«Պատկերացնո՞ւմ եք դրանց լկտիությունը. անկախ մեր կամքից՝ ֆինանսավորում ենք թշնամական պետությանը». Վարդան Ոսկանյան
Իրանագետ Վարդան Ոսկանյանն այն կարծիքին է, որ Իրանի հետ հարաբերությունների համատեքստում արցախյան խնդիրը չափազանց կարևոր է:
«Իրանը մեր տարածաշրջանում այն շահագրգիռ կողմերից է, որն ակնդետ հետևում է բոլոր գործընթացներին, որովհետև դրանք ուղղակիորեն առնչվում են հենց Իրանին: Իրանը փաստացիորեն միակ պետությունն է, որը ոչ միայն հռետորաբանության մակարդակում, այլ նաև՝ գործողությունների, զորավարժությունները դրա առհավատչյան են, ապացուցել է, որ ՀՀ տարածքային ամբողջականությունն իր համար կարմիր գիծ է, և որևէ պարագայում իրանական կողմը թույլ չի տա, որպեսզի Հայաստանի նկատմամբ լինեն ոտնձգություններ թուրք-ադրբեջանական դաշինքի կողմից: Իրանի հետ հարաբերությունները հույժ կարևոր են, և ակնհայտ է, որ ինչ-որ առումով իրանցիների հետ խորհրդակցելն այդ խնդրով ուշացած է, որովհետև բրյուսելյան հանդիպումից բավական ժամանակ է անցել, ավելի օպերատիվ պետք է աշխատել իրանական կողմի հետ»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:
Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի հետ, որի ժամանակ, ըստ պաշտոնական հաղորդագրության, Բրյուսելյան հանդիպումից տեղեկություններ է փոխանցել Իրանի նախագահին: Նշվում է, որ զրուցակիցները մտքեր են փոխանակել, մասնավորապես, տարածաշրջանային կոմունիկացիաների բացման, Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի դելիմիտացիայի աշխատանքների մեկնարկի, Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման ընթացքի, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հեռանկարների մասին:
Վարդան Ոսկանյանի գնահատմամբ՝ իրանցիները շահագրգիռ են, որպեսզի Հայաստանի հետ ձևավորվի անվտանգային համագործակցության հարթակ. «Եվ շատ ավելի շահագրգիռ են, որ այդ հարթակը լինի եռակողմ՝ Ռուսաստանի ներգրավմամբ: Ի՞նչ քայլեր են այս ուղղությամբ արվում, միայն Աստծուն է հայտնի, որովհետև խորապատկերը գոնե պետք է տեսանելի լինի, իսկ դա կարծեք թե չի երևում: Մյուս կարևոր հարցը՝ «Հյուսիս-Հարավ» ավտոմայրուղու հարցը, որը շատերը դիտարկում են տնտեսական առումով, բայց այդ մայրուղին չափազանց կարևոր է նախ և առաջ անվտանգային և աշխարհաքաղաքական առումով»:
Դիտարկմանը՝ ավելի շատ խոսվում է Նախիջևանով Իրան գնալու մասին, քան «Հյուսիս-Հարավ»-ի, նա արձագանքեց. «Իրանցիները կողմ են, որպեսզի Ջուղա և Երասխ երկաթգիծը աշխատի, բայց իրանցիները հստակ արձանագրել են, որ դա չպետք է դիտարկվի՝ որպես հիմնական ճանապարհ՝ Իրանի և Հայաստանի միջև: Այսինքն՝ չպետք է դառնա Սյունիքը շրջանցող այլընտրանք: Սյունիքով ցամաքային ուղղակի կապը Իրանի հետ թե՛ Հայաստանի, թե՛ Իրանի համար կենսական նշանակություն ունեն»:
Անդրադառնալով Հայաստանում տարածվող «միջանցքային տրամաբանություն» եզրույթին, նա նկատեց. «Ի՞նչ միջանցքային տրամաբանություն. Հստակորեն պետք է հայտարարվի, որ որևէ միջանցք ՀՀ տարածքով չի լինելու: Հայաստանը պետք է գործի այն ուղղությամբ, որ որևէ ճանապարհ, որը կունենա միջանցքի կարգավիճակ, Ադրբեջանը կամ Թուրքիան չեն կարող ունենալ ՀՀ տարածքում: Դա ուղղակի սպառնալիք է մեր ազգային անվտանգության համար»:
Իրանագետը հիշեցրեց՝ Գորիս-Կապան ավտոճանապարհի հատվածը բռնազավթված է թշնամու կողմից, իսկ այլընտրանքային ճանապարհը քանդվել է. «Այլընտրանքային կոչված ճանապարհը քանդվել է և չի համապատասխանում տեխնիկական այն չափորոշիչներին, որոնք անհրաժեշտ են ծանր բեռնատարների անցման համար: Դատելով Ադրբեջան կոչվող կեղծ պետության մաքսային ծառայության տվյալներից… պատկերացնո՞ւմ եք լկտիությունը՝ ՀՀ-ից ճանապարհ են զավթում, մաքսատուն են դնում և դեռ հրապարակում են այդ մաքսատան եկամուտների հաշվետվությունը, որը բավական նշանակալի թիվ է: Դա ցույց է տալիս, որ իրանական այն բեռնատարները, որոնք ի վիճակի չեն անցնել այլընտրանքային ճանապարհով, անցնում են այդտեղով, վճարում են գումար ադրբեջանական կոչվող մաքսատանը, և, բնականաբար, այդ վճարված գումարները ի վերջո վճարում ենք մենք՝ ՀՀ քաղաքացիներս, որովհետև այդ ապրանքը ավելի թանկ է հասնում Երևան, ավելի թանկ գնով մտնում շուկա, և մենք ավելի թանկ գնով ենք այդ ապրանքները գնում: Ստացվում է, որ անկախ մեր կամքից՝ մենք ֆինանսավորում ենք թշնամական պետությանը, որն իր բաշիբոզուկներով եկել և հաստատվել է ՀՀ տարածքում»:
Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում