Եգիպտոսի երեք նահանգներում մտցվել է արտակարգ դրություն
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Եգիպտոսի երեք նահանգներում մտցվել է արտակարգ դրություն: Խոսքը գնում է Սուեզի, Պորտ Սայիդի ու Իսմաիլիի մասին: Այս մասին երեկ հայտարարել է Եգիպտոսի նախագահ Մուհամեդ Մուրսին:
Վերջինս արտակարգ դրության ներդրումը պյմանավորել է տվյալ երեք նահանգներում ժողովրդական հուզումների չդադարեցմամբ. «Մարդկային կյանքերի պահպանման, քաղաքացիների անվտանգության ապահովման, բոլոր օրինախախտներին հակահարված տալու համար ես որոշեցի Պորտ Սայիդ, Սուեզ և Իսմաիլի նահանգներում 30 օրով մտցնել արտակարգ դրության ռեժիմ:
Այդ 30 օրում տվյալ նահանգներում գործելու է պարետային ժամ, ինչը կգործի ժամը 22.00-06.00: Ես այդ ամենն անում եմ հանուն Եգիպտոսի: Դա իմ պարտքն է, և ես չեմ տատանվի ոչ մի վայրկյան»: Մուրսին նաև երկխոսության կոչ է արել:
Նշվում է, որ արդեն երրորդ օրն է, ինչ Եգիպտոսում չեն դադարում ցուցարարների ու իրավապահ ուժերի միջև բախումները: Դրանք մեկնարկել են հունվարի 25-ին, երբ Եգիպտոսում տոնում էին հեղափոխության երկամյակը: Ցուցարարները հանդես են գալիս «Սահմանադրության չեղյալ հայտարարման» և «վարչակարգի տապալման» կարգախոսներով: