Բաժիններ՝

Հայ գիտնականները կհամագործակցեն «Սուխոյի քաղաքացիական ինքնաթիռներ» ընկերության համար հետ

ՀՀ ԳԱԱ Մեխանիկայի ինստիտուտի գիտնականները սկսում են համագործակցել «Սուխոյի քաղաքացիական ինքնաթիռներ» ռուսաստանյան ընկերության հետ, որը  ռազմական և քաղաքացիական ինքնաթիռներ է արտադրում: Այս մասին 168.am-ի հետ զրույցում նշեց ՀՀ ԳԱԱ Մեխանիկայի ինստիտուտի տնօրեն Լենսեր Աղալովյանը: Նրա խոսքով՝  հայկական կողմը արդեն իսկ պայմանագիրը կնքել է, իսկ երբ ընկերությունը ֆինանսավորի աշխատանքը` կիրականացնեն: Իսկ թե ինչպիսի աշխատանք են հայ գիտնականները կատարելու, ըստ մեր զրուցակցի՝ նրանք պետք է հաշվարկներ կատարեն, որոնք կապված են ինքնաթիռի ամրության հետ: Ըստ Լ. Աղալովյանի՝ խոսքը, մասնավորապես, կոմպոզիտ և մետաղական նյութի միացման ամրության մասին է, և ՀՀ ԳԱԱ Մեխանիկայի ինստիտուտի գիտնականներն ուսումնասիրելու են ռուսաստանյան ընկերության ինքնաթիռների կոնստրուկտիվ տարրերի ամրության հարցերը՝ ինքնաթիռի թև, իրան և այլն:

«Մենք թռչում ենք ինքնաթիռով` երբեք չմտածելով, թե ինչու է այն թռչում և ինչու չի ընկնում, կամ  ինչու ինքնաթիռի թևը չի ջարդվում, դրանք՝ այդ բոլորը,  ամրության հաշվարկներ են: Այդ  բոլոր հաշվարկներով տարբեր բնագավառներում՝ մեքենաներից մինչև թռչող սարքեր, նավեր և այլն,  զբաղվում են մեխանիկները: Այս պարագայում մենք ոչ միայն կոնկրետ ուսումնասիրելու ենք  ինքնաթիռների ամրության հարցերը, այլ նաև փորձարարական փորձով պետք է դա հաստատենք»,- ասաց Լ. Աղալովյանը՝ նշելով, որ ներկայում ինքնաթիռների թեթևության հարց է դրվում՝ միևնույն ժամանակ` չկորցնելով ինքնաթիռի ամրությունը: Այսինքն՝ հիմնական խնդիրն այն է, որ որքան հնարավոր է թռչող սարքը լինի թեթև և ամուր, իսկ թեթևության կարելի է հասնել` կիրառելով ժամանակակից կոմպոզիտ նյութերը: Իսկ դրանց համակցումը մետաղական մասի հետ, ըստ էության, շատ կարևոր է, այսինքն՝ ինչպես անել, որ այդ միացումն ամուր լինի:

Հարցին, թե արդյո”ք մենք ունենք բավարար մասնագետներ, տեխնիկա և նյութեր` այդ բոլոր աշխատանքներն իրականացնելու համար, Լ. Աղալովյանը պատասխանեց. «Նյութերը գուցե իրենք մեզ կտրամադրեն, բայց մասնագետներ, հատկապես` տեսաբաններ, մենք ունենք և միշտ ունեցել ենք»: Նա նշեց, որ այդ ոլորտում առաջին գրքերը տարիներ առաջ տպագրվել են հենց ՀՀ ԳԱԱ Մեխանիկայի ինստիտուտում, որոնք անմիջապես անգլերեն լեզվով են թարգմանվել ՆԱՍԱ-ի կողմից:

«Այդ տեսակետից մենք մեր ուժերը պահում ենք, սակայն ի”նչ կլինի 15 տարի հետո, ա´յ  դա չգիտեմ: Մենք, եթե չկարողանանք գիտության մեջ շտկել շատ հարցեր, ապա հնարավոր է` կորցնենք մեր գիտությունը, որը շատ մտահոգիչ է»,- ասաց Լ. Աղալովյանը:

Կարդացեք նաև

ՀՀ ԳԱԱ Մեխանիկայի ինստիտուտի տնօրեն Լենսեր Աղալովյանի հետ հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ մեր թերթի վաղվա համարում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս