Բաժիններ՝

«Բանվորի արձանը» քանդակը նոր շունչ է ստացել Հայաստանի ազգային պատկերասրահի ցուցադրությամբ

Հայաստանի ազգային պատկերասրահի այցելուները մայիսի 31-ից հնարավորություն կունենան ծանոթանալու «Բանվորի արձանը. Post Scriptum» ցուցահանդեսին, որի շրջանակում «վերակենդանացել է» 1997 թվականին բարբարոսության հետևանքով Երևանի մետրոպոլիտենի «Գործարանային» կայարանի հարակից հրապարակից ապամոնտաժված և մասերի բաժանված հանրահայտ «Փառք աշխատանքին» կամ «Բանվորի արձանը», որի ճակատագիրը շատերին է անհայտ մնացել: Ցուցադրությանը ներկայացված են քանդակի գլուխը, բռունցքն ու գրաֆիկական էսքիզները:

Ցուցադրության համադրող, Հայաստանի ազգային պատկերասրահի քանդակի բաժնի վարիչ Մարիամ Դավթյանի խոսքով՝ հանրությանն անհանգստացրել է այն հարցը, թե ինչու է քանդակը գիշերով գաղտնի ապամոնտաժվել: «Ոչ ոք մինչ օրս պատճառը չգիտի: Ըստ վարկածների՝ դա պետության նախաձեռնությամբ է արվել, կան վարկածներ, որ անհատների շահերից է բխել դա անելը և այլն: Քանդակը կապ չի ունեցել սոցիալիստական գաղափարների հետ:

Արա Հարությունյանն իր աշխատանքներում մշտապես ազգային գաղափարներ է արտահայտել, ներկայացրել է քանդակագործության հետաքրքիր և ավանդական մոտեցումները ավելի ժամանակակից մեկնաբանությամբ: Նա երբեմն ռիսկային քայլերի էր գնում, և «Բանվորի արձանը» դրա վառ օրինակն է: Նյութից սկսած, ձևածավալային մտածողությամբ վերջացրած՝ այն արտասովոր լուծումներով քանդակ էր և բավականին ամուր էր»,-պատմեց համադրողը:

Դավթյանն ասաց՝ քանդակին նայելիս շատերին թվացել է, թե բանվորի ձեռքում մուրճ կա, սակայն դա տեսողական խաբկանք է եղել:

 

Արձանի մասնիկները գտնվել են Երևանի մետրոպոլիտենի «Գործարանային» կայարանի հարակից հրապարակից ոչ այնքան հեռու մի տարածքում, որի սեփականատերերը երկար տարիներ պահպանել են հատվածները: Մինչև այնտեղ հասնելը արձանը կորուստներ է կրել. որոշ հատվածներ բացակայում են: Չկան մի ոտքը, իրանի դիմացի հատվածը, ձեռքը:

«Շատերի ցանկությունն է, որ արձանը վերականգնվի, քանի որ այն հայի, աշխատավոր մարդու համահավաք կերպար է: Ըստ հեղինակի մտահղացման՝ բանվորը քայլ էր անում դեպի Արևմտյան Հայաստան»,-եզրափակեց Մարիամ Դավթյանը:

Խորհրդային Հայաստանում բազմաթիվ մոնումենտալ հուշարձաններ էին տեղադրվում «սովետպրոպի» շրջանակներում, բայց շատ հայ արվեստագետներ, սովետական գաղափարային գծից շեղվելով, կարողանում էին ներկայացնել նաև ազգային ինքնորոշման համար կարևոր թեմաներ: Վեր էին խոյանում կոթողներ, որոնց երբեմն քողարկված, երբեմն բացահայտ խորհրդանիշը վառ էր պահում հայ հասարակության մեջ ազգային արժեքների, ժողովրդի պատմության հետքը: Նմանատիպ գործերից են «Մայր Հայաստանի հուշահամալիրը», «Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը», «Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրը» և այլն:

Անվանի քանդակագործ Արա Հարությունյանի մտահղացմամբ՝ 1982 թվականին Երևանի մետրոպոլիտենի «Գործարանային» կայարանի հարակից հրապարակում տեղադրվեց «Փառք աշխատանքին» կամ «Բանվորի արձանը», որը ներկայացնում էր աշխատավոր մարդուն և իրականում թեմատիկ աղերս չուներ կոմունիստական գաղափարախոսության հետ: Այն դեպի Արևմտյան Հայաստան քայլող հայի կերպարն էր՝ հայացքն ուղղած դեպի Արարատ:

 

2004 թվականին մի քանի նվիրյալ անձանց որոնումների արդյունքում գտնվեցին «Բանվորի արձանի» հատվածները, իսկ տարիներ անց՝ 2011 թվականին, «Արտ լաբորատորիա» արվեստագետների միավորման շնորհիվ «Բանվորի» կերպարը դուրս բերվեց մոռացությունից՝ «Գործարանային» կայարանի հարակից պատին փակցվեց ամբողջ հասակով արձանի պաստառը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս