հասցնելը: Արցախի նախագահի անունից մեզ երկու տուն առաջարկեցին, մեկը՝ Հաթերքում, մյուսը՝ Բադարայում, մերժեցի, չուզեցի էդ գյուղերում ապրել:
Որոշ ժամանակ հետո նորից զանգեցին, առաջարկեցին տեղափոխվել Մարտունու շրջանի Ճարտար գյուղ, առանց երկար մտածելու՝ համաձայնեցի: Ամուսինս եկավ, պատմեցի, ու որոշեցինք, որ Ճարտարում լավ կլինի: Ճարտարն ամուսնուս ծննդավայրն է, հորեղբայրներ ունի այնտեղ, հորեղբոր տղան 44-օրյա պատերազմում զոհվել է, Ճարտարում է թաղված: Ամուսինս ասաց՝ Ճարտարում բարեկամ ունենք, գերեզման ունենք, ուրեմն Ճարտար էլ կգնանք: Եկանք Ճարտար, ունենք սեփական տուն, շատ անհարմարություններ կան, շատ բանի պակաս կա, բայց, փառք Աստծո, կարևորը՝ մերն է, գոհ եմ:
Սուտ կլինի, որ ասեմ՝ Ճարտարում անվտանգ է: Թշնամին 2-3 կմ հեռավորության վրա է, մի բլուր է բաժանում: Թաղամասը, որտեղ հիմա մեր տունն է, ամենամոտն է թշնամու պոստերին: Ամեն ուրբաթ ռուս խաղաղապահները, որ գնում են հերթափոխի, մեր տան մոտով են անցնում, երեխեքս արդեն ճանաչում են նրանց:
Գյուղում ջրի խնդիր կա, ամուսինս մեքենայով բարձրանում է, պոստերի մոտից ջուր է բերում, աղբյուրը հենց ռուսների պոստի մոտ է, մի քանի քայլ էն կողմ էլ թշնամու պոստերն են: Ջրի գնալիս, ամուսինս տղերքիս էլ հետն է տանում: Երեխեքս գալիս, պատմում են, որ աղբյուրից 5-6 քայլ էն կողմ թուրքի դրոշն է խփած: Շատ եմ վախենում, էլ չեմ թողնում, որ գնան էդ աղբյուրից ջուր բերեն: Չեմ ուզում, որ երեխեքս ամեն անգամ թուրքի դրոշը մեր հողի մեջ տնկած տեսնեն ու վախենան, չնայած ասում են՝ չենք վախենում, բայց հիմա մարդ չկա, որ չվախենա: Խրամորթի դեպքերից հետո, Խնուշինակի վրա մի քանի անգամ կրակեցին գիշերը, Խնուշինակը մեզնից մի կես ժամվա հեռավորության վրա է: Ես լսեցի, ամուսնուս ասացի՝ կրակում են, ասաց՝ բան չկա, քնի, բայց չկարողացա քնել: Առավոտյան իմացանք, որ իրոք կրակել են: Էդ վիճակն է, ամեն րոպե կարող են կրակել:
Հիմա էլ ասում են՝ Բերձորն ու Աղավնոն են տվել, ես հստակ բան չգիտեմ, բայց մարդիկ կան, որ ասում են՝ տվել են, բայց մենք դուրս չենք գալու, թշնամին ուզում է՝ թող գա մեզ հետ ապրի, մենք մեր տները չենք լքելու: Ասում են՝ սա մեր հայրենիքն է, մեր գյուղն է, մեր տունն է: Եթե էսքան զոհերից հետո ամեն ինչ պիտի տանք թշնամուն, ուրեմն ինչի՞ էդ տղերքի արյունը թափվեց: Քարագլխում էլ հիմա թշնամին է նստած: Ամուսնուս եղբոր ընտանիքը Երևանում է, անընդհատ զանգում են, ասում են՝ վեր կացեք, եկեք, վտանգավոր է երեխաների համար, բայց ես էդպես չեմ մտածում: Եթե մեր ճակատագիրը էս է, ու պիտի մեռնենք, ուրեմն մեր հողի վրա արժանապատվորեն կմեռնենք: Թշնամու աչքը մենակ Արցախի վրա չի, Հայաստանի վրա էլ աչք ունի, եթե շարունակի պատերազմը, ուրեմն կկռվի նաև Հայաստանի հետ: Չկա Արցախ ու Հայաստան, կա մի տեսակ՝ հայ: Կարող ենք՝ պետք է հայ մնանք, չենք կարող, ուրեմն ինչ ասեմ… լավ չի:
8 երեխու հետ դժվար է, հազիվ ենք հասցնում, նպաստով ենք ապրում, իհարկե, աջակցություն էլ ենք ստացել պետությունից: Բայց նպաստից բացի, ուրիշ եկամուտ չունենք: Որպես տարհանված ընտանիք, երկու անգամ Կարմիր խաչից եմ սնունդ ստացել օգնություն: Քաշաթաղում ամուսինս խոտ էր հնձում, հավաքում, շինարարության վրա էր աշխատում, բայց պատերազմին մասնակցելուց հետո առողջական խնդիրներ ունի: Մարմնի վրա վերքեր են առաջացել, սկզբում մտածեցինք՝ ֆոսֆորային զենքից կլինի, բայց հետո պարզվեց՝ շատ-շատերի մոտ կա փսորիազի խնդիրը: Պարբերաբար, ամեն ամիս հիվանդանոց պիտի պառկի, Երևան են ուղարկում, բայց դրա հնարավորությունը չունենք: Հիմա ամուսինս անգամ հողի հետ չի կարողանում աշխատել, փոշուց մարմնի վրայի վերքերը շատանում են, քիմիական հոտերից, բենզինի հոտից վատ է զգում: Պատերազմից էլ դա մնաց մեզ, բայց դե, կարևորը՝ ողջ հետ է եկել, չենք հուսահատվում, հույս ունենք, որ լավ կլինի: Գնալու տեղ չունենք: Սա է մեր հայրենիքը, մեր տունը»,- եզրափակեց բազմազավակ մայր՝ Արևիկը:
Աննա Դեմիրճյան