Բաժիններ՝

Արցախի նախագահը հանդիպել է Պետական եկամուտների կոմիտեի աշխատակազմի հետ. մուտքերն աճել են 14.3 տոկոսով

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 7-ին այցելել է Պետական եկամուտների կոմիտե և հանդիպել կառույցի աշխատակազմի հետ:

Հանդիպման սկզբում զեկույցով հանդես է եկել ՊԵԿ նախագահ Դավիթ Պողոսյանը, ներկայացրել, որ ընթացիկ տարվա հունվար-մայիս ամիսներին պետական բյուջե մուտքագրված հարկային եկամուտները և տուրքերը կազմել են ավելի քան 16 մլրդ ՀՀ դրամ` պլանավորված 14 մլրդ ՀՀ դրամ ցուցանիշը գերազանցելով 14.3 տոկոսով:

«Գերատեսչության կողմից ծավալուն աշխատանքներ են իրականացվել նաև պատերազմական գործողությունների հետևանքով նյութական վնաս կրած հարկ վճարողներին վնասի չափի վերաբերյալ տեղեկանքների տրամադրման, 44-օրյա պատերազմի հետևանքով Արցախի տնտեսավարողների մոտ առաջացած խնդիրների կարգավորմանը և փոքր ու միջին ձեռնարկատիրության ոլորտի գործունեության մի շարք տեսակների համար հարկման պարզեցված համակարգի ներդրմանն ուղղված օրենսդրական բազայի ստեղծման և այլ ուղղություններով»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Երկրի ղեկավարն իր գոհունակությունն է հայտնել համակարգի ծառայողների հետևողական գործունեության համար, նշել, որ պետք է շարունակել հարկային կարգապահության բարելավման ծրագրի շրջանակում իրականացվող աշխատանքները: Արայիկ Հարությունյանի խոսքով՝ բոլոր գործողությունները պետք է իրականացնել միմիայն օրենքի սահմաններում՝ բոլոր հարկատուների նկատմամբ ձևավորելով հավասար վերաբերմունք:

Նշվում է, որ նախագահ Հարությունյանն անդրադարձել է նաև երկրի ներքին և արտաքին խնդիրներին, պատասխանել ներկաներին հուզող հարցերին:

Հանդիպմանը ներկա է եղել նաև Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Շահրամանյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս