Ինչպես և ինչու էր զինդատախազ Ջհանգիրյանը դատավորներ ընտրում. ուզում էին լավ, ստացվեց ինչպես միշտ. Նիկոլը փչացնում է բոլորին ու ամեն ինչ
Հունիսի 23-ին Ռուբեն Վարդազարյանի լիազորությունները՝ որպես Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) նախագահ, դադարեցվեցին էական կարգապահական խախտման հիմքով, թեպետ քվեարկությունն ավելի վաղ էր տեղի ունեցել՝ հենց հունիսի 16-ին՝ ճիշտ այն օրը, երբ առանց Ռուբեն Վարդազարյանի և նրա ներկայացուցիչ Արամ Օրբելյանի՝ քննվում էր նրա վերաբերյալ կարգապահական վարույթը:
Վարույթի մեկ նիստը փաստորեն բավական եղավ, որ որոշեն՝ Ռուբեն Վարդազարյանը դատավորի էթիկայի կանոններ է խախտել, և պետք է հեռանա՝ Գագիկ Ջհանգիրյանին հնարավորություն տալով ԲԴԽ նախագահի պարտականությունները կատարողից դառնալ նախագահ:
Այդ օրը՝ երեկոյան, մի կարևոր իրադարձություն էլ տեղի ունեցավ: Հանրային հեռուստաընկերության «Հարցազրույց» ծրագրին հյուրընկալվել էր Գագիկ Ջհանգիրյանը: Վերջինս խայտառակ ձայնագրության հրապարակումից հետո եկել էր Հ1-ի տաղավար, ինչպես շատերն էին նշում՝ մաքրվելու:
Հիշեցնենք, որ Բարձրագույն դատական խորհրդի՝ արդեն նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանի կողմից իր ու Գագիկ Ջհանգիրյանի՝ մոտ 1.5 տարի առաջ տեղի ունեցած զրույցի ձայնագրության մի հատվածի հրապարակումից հասարակության մի զգալի հատված լսեց ԲԴԽ նախագահի ժամանակավոր պարտականությունները կատարող Գագիկ Ջհանգիրյանի ինքնախոստովանական ցուցմունքն այն մասին, որ ինքն այս երկրում ամենազորեղ անձն է, կարող է կառավարել դատախազին, վերացնել կամ ընդհակառակը՝ հարուցել տալ քրեական գործեր, մարդկանց երաշխավորել հանգիստ ապրել, եթե վերջիններս հլու-հնազանդ կատարում են իր, իրեն ասող մարդու և իրեն ասող մարդուն ասող մարդկանց պահանջները: Լսեց ու իմացավ, որ Ջհանգիրյանի «վզին դրել են», ու ինքը պիտի էս գործն անի: Գործն էլ այն էր, որ Ռուբեն Վարդազարյանը պետք է հրաժարական տա, իսկ նրա տեղը պետք է զբաղեցնի ինքը՝ Ջհանգիրյանը:
Գագիկ Ջհանգիրյանը 1990-1997թթ. եղել է ՀՀ արդարադատության նախարարության դատական մարմինների վարչության պետ, նախարարի առաջին տեղակալ, 1997-2006 թթ. ՀՀ զինվորական դատախազ, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ, 2006-2008թթ. ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ, ապա պատգամավոր:
Չմոռանանք՝ Գագիկ Ջհանգիրյանը եղել է «Հոկտեմբերի 27»-ի ոճրագործության դեպքով հարուցված քրեական գործի հսկող դատախազը:
Ռուբեն Վարդազարյանն էլ իր հերթին՝ երկար տարիների դատավորական աշխատանքի փորձ ունի, տարիներ շարունակ պաշտոնավարել է նաև որպես դատարանի նախագահ:
Վերադառնանք Գագիկ Ջհանգիրյանի հարցազրույցին: ԲԴԽ դե ֆակտո նախագահն ակնհայտորեն անտրամադիր էր, շփոթված, խառնում էր հանգամանքներն ու դեպքերը, հորինում այնպիսի պատճառաբանություններ, որ սկսնակ իրավաբանը չէր անի, ուր մնաց՝ Գագիկ Ջհանգիրյանը: Չկար իրեն բնորոշ ցինիզմը, մոռանում էր՝ 5 րոպե առաջ ինչ էր ասել, ու հաջորդ վայրկյանին տրամագծորեն հակառակ թեզն էր առաջ քաշում: Մի խոսքով՝ տխուր պատկեր էր:
Նախ ասաց՝ Ռուբեն Վարդազարյանի հետ հանդիպումը գործնական հանդիպում էր, բանակցություններ էին ընթանում, որ Վարդազարյանը թողնի իր պաշտոնը, ապա մոռացավ այդ մասին, հանդիպումը դարձավ ուտել-խմելու մտերմիկ սեղան, խնջույք, իսկ հարցազրույցի վերջում՝ ինտիմ զրույց:
Իհարկե, ասաց, որ եթե ձայնագրության ամբողջական տարբերակը հրապարակվի, իր համար վատ կլինի, բայց թերևս Ջհանգիրյանի համար նույնպես լավ չի լինի՝ ըստ ամենայնի: Հարցազրույցի ամենասկզբում իր հայհոյանքները լսած կանանցից ներողություն խնդրող Ջհանգիրյանը, 168.am-ի տեղեկություններով, տղամարդուն ոչ վայել ձևով նաև կանանց է հիշատակում, ինքնախոստովանական ցուցմունքներ է տալիս տարբեր, այդ թվում՝ մահացած մարդկանց դեմ, շատ այլ ուշագրավ դրվագներ ևս կան:
Ըստ Գագիկ Ջհանգիրյանի՝ 2020թ. նոյեմբերի 9-ի խայտառակ կապիտուլյացիոն փաստաթղթի ստորագրումից հետո, երբ երկրում սկսվեցին հուզումներ, ողջ դատական համակարգը խրված էր քաղաքական գործընթացների մեջ: Այդ ամենը կատարվել է Ռուբեն Վարդազարյանի որպես ԲԴԽ նախագահի պաշտոնավարման ընթացքում, ով երբեք դրան, ըստ Ջհանգիրյանի, դեմ չի եղել:
Նկատենք՝ սա ասում է մի մարդ, որը ձայնագրության մեջ ասում էր, որ քրեական գործերի հարուցում է չեղարկել:
Գագիկ Ջհանգիրյանի խոսքով՝ երբ ինքը ստացել է ԲԴԽ-ում պաշտոնավարելու առաջարկ, համարել է, որ դա իր առաքելությունն է եղել:
Ու այստեղ նա ասում է մի բան, որ դուրս է մնացել շատերի ուշադրությունից:
«Ես կարողացել եմ հասնել այն բանին, որ զինվորականների կողմից կատարվող հանցագործությունների քննությունները քննել են իմ կողմից նախընտրելի, ընտրված դատավորներ: Գուցե այսօրվա պատկերացումներով դա սխալ է, բայց դա արել եմ, որպեսզի դատական համակարգում տիրող արատավոր երևույթները գոնե զինվորականների գործերով տարածում չունենային»,- հպարտորեն հայտարարեց Գագիկ Ջհանգիրյանը՝ դա համարելով բարեփոխում:
Բոլորն են հիշում, թե ինչ աղմկոտ պատմություններ էին կապված Գագիկ Ջհանգիրյանի հետ, երբ նա զինդատախազի պաշտոնն էր զբաղեցնում: Բավական է հիշել միայն Մատաղիսի գործը, ցմահ ազատազրկման դատապարտված և ներկայումս իր պատիժը կրող Արթուր Մկրտչյանի գործը:
Հիմա հարց՝ ո՞վ է զինդատախազը, որ զինվորական գործերով քննության համար դատավոր ընտրի, ի՞նչ լիազորություններ ունի առհասարակ գործը հսկող դատախազը, որ կարողանա այս կամ այն գործով նախընտրելի դատավոր ունենալ:
Իր՝ որպես զինդատախազ աշխատած ժամանակաշրջանում քննված գործերով շահագրգիռ անձինք՝ մեղադրյալներ, տուժողների իրավահաջորդներ, այս խոստովանությունից հետո բոլոր իրավունքներն ունեն պահանջել գործերի վերաբացում՝ նոր երևան եկած հանգամանքների հիմքով:
Այլ հարց է, որ նրա նախընտրելի դատավորներից շատերը պաշտոնավարում են մինչ այժմ, ու դա ևս խնդիր է:
Բայց վերադառնանք հարցազրույցին: Իր առաքելությունը ԲԴԽ-ում տեսնող Գագիկ Ջհանգիրյանն ասում է, որ իր ստացած առաջարկը լավ առիթ էր, որ ինքը դատական իշխանությունը հեռացնի քաղաքական գործընթացներից:
Հիմա՝ ուշադիր:
«Իշխանությունը միասնական է: Նրա բաժանումը գործադիր, օրենսդիր և դատականի, պայմանական է: Եթե ժողովուրդը, այն էլ՝ հեղափոխական փոփոխությունների արդյունքում, փոխում է, բերում է նոր իշխանություն, դատական իշխանությունը չի կարող մնալ հինը»,- ասաց Գագիկ Ջհանգիրյանը՝ հավելելով՝ ինքն իր առաջ խնդիր էր դրել համոզել Ռուբեն Վարդազարյանին կամովի հրաժարվել իր պաշտոնից, որովհետև նա դատական համակարգը հակադրման մեջ էր դրել գործադիր և օրենսդիր իշխանությունների հետ:
Մեկ րոպեի տարբերությամբ այս երկու մտքերն արտաբերել է միևնույն մարդը: Հաջորդիվ Գագիկ Ջհանգիրյանը հպարտորեն ասաց, որ ինքը բազմաթիվ հանցագործների հետ է զրուցել, նրանց համոզել է ընդունել իրենց մեղքը:
«Դու իրենց հետ զրուցելիս կիրառում ես հոգեբանական հնարքներ: Օրինակ, մեկը, որ ասում եմ՝ դա ինչ պաշտոն է, որ դու տենց կառչած ես: Այսինքն՝ որպեսզի նա հեշտությամբ տրվի այդ հորդորին, դիմում գրի, ազատվի, ես նրա աչքում նսեմացնում եմ իր զբաղեցրած պաշտոնը»,- ասաց Գագիկ Ջհանգիրյանը:
Իրականում ահավոր ամոթալի էր հետևել այս տեսարանին, տեսնել, թե տասնամյակներով իր համար «անուն» ստեղծած մարդը, ում որոշակիորեն հաջողվել էր իր անունը «անպարտելիության» շղարշով պատել, ինչպես է փորձում մանևրել, անհնարին տարբերակներ առաջ քաշել՝ մեկնաբանելու համար իր խոսքերը ձայնագրության մեջ:
Ըստ Գագիկ Ջհանգիրյանի՝ ինքը հոգեբանական հնարք էր կիրառում Ռուբեն Վարդազարյանի նկատմամբ: Այդ հնարքը անչափահաս հանցագործի կամ նույնիսկ չափահաս ենթադրյալ հանցագործ զինծառայողի նկատմամբ չէր կիրառում, այլ դատարանի նախագահ աշխատելու երկարամյա փորձ ունեցող Ռուբեն Վարդազարյանի:
Եվ իսկապես, եթե այդքան հմուտ էր հնարքներ կիրառելու մեջ, ինչո՞ւ իր հոգեբանական հնարքները չէր կիրառում «Հոկտեմբերի 27»-ի ոճրագործությունն իրականացնող Նաիրի Հունանյանի նկատմամբ, որ կազմակերպիչների մասով գործի առանձնացված մասը նույնպես հաջողությամբ բացահայտվեր:
Գագիկ Ջհանգիրյանը, սակայն, այստեղ կանգ չառավ. Ինչպես ասում են, եթե խայտառակվել, ապա մինչև վերջ: Հրապարակված ձայնագրությունում Ջհանգիրյանը նշել էր նաև․ «Ես էտի պտի անեմ, էտի վզիս դրած ա»։
Հարցազրույցի ժամանակ Ջհանգիրյանն այդ արտահայտությունը մեկնաբանեց հետևյալ կերպ. ««Վզիս դրածը», կոպիտ ասած, «իմ ճիտին պարտքն է», այսինքն՝ ես ինքս ստանձնել եմ կամավոր բարեփոխման ընթացքի կատարումը, տեսական հիմքերի շարադրումը, դա ես ստանձնել եմ 1990 թվականից։ Որ ասում եմ՝ վզիս դրած է, ես նկատի ունեմ, որ դա իմ առաքելությունն է, իմ կոչումն է, ոչ թե որևէ մեկն է ինձ պարտադրել»։
«Քրեական գործեր ջրելու» վերաբերյալ հարցին էլ՝ նա պատասխանում է․ «Բա Դուք ո՞նց էինք ուզում՝ պարոն Վարդազարյանը համաձայներ դիմում գրել, եթե ինքն իմանար, որ իր վրա գործեր են քննելու, իրեն հետո պատժելու են, և որևէ երաշխիք չունի: Դրանք հոգեբանական հնարքներ են: Այո, կուտ եմ տվել, ժողովրդի լեզվով ասած: Կտեր եմ տվել, որ ինքը երաշխիքներ ունենա»:
Սա ասելով՝ Գագիկ Ջհանգիրյանը սկսեց թվել «կտերը»:
«Ես էլի եմ ասում. Ես գնացել եմ բանակցելու, որպեսզի կարողանամ պարոն Վարդազարյանին համոզել: Որովհետև շատ բարդ սխեմա է ԲԴԽ նախագահին հրաժարականի պարտադրելը: Ես այդ ժամանակ 20 օրվա ԲԴԽ անդամ եմ եղել: ԲԴԽ անդամներից շատերին չեմ էլ ճանաչել»,- ասում է Ջհանգիրյանը՝ ընդունելով, որ պարտադրել է Վարդազարյանին հրաժարական ներկայացնել:
Եվ վերջում, երբ հարց հնչեց այն մասին, որ, օրինակ, ձայնագրության հիմքով այսօր կալանավորված է «Արար» հիմնադրամի նախագահ, քաղաքական-հասարակական գործիչ Ավետիք Չալաբյանը, ԲԴԽ փաստացի նախագահն ասաց՝ ենթադրում է, թե դա եղել է դատարանի որոշման հիման վրա, նախապես սանկցիայով կատարված ձայնագրություն։ Այսինքն՝ օրինական ձեռք բերված ապացույց է:
Գագիկ Ջհանգիրյանը կա՛մ անտեղյակ է, կա՛մ բացահայտ ստում է: Ավետիք Չալաբյանի փաստաբանական խմբի տարածած հայտարարությունից պարզ է դառնում, որ գործում առկա են բազմաթիվ փաստեր, որոնք թույլ են տալիս լիարժեքորեն ժխտել գաղտնալսումը դատարանի որոշման հիման վրա իրականացված լինելու ենթադրությունը:
Ինչևէ, այս հարցազրույցը դասական օրինակ է, թե ինչպես կարելի է կես ժամում ջնջել սեփական կենսագրությունը: