Չինաստանի արտգործնախարար Վան Ին Թրամփի այցի նախաշեմին հանդիպել է ԱՄՆ կոնգրեսականների հետ
Չինական և ամերիկյան կողմերին հաջողվել է կայուն հարաբերություններ պահպանել` չնայած դժվարություններին: Այս մասին հայտարարել է Չինաստանի արտգործնախարար Վան Ին ԱՄՆ Կոնգրեսի անդամների հետ հանդիպման ժամանակ։
«Վերջին տարվա ընթացքում ԱՄՆ-ի և Չինաստանի հարաբերություններում եղել են բազմաթիվ բարդություններ ու անկայունություն, բայց մեզ մոտ առաջվա պես ստացվում է ընդհանուր առմամբ պահպանել կայունությունը», – մեջբերում է Չինաստանի արտգործնախարարի խոսքը The Associated Press-ը։
Վան Ին շնորհակալություն է հայտնել Չինաստանի նախագահ Սի Ծինփինին և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին «ամենակարևոր պահերին երկկողմ հարաբերությունների ուղղությունները որոշելու հարցում օգնելու» համար։
Ամերիկացի կոնգրեսականների պատվիրակությունն իր հերթին հայտնել է հարաբերություններում լարվածության թուլացման միտվածությունը և փոխադարձ հարգանքը։
«Ես անկեղծորեն կարծում եմ, որ մենք ցանկանում ենք ապաէսկալացում, այլ ոչ թե անհամաձայնություն։ Մենք ցանկանում ենք կայունություն, մենք ցանկանում ենք փոխադարձ հարգանք», – ասել է Հանրապետական կուսակցությունից սենատոր Սթիվ Դեյնսը։
Չինաստանի արտգործնախարարի և ԱՄՆ Կոնգրեսի պատվիրակության հանդիպումը տեղի է ունեցել Թրամփի՝ Չինաստան այցին ընդառաջ։ Սպասվում է, որ ԱՄՆ նախագահը Պեկին կայցելի մայիսի 14-15-ին։



