Խաչիկ գյուղի բնակչի անհետացման հետքերով
168.am-ը ուշագրավ տեղեկություն է ստացել Վայոց ձորի մարզի Արենի համայնքի Խաչիկ գյուղից՝ 60-ամյա բնակիչ Ա. Խ.-ն հունիսի 4-ին անհետացել է. որպես հավանական տարբերակ՝ աղբյուրը նշում է հայ-ադրբեջանական սահմանին առևանգումը:
Ա. Խ.-ի ճակատագրի մասին մանրամասներ փորձեցինք ճշտել Արենի համայնքի ղեկավար Հուսիկ Սահակյանից: Նա մեզ հետ զրույցում չցանկացավ փակագծեր բացել. «Որ խնդրեմ՝ դիմեք ոստիկանությանը, կլինի՞. իրենք ձեզ մանրամասն կասեն, որովհետև իրենք են զբաղվում»:
Ոստիկանության Եղեգնաձորի վարչությունից մեզ հայտնեցին, որ նման դեպք ունենք, բայց հանգամանքների համար կխնդրեն զանգահարել ավելի ուշ:
Մինչ մանրամասներ կճշտեինք Ոստիկանության Եղեգնաձորի վարչությունից, կապ հաստատեցինք ՀՀ Ոստիկանության Հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության զանգվածային լրատվամիջոցների հետ կապի բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանի հետ, որը հստակեցրեց. «Ձեր ասած անձը հունիսի 12-ին հայտնաբերվել է, իր անհայտ կորելու և հայտնաբերվելու հանգամանքները պարզելու ուղղությամբ այս պահին քննություն է ընթանում»:
Ավելի ուշ որոշ մանրամասներ հայտնի դարձան նաև մարզային վարչությունից:
«Բոխի հավաքելու է գնացել, հետո Նախիջևանի կողմն է անցել, ապա հետ է եկել»,- մանրամասնեց մեր աղբյուրը: