«Փաշինյանի աղանդը հավատում է ամեն կեղծիքի, ստի, պաշտում իր լիդերին և ատում մյուսերին». Դավիթ Սահակյանց
Ռեժիսոր, մուլտիպլիկատոր, մշակույթի վաստակավոր գործիչ Դավիթ Սահակյանցի համար այս պահին միևնույն է, թե ընդդիմադիր ուժերն ում կհռչակեն վարչապետի թեկնածու, քանի որ, ըստ նրա՝ դա լինելու է պայքարող ուժերի պայմանավորվածության արդյունքում:
«Ես անընդհատ հրապարակում եմ, և ոգևորվածության առումով շատ մեծ տարբերություն կա ինձ մոտ՝ նախորդ տարվա շարժման համեմատ: Զգացողություն ունեմ, որ բացի ամեն ինչից, մի ընդհանուր շատ կարևոր պայքարի մասնիկն ես դառնում, որը, հավատում եմ՝ կունենա հաջողություն: Հիմա գուցե կան մտավախություններ, որ շարժումը կարող է հանգչել, բայց դրան ես չեմ հավատում: Լիովին վստահում եմ այն ուժերին, որոնք պայքարում են»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:
Դավիթ Սահակյանցը երկար է մտածել այն հարցի շուրջ, թե ինչու են մարդիկ պարտադիր ուզում, որ որևէ մեկն առաջնորդի իրենց. «80-ականների վերջերին, երբ մոտենում էին այն ժամանակները, երբ պետք է ԽՍՀՄ-ը քանդվեր, շատ բուռն ծաղկում էին տարբեր աղանդներ Հայաստանում: Նույնիսկ ես եմ մի երկու սեմինարի գնացել՝ հետաքրքրությունս բավարարելու համար: Ես այսօր հասկացա, որ հաշվի առնելով մեր ազգի մենթալիտետը և ցանկությունը՝ գտնել փրկչի, ստիպում էր մեզ հավատալ և գնալ տարբեր մարգարեների հետևից: Մեր ազգում շատ մեծ դեր ենք տալիս փրկիչներին, ինչը բերում է աղանդավորությանը: Այսօր վստահ կարող եմ ասել, որ ձևավորվել է նոր աղանդ՝ Նիկոլ Փաշինյանի աղանդը, որն ուղղորդում է հասարակության շատ լայն զանգվածի: Գիտենք, որ այս ընդհանուր աղանդում տարբեր այլ աղանդների ներգրավվածություն կա: Դրա համար մենք միշտ փնտրում ենք փրկիչներ, մարդու, որը կգա և քո փոխարեն կանի ամեն ինչ, ամեն ինչ իր տեղը կգցի, և միայն աղանդների դեպքում է, որ դու սկսում ես կուրորեն հավատալ ամեն մի հիմարության, կեղծիքի, ստի, միայն բավարարեն իրենց հանգստությունը, որ՝ իմ փոխարեն՝ ինչ-որ մեկը կանի»:
Նրա խոսքով՝ խորքային խնդիրը երկար ժամանակ պետականություն չունենալու մեջ է. «Մեզ անընդհատ թվում է, որ մենք ժամանակավոր ենք այստեղ, և դրա համար է արտագաղթը: Անընդհատ ցանկացել ենք թողնել-փախչել, և դա շատ մեծ դեր է խաղում հենց պետականությունը գնահատելու հարցում: Չկա վստահությունը, որովհետև ձեռք չի բերվել ազգի քրտնաջան աշխատանքի գաղափարը, ոչ թե՝ կոնկրետ անձինք աշխատեն, մնացածն ինչ ուզում են՝ անեն: Բոլորը պետք է հասկանան, որ շատ մեծ և շատ լուրջ պրոցես է պետականություն ստեղծելը»:
Դավիթ Սահակյանցը նկատեց՝ աղանդավորական մոտեցում է, որ մարդիկ ասում են՝ Նիկոլ Փաշինյանն ինչ էլ անի՝ ճիշտ է:
Հարցին՝ իրենց մաշկի վրա չե՞ն զգում այն ամենը, ինչ կատարվում է, թե՞ հոգևոր սնունդ են ստանում Նիկոլ Փաշինյանից, նա պատասխանեց.
«Կան, չէ՞, տարբեր պրակտիկաներ՝ ինքդ քեզ ցավ պատճառես, միայն թե քո մարգարեին հավատարիմ մնաս. Միգուցե այդ գործոննե՞րն են, մազոխիզմի և սադիզմի դրսևորումներ, միայն թե քո հավատքի մեջ այս էակին լինես հավատարիմ: Սա շատ խորքային խնդիր է: Մինչև 2018թ. այդ ամենը մոնիտորինգ է արվել, և այն ուժերը, որոնք աջակցել են այն ժամանակ իշխանազավթմանը, շատ լավ տիրապետում են մեր ազգային բոլոր հատկություններին, նյուանսներին, սպեցիֆիկային, որոնք օգտագործեցին մեր դեմ: Դա բարությունն է, որը կա մեզ մոտ, խաղաղության ձգտելու ցանկությունն է, որն այսօր շահարկվում է և լրիվ ուրիշ կողմից մատուցվում: Մենք երբեք չենք եղել պատերազմ տենչող ազգ, մենք միշտ եղել ենք խաղաղասեր և շատ անգամ տուժել ենք դրա համար: Բայց այն մարդիկ, այն ուժերը, որոնք Նիկոլին բերել են իշխանության, այդ ամենը մեր դեմ օգտագործեցին»:
Դիտարկմանը՝ այդ լավ հատկանիշներն էլ են վերացել, հիմա ամենուր ատելություն է, նա արձագանքեց. «Այո, այլասերվել է ամեն ինչ: Ինչպես սերն է այլասերվում ու անհասկանալի ֆորմաներ ձեռք բերում, նույնը մեզ մոտ է: Տեսեք՝ սերը դեպի քո լիդեր արտացոլվում է նրանում, որ դու ատում ես մնացածին: Դա արդեն նոնսենս է, դու կարող ես քո լիդերին սիրել կամ պաշտել, բայց դա չի նշանակում, որ պետք է ատես և պատրաստ լինես գնդակահարել այն մարդուն, որն ունի այլ կարծիք, ինչը որ սկսվել է դեռ իշխանության գալու օրերից: Չգիտեմ՝ ինչ տեխնոլոգիաներ են օգտագործվել, բայց իրոք սերը այլասերվել է և ընդունել այն ֆորման, որի ականատեսն ենք: Սա դաժան հետևանքներ կարող է ունենալ: Եթե դրա հակադրությունը չհայտնվեց, մենք ռեալ կանգնած ենք ինքնաոչնչացման եզրին, ինքնաոչնչացման բոլոր նախադրյալներն ունենք: Ընդ որում՝ դա արդեն չի վերաբերում հասարակությանը, այլ այն մարդկանց, ովքեր պատրաստ են իրենց վրա վերցնել այդ բեռն ու պատասխանատվությունը՝ փոխել ընթացքը: Գնացքի մեջ գտնվող մարդիկ դա չեն հասկանում, բայց դու գիտես, ու շատերն են հասկանում, որ գնալու ենք ու ընկնենք ձորը, դրա համար արագ պետք է հայտնվի մի մարդ, որն իր վրա կվերցնի այդ ֆունկցիան և կփոխի գնացքի ընթացքը»:
Հարցին՝ այսինքն, ամեն դեպքում, առաջնորդի կարիք կա՞, նա պատասխանեց. «Խոսքն ուժի մասին է, որ պետք է պարտադիր համախմբվածություն լինի, այն մարդկանց խումբը, որը դա կանի, և, իհարկե, կհայտնվի այն մեկը, որը կանի ամենակարևոր գործողությունը, որը կլինի»:
Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում