Հայաստանի տարածքով անցնող դեռևս գոյություն չունեցող «միջանցքը»՝ «Բաքվի Հռչակագրի» մաս
Ալիևի ցանկացած անդրադարձ Ադրբեջանի համար այդքան ցանկալի, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքին»՝ ուղիղ սպառնալիք է Հայաստանին ու գործող իշխանությանը: Օրեր առաջ Բաքվի IX գլոբալ ֆորումի բացման ժամանակ Ալիևը կրկին հայտարարել է, որ այդ միջանցքի շուտափույթ բացումը տարածաշրջանում «խաղաղության» հիմնարար տարրերից մեկն է: «Եթե մեզ հասանելիություն չտրվի, ապա դժվար կլինի խոսել խաղաղության մասին, և Ադրբեջանի բոլոր ջանքերը՝ ուղղված Հայաստանի հետ նորմալ համակեցություն և բարիդրացիական հարաբերություններ հաստատելուն, կտապալվեն»,- ասել է Ալիևը։
Ալիևը վստահ է, որ իրավունք ունի պահանջել «Զանգեզուրի միջանցքը», քանի որ Հայաստանը ստորագրել է համապատասխան հայտարարությունը։
Հայաստանի տարածքով անցնող գոյություն չունեցող միջանցքի մասին հիշատակություն կա նաև օրեր առաջ Ադրբեջանի, Թուրքիայի և Ղազախստանի արտաքին գործերի և տրանսպորտի նախարարների միջև կնքված «Բաքվի Հռչակագրում»։ Իսկ տարածքը, որտեղով անցնելու է այդ գոյություն չունեցող միջանցքը, կոչվում է «արևելազանգեզուրյան» շրջան:
Ի՞նչ շահագրգռություն ունի այս ամենի առնչությամբ Ղազախստանը, ինչո՞ւ է ստորագրել, ըստ էության, հակահայկական փաստաթուղթ՝ Հայաստանի նման լինելով ՀԱՊԿ-ի ու ԵՏՄ-ի անդամ։
Հայաստանի ինքնիշխան տարածքով միջանցք անցկացնելու իրենց քաղաքական նպատակները Թուրքիան ու Ադրբեջանը քողարկում են տնտեսական հիմնավորումներով՝ փորձելով միջազգային հանրության շրջանում տպավորություն ստեղծել, թե իբր այդ միջանցքն էական նպաստ է բերելու Արևելք-Արևմուտք առևտրաշրջանառությանն ու բեռնափոխադրումներին։ Իրականում, և դրա մասին բազմիցս խոսել են փորձագետները, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքը» քաղաքական նախագիծ է, որը պիտի սպասարկի Թուրքիայի և Ադրբեջանի շահերն ու ծրագրերը։
Թեման մանրամասնում է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը: