«Քերոբյանի համեմատությունները, ինչպես միշտ, և՛ ծիծաղելի են, և՛ դժբախտ վիճակի բնութագիր. դրանով չպետք է առաջնորդվել»․ Բոստանջյան
Ազգային վիճակագրական ծառայության (ԱՎԾ) վերջին տվյալների համաձայն՝ 2022թ. մայիսին 2021թ. մայիսի համեմատ հանրապետությունում արձանագրվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 14.5% գնաճ:
Այսպիսով, ըստ հրապարակման՝ հանրապետության դիտարկվող բոլոր քաղաքներում 2022թ. մայիսին ապրիլի համեմատ սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի գները նվազել են 1.2-0.1%-ով, իսկ մի շարք ապրանքախմբերում՝ մեկ տարվա կտրվածքով գնաճային միտումները շարունակվել են.
1. Շաքարի և շաքարավազի ապրանքախմբում 2022թ. մայիսին 2021թ. մայիսի համեմատ արձանագրվել է 8.6% գնաճ, իսկ 2022թ. ապրիլի համեմատ՝ 3.0% գնանկում,
2. 2022թ. մայիսին 2021թ. մայիսի համեմատ հանրապետությունում գառան և տավարի մսերի գներն աճել են 4.8% և 12.2%-ով, հացինը՝ 14.1%-ով, կաթնաշոռինը՝ 19.2%-ով, պանրինը՝ 22.9%-ով, մակարոնեղենինը՝ 27.7%-ով, իսկ 2022թ. ապրիլի համեմատ՝ համապատասխանաբար՝ 2.1%, 1.3%, 0.2% և 1.0%, 1.4% և 0.6%-ով,
3. Հնդկացորենի, ոսպի և ոլոռի գները 2022թ. մայիսին 2021թ. մայիսի համեմատ աճել են 41.7%, 34.5%, 11.9%-ով, իսկ 2022թ. ապրիլի համեմատ՝ 0.8%, 1.6% և 1.3%-ով,
4. Բանջարեղենի և մրգի ապրանքախմբերում 2022թ. մայիսին 2021թ. մայիսի համեմատ արձանագրվել է 51.3% և 0.4% գնաճ, իսկ 2022թ. ապրիլի համեմատ՝ 5.4% և 0.7% գնանկում:
Ոչ պարենային ապրանքների գներ. 2022թ. մայիսին 2021թ. մայիսի համեմատ ոչ պարենային ապրանքների շուկայում գրանցվել է 6.8%, իսկ 2022թ. ապրիլի համեմատ՝ 0.6% գնաճ:
Արտարժույթի շուկա. 2022թ. մայիսին ապրիլի համեմատ սպառողական գների 0.1% հավելաճն ուղեկցվել է ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի հաշվարկային փոխարժեքի 3.1% նվազումով (ՀՀ դրամն արժևորվել է):
2022թ. մայիսին 2021թ. դեկտեմբերի համեմատ հանրապետությունում գրանցվել է սպառողական գների 6.0% հավելաճ և ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի հաշվարկային փոխարժեքի 5.9% նվազում:
Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում հանրապետությունում գրանցվել է սպառողական գների և ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի հաշվարկային փոխարժեքի 4.7% և 0.5% հավելաճ: 2022թ. մայիսին ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի միջին հաշվարկային փոխարժեքը կազմել է 456.5 դրամ, ինչը 12.4%-ով ցածր է 2021թ. մայիսի համապատասխան ցուցանիշից (521.4 դրամ):
Տնտեսագետ Վարդան Բոստանջյանը 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով գնաճային միտումներին՝ շեշտեց. «Գնաճն ունի ընդգծված վատ ազդեցություն՝ հատկապես այն պարագայում, որ Հայաստանում քաղաքացիների ճնշող մեծամասնությունն ունի ցածր, բևեռացված եկամուտներ, ինչի պարագայում, թեկուզև փոքր գնաճն էական նշանակություն է թողնում քաղաքացիների ապրելակերպի և բարեկեցության վրա»:
Տնտեսագետի համոզմամբ՝ գնաճային այս միտումները դեռ երկար կպահպանվեն, քանի որ առկա չէ տնտեսական քաղաքականություն, իսկ տնտեսության կառուցվածքը հնարավորություն չի տալիս նոր, արդիական արժեքի ստեղծում:
«Գործունեության միայն այնպիսի տեսակներ են, որոնք հնարավոր չէ՝ չլինեն, իսկ դա չի նշանակում եկամուտների աճ, նոր աշխատատեղերի ստեղծում: Նման պարագաներում գնաճային ճնշումներն ու գահավիժումը շարունակական են լինելու»,- հավելեց նա:
Վարդան Բոստանջյանն այս համատեքստում անդրադարձավ նաև Էկոնոմիկայի նախարարի այն հավաստիացմանը, թե 8.5 տոկոս գնաճը ֆանտաստիկ լավ արդյունք է համաշխարհային գնաճի համատեքստում՝ նկատելով, որ Վահան Քերոբյանը չի կարողանում լավ կողմնորոշվել:
«Ընդհանրապես, նրա համեմատական անալիզն այլ երկրների հետ առնվազն ողորմելի մոտեցում է՝ պայմանավորված հանգամանքով, որ գոյություն ունի եկամուտների ընդգծված տարբերություն. Քերոբյանի համեմատությունները, ինչպես միշտ, և՛ ծիծաղելի են, և՛ դժբախտ վիճակի բնութագիր. դրանով չպետք է առաջնորդվել»,- մանրամասնեց տնտեսագետը:
Հիշեցնենք՝ էկոնոմիկայի նախարարը մասնավորապես նշել էր. «Վերջերս հրապարակեցին, որ ԱՄՆ-ում գնաճը եղել է 8 %-ից ավելի, որն աննախադեպ է, այսինքն՝ մոտ 50-60 տարի նման գնաճ չի եղել, նույնն էլ՝ Եվրոպայում: Այստեղ մենք խոսում ենք ոչ թե զուտ հայկական, այլ գլոբալ ֆենոմենի մասին, և այդ ներկապնակում կամ լանդշաֆտում ունենալ 8.5% գնաճ, երբ ԱՄՆ-ում է 8.5 %, ֆանտաստիկ լավ արդյունք է»:
Ի դեպ, տնտեսագետը նկատեց, որ այս պահին առկա որոշակի կայունությունն էլ Կենտրոնական բանկի գործառույթներով է բացատրվում՝ ԿԲ-ի կողմից գործադրվող գործիքակազմով, միջամտություններով, «որով, սակայն, չեն կարող տևականորեն արհեստական գնաճային զսպումներ իրականացնել»:



