
Ռուբեն Վարդազարյանն այլևս ԲԴԽ նախագահը չէ. նրա լիազորությունները դադարեցվեցին

Բարձրագույն դատական խորհուրդը հրապարակեց (ԲԴԽ)՝ լիազորությունները կասեցված նախագահ Ռուբեն Վարդազարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ հանձնախմբի միջնորդության վերաբերյալ իր որոշումը. Ռուբեն Վարդազարյանի լիազորությունները էական կարգապահական խախտման հիմքով դադարեցվեցին:
Գագիկ Ջհանգիրյանը տեղեկացրեց, որ որոշումն ընդունվել է հունիսի 16-ին, ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր 168.am-ը:
Որոշումը ստորագրել են ԲԴԽ անդամներ Գագիկ Ջհանգիրյանը, Գրիգոր Բեքմեզյանը, Դավիթ Խաչատուրյանը, Մեսրոպ Մակյանը, Լիպարիտ Մելիքջանյանը, Ստեփան Միքայելյանը, Անի Մխիթարյանը, Սերգեյ Չիչոյանը և Վիգեն Քոչարյանը։ Հատուկ կարծիքներ ունեն Մեսրոպ Մակյանն ու Սերգեյ Չիչոյանը, դեմ է Անի Մխիթարյանը և ունի հատուկ կարծիք։
Հիշեցնենք՝ Հանձնախմբի կազմում են ԲԴԽ անդամներ Գրիգոր Բեքմեզյանը, Դավիթ Խաչատուրյանն ու Լիպարիտ Մելիքջանյանը:
Հունիսի 16-ին՝ կարգապահական վարույթի նիստին, Ռուբեն Վարդազարյանն ու նրա ներկայացուցիչ Արամ Օրբելյանը չեն ներկայացել նիստի քննությանը: Վերջինս այլ, ավելի վաղ նշանակված դատական նիստի էր մասնակցում, իսկ Ռուբեն Վարդազարյանը, ինչպես հետո պարզվեց, առողջական խնդիրներով պայմանավորված՝ չէր ներկայացել նիստին:
Արամ Օրբելյանը սակայն երկու միջնորդություն էր ներկայացրել՝ վարույթը կարճելու և նիստը հետաձգելու մասին: Երկուսն էլ մերժվել էին: Վարույթը շարունակվել էր առանց նրանց, և Խորհուրդը հեռացել էր խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու:
Հունիսի 20-ին Ռուբեն Վարդազարյանն ու Արամ Օրբելյանը հանդես եկան ասուլիսով, որի ընթացքում Ռուբեն Վարդազարյանը ձայնագրություն հրապարակեց:
«Մենք պլանավորել էինք, ԲԴԽ նիստի ընթացքում, երբ ես ու Արամ Օրբելյանը ներկա կգտնվեինք, միջնորդել դռնփակ դատական նիստ անցկացնել: Ես պատրաստվում էի հրապարակել մի ձայնագրություն: Իմ այդ իրավունքից ես զրկվել եմ: Այդ իսկ պատճառով հիմա ես կհրապարակեմ այդ ձայնագրությունը, և դուք կհամոզվեք՝ որոնք էին այն դրդապատճառները, թե ինչու եմ ես դարձել թիրախ, ինչու է քաղաքական որոշում կայացրել, որ Ռուբեն Վարդազարյանը չաշխատի ԲԴԽ նախագահի պաշտոնում»,- ասել էր Ռուբեն Վարդազարյանը՝ մինչ ձայնագրությունը միացնելը նշելով, որ սա իր կյանքի ամենաբարդ որոշումներից մեկն է եղել:
Ըստ նրա՝ ձայնագրությունը 2 ժամ 40 րոպե տևողություն ունի, սակայն ներկայացվեց միայն 14 րոպե հատված, որը վերաբերելի էր հենց այս իրավիճակին: Ձայնագրության մեջ զրուցում են Ռուբեն Վարդազարյանը, Գագիկ Ջհանգիրյանը և Վճռաբեկ դատարանի դատավոր, ԲԴԽ անդամ Ստեփան Միքայելյանը:
Սկանդալային ձայնագրության մեջ Ռուբեն Վարդազարյանին Գագիկ Ջհանգիրյանը կոնկրետ անձի անունից առաջարկում է ինքնակամ հեռանալ:
Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Ռուբեն Վարդազարյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ քվեարկություն հենց նիստի օրն է եղել, և Խորհրդի գիտնական անդամները որոշել են նրան զրկել իր լիազորություններից:
Մանրամասները՝ տեսանյութում: