Ինչո՞ւ են թաքցնում կենսաթոշակների սպասվող բարձրացման չափը
Երկրորդ տարին անընդմեջ Հայաստանը գտնվում է աննախադեպ բարձր գնաճային միջավայրում։ Համատարած ամեն ինչ թանկացել է՝ սկսած պարենայինից, վերջացրած ոչ պարենային ապրանքներով ու ծառայություններով։
Նախորդ տարվա թանկացումների ֆոնին այս տարի գնաճը նույնիսկ ավելի բարձր է. անցած տարվա մայիսի 5,9 տոկոսի վրա, այս տարվա մայիսին գնաճը կազմել է 9 տոկոս։ Սննդամթերքի ու այլ առաջին անհրաժեշտության ապրանքների դեպքում թանկացումների տեմպը կրկնակի, եռակի, նույնիսկ ավել գերազանցում է արձանագրվող միջին գնաճը։
Չնայած այսպիսի բարձր գնաճային միջավայրին, իշխանություններն այդպես էլ 2 տարում ոչինչ չարեցին հասարակության, հատկապես՝ սոցիալական անապահով հատվածի վրա գնաճի ազդեցությունը մեղմելու համար։ Խոսքը, մասնավորապես, կենսաթոշակառուների մասին է։
Երկու տարի է, այս մարդիկ կրում են գնաճի ծանր հետևանքները։ Փոխարենը՝ ժամանակին քայլեր ձեռնարկելու՝ այդ հետևանքները նրանց վրա թուլացնելու ուղղությամբ, կառավարությունը խոստանում է միայն հաջորդ տարվանից ավելացնել կենսաթոշակները։ Այդ մասին մեծ շուքով հայտարարվեց կառավարության առաջիկա երեք տարիների՝ 2023-2025թթ., միջինժամկետ ծախսերի ծրագրի ներկայացման ժամանակ, բայց այդպես էլ ոչինչ չասվեց ավելացումների չափերի վերաբերյալ։
Հաջորդ տարվանից կենսաթոշակների բարձրացման սպասվող չափերի վերաբերյալ ոչինչ չկա ամրագրված նաև միջինժամկետ ծախսերի ծրագրում։
Պատճառները հասկանալի են. կառավարությունը չի ուզում ժամանակից շուտ հիասթափեցնել մարդկանց։
Խնդիրը բոլորովին էլ ճշգրտումների մեջ չէ, ինչպես ասվեց կառավարություն նիստում։ Ամեն ինչ վաղուց ճշգրտված է։ Պարզապես խոստացվող ավելացումներն այնպիսին չեն, որ դրանց մասին արժե հիմա խոսել։ Թող մարդիկ հույսով սպասեն, որ կենսաթոշակները հաջորդ տարի բարձրանալու են։
Ամբողջ խնդիրը բարձրացումների չափի մեջ է, որը խնամքով թաքցնում են։
Դժվար չէ պատկերացնել, թե հիմա կառավարությունն ու կառավարության ղեկավարը ինչ աղմուկ-աղաղակ էին բարձրացրել, եթե դրանք շոշափելի լինեին։ Շոշափելի չեն, դրա համար էլ չեն շտապում հանրայնացնել։
Սպասվում է, որ բարձրացումը կլինի 10 տոկոսի սահմաններում։ Այնպես, ինչպես նախորդ անգամ։
Եթե նախորդ անգամ դա կազմեց 3 հազար դրամ, այս անգամ կկազմի 4 հազար դրամ, գուցե մի փոքր ավելի։ Խոսքը միջին կենսաթոշակի մասին է։
Հիշեցնենք, որ վերջին անգամ այն բարձրացել է 2020թ. հունվարին։ Բայց այն ժամանակ Հայաստանը չէր գտնվում թանկացումների այնպիսի հորձանուտում, որում գտնվում է անցած և այս տարի։
Սպասվող 10 տոկոսը, իհարկե, իշխանությունները կներկայացնեն մի բան էլ ավելի մեծ բարձրացում, քան միջին գնաճն է, բայց չեն ասի, որ 4 հազար դրամը վերջին 2 տարիների համատարած ու աննախադեպ թանկացումներից հետո որևէ էական խնդիր չի կարող լուծել։ Դա այն գումարը չէ, որը կարող է ինչ-որ կերպ ծածկել գնաճի հետևանքները։ Հատկապես որ, այդ հետևանքները շատ ավելի խորն են, քան հայտարարվող գնաճի միջին ցուցանիշն է։
Իրական գնաճի ազդեցությունն անհամեմատ ավելի մեծ է։ Այն արտահայտվում է լայն սպառման ապրանքների երկնիշ, երբեմն՝ եռանիշ թանկացումների տեսքով։
Ապրանքներն ու ծառայությունները 2 տարում համատարած թանկացել են, իսկ սոցիալական վճարները, չնչին բացառություններով, գրեթե չեն փոխվել։ Կառավարությունը խոստանում է հաջորդ տարի մի քանի հազար դրամով բարձրացնել, բայց դրանով էական սոցիալական խնդիր չի լուծվի։ Նույնիսկ այդ պայմաններում հասարակության խոցելի հատվածը կշարունակի ավելի աղքատ մնալ, քան մինչև թանկացումներն էր։
Այն, ինչ մտադիր է անել կառավարությունը, չի ծածկելու առաջացած հավելյալ ծախսերը, որոնք գոյացել են 2 տարվա թանկացումների արդյունքում։
Նույնը նաև նվազագույն աշխատավարձի պարագայում է լինելու։ Կառավարությունը միջինժամկետ ծախսերի ծրագրում նախատեսել է նաև նվազագույն աշխատավարձերի բարձրացում։
Հիմա նվազագույն աշխատավարձը 68 հազար դրամ է, ակնկալվում է դարձնել 75 հազար դրամ։ Այսինքն՝ բարձրացնել 7 հազարով կամ, նույն է թե, 10 տոկոսով։
Ամիսներ շարունակ Ազգային ժողովի ընդդիմադիր հատվածից կար նախաձեռնություն այսօրվա բարձր գնաճի պայմաններում, մարդկանց հոգսերը մի փոքր թեթևացնելու համար, բարձրացնել նվազագույն աշխատավարձը, բայց իշխանությունները համառորեն թույլ չէին տալիս։ Կառավարությունը մերժում էր ընդդիմության առաջարկություններն ու հետ ուղարկում Ազգային ժողով։ Ազգային ժողովում էլ, բնականաբար, դրանք չէին ընդունվում, որովհետև իշխող մեծամասնությունը դեմ էր քվեարկում։
Հիմա որոշել են իրենք լավամարդ լինեն. պատրաստվում են հանդես գալ այդպիսի նախաձեռնությամբ։ Բայց որ նվազագույն աշխատավարձը բարձրանա ոչ թե այս, ինչպես ընդդիմությունն էր առաջարկում, այլ հաջորդ տարվանից։ Բարձրացումն էլ պիտի լինի ավելի քիչ, քան առաջարկում էր ընդդիմությունը։
Երկու տարվա ընդմիջումից ու այսպիսի գնաճային միջավայրից հետո, թե նվազագույն աշխատավարձի 7 հազար դրամ բարձրացումը որքանո՞վ կթեթևացնի աշխատող մարդու հոգսը, դժվար չէ պատկերացնել։ Դա շատ ավելի քիչ կլինի, քան այն իրական ազդեցությունը, որը մարդիկ կրում են հացի ու հացամթերքների, մսի ու մսամթերքների, բանջարեղենի ու բազմաթիվ այլ ապրանքների գների կտրուկ բարձրացումների հետևանքով։
Այնպես որ, ինչպես կենսաթոշակառուները, նրանք էլ կշարունակեն ավելի վատ ապրել, քան ապրում էին վերջին 2 տարիներին արձանագրվող գնաճից առաջ։
Դրանով գուցե մի փոքր կթուլանա, բայց չի վերանա այն ազդեցությունը, որը մարդիկ կրել են ու կրում են գնաճի հետևանքով։ Իսկ այդպիսի քաղաքացիների քանակը մեր իրականության մեջ շատ մեծ է, հասնում է հարյուր հազարների։
Հիշեցնենք, որ գրանցված աշխատողների գրեթե 20-25 տոկոսը ստանում է նվազագույն աշխատավարձ, որը 2 տարում ոչ մի դրամով չի ավելացել, չնայած արձանագրվող բարձր գնաճին ու համատարած թանկացումներին։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ