Ովքե՞ր կմիանան Քաղաքացիական պայմանագրին

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հունվարի 24-ին հանդես եկավ նախաձեռնությամբ՝ հանրությանը ներկայացնելով իր խոստացած Քաղաքացիական պայմանագիրը: Այդ փաստաթղթի վերաբերյալ ընդհանուր պատկերացում կազմելու համար նշենք, որ ըստ դրա առաջին կետի, «պայմանագրի մասնակիցների նպատակը ՀՀ քաղաքացիների՝ հասարակական, քաղաքական, իրավական, կենցաղային նոր հարաբերությունների հաստատումն է՝ հիմնված օրենքի առաջ բոլոր մարդկանց հավասարության, Մարդու իրավունքների լիարժեք պաշտպանության և կիրառելիության, կանանց և տղամարդկանց իրավահավասարության, Հայ ժողովրդի ազգային ինքնության, ինքնուրույնության և ինքնիշխանության պահպանման և զարգացման, Հայաստանի ժողովրդին իշխանության կրողի իրական լծակներով օժտելու հրամայականների վրա»։ Պայմանագրի անդամ կարող է դառնալ 18 տարին բոլորած ՀՀ յուրաքանչյուր բնակիչ, ինչպես նաև՝ 18 տարին լրացած յուրաքանչյուր սփյուռքահայ, իսկ պայմանագրին որևէ մարդու միանալը նշանակում է, որ նա անկուսակցական է կամ պայմանագրին միանալու պահից դադարեցնում է մինչ այդ ունեցած կուսակցական պատկանելությունը։

ՀԱԿ անդամ, «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը մեզ հետ զրույցում դրական գնահատելով Փաշինյանի այդ նախաձեռնությունը` միաժամանակ նշեց, որ չգիտի` ի՞նչ արդյունք կունենա այն։

Մեր հարցին` հնարավո՞ր է «Ժողովրդավարական Հայրենիքը» միանա այս նախաձեռնությանը, Պետրոս Մակեյանը պատասխանեց. «Եթե պայմանագրում առաջարկվում է, որ պայմանագրին կարող են միանալ անկուսակցականները կամ նրանք, ովքեր հրաժարվում են կուսակցական լինելուց, դա արդեն տեխնիկական լուրջ  խոչընդոտ է։ Բայց համագործակցության դաշտ ստեղծելը միշտ էլ հնարավոր է, առավել ևս, մեր կուսակցությունը Նիկոլի հետ երկար ճանապարհ է անցել 2007 թվականից՝ «Իմփիչմենթ» դաշինքով, «Այլընտրանք» հասարակական-քաղաքական նախաձեռնությամբ։ Համագործակցության որևէ խնդիր չեմ տեսնում, բայց կուսակցության տարրալուծվելն անհնարին է»։ Ըստ Պետրոս Մակեյանի՝ այս նախաձեռնությունը պատահական չէ, և մտահոգության արդյունք է և Փաշինյանի մոտեցումները, ով, ըստ Մակեյանի, օբյեկտիվ հիմքեր ունի դրա համար։

Պետրոս Մակեյանին խնդրեցինք անդրադառնալ նաև պայմանագրի այն կետին, ըստ որի`  «մասնակիցները համարում են, որ Թավշյա հեղափոխության տրամաբանությունը չի հակասում ընտրական իշխանափոխության տրամաբանությանը»։

Կարդացեք նաև

«Գիտեք, մենք արդեն անցել ենք Թավշյա հեղափոխության մեկ փուլ, եթե ոչ` երկու. առաջինը 98 թվականն էր, երկրորդն էլ` 2000 թվականի մայիսը, այսինքն` Հոկտեմբերի 27-ից հետո, երբ իշխանությունը, այսպես ասած, Վազգենի կողմնակիցների ձեռքում էր, 2000-ի մայիսին այն, փաստորեն, անցավ Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին։ Հիմա եթե նման Թավշյա հեղափոխություններ են լինելու, ավելի լավ է՝ չլինեն։ Պատմությունը ցույց է տվել, որ եղել են Թավշյա հեղափոխություններ՝ նաև դրական արդյունքով, բայց նախադեպերը, ցավոք, դրական չեն»,- ի պատասխան՝ ասաց ԺՀԿ ղեկավար Պետրոս Մակեյանը։

Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությունը պատահական չհամարեց նաև իրավապաշտպան, Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը։

«Հայաստանում քաղաքական ուժերի և քաղաքական գործընթացների նկատմամբ այս համատարած անտարբերության պայմաններում ինչ-որ տեղ հասկանալի է Նիկոլ Փաշինյանի այս նախաձեռնությունը, բայց այլ խնդիր է՝ արդյո՞ք այն որևէ հաջողություն կունենա, թե՞ ոչ։ Ինչո՞ւ եմ այսպես հռետորական հարց տալիս, որովհետև այդպիսի փորձեր նախկինում ևս եղել են։ Հենց նույն Նիկոլ Փաշինյանի կողմից 2007 թ.-ին նախաձեռնած «Այլընտրանք» շարժումը նույնպես, կարծես թե, ավելի շատ ուղղված էր քաղաքացիական ճանապարհով քաղաքական գործընթացների գնալուն։ Կարծում եմ, որ դա անհաջողության մատնվեց, ինչո՞ւ, սա արդեն վերլուծության խնդիր է»,- ասաց Ավետիք Իշխանյանը։ Վերջինս նշեց, որ իր տպավորությամբ` կա°մ Նիկոլ Փաշինյանն ի սկզբանե գիտակցում էր իր նախաձեռնության նման ավարտը, կա°մ էլ նրա շուրջը հավաքված գործիչները, նախապես գիտակցելով, այն ուղղորդում էին դեպի կոնկրետ քաղաքական ուժի ուղղությամբ, որն իր ձևավորումը ստացավ 2007-08 թթ. ընտրություններին։ Հելսինկյան գրասենյակի ղեկավարը հիշեցրեց, որ նման փորձ`  քաղաքական և քաղաքացիական ուժերի միավորման, այսպես ասած, «միքս», հետագայում՝ 2012 թ. խորհրդարանական ընտրություններին, արել է նաև  Րաֆֆի Հովհաննիսյանը, բայց այս երկու փորձերն էլ, կարելի է ասել, անհաջողության են մատնվել։

«Հիմա սա նոր փորձ է, ի՞նչ հաջողություններ կարող է ունենալ, ես դժվարանում եմ գնահատական տալ, որովհետև, մի կողմից, գուցե սրանից ոգևորվեն 2007-08 թթ. ՀԱԿ-ի երիտասարդ ակտիվիստները, քանի որ տպավորությունն այնպիսին էր, որ նրանք ավելի շատ Փաշինյանին էին վստահում, բայց արդյոք դա կունենա՞ լուրջ հենարան քաղաքացիական մյուս շարժումների և, ընդհանրապես, նոր շարժման ձևավորման համար, դժվարանում եմ ասել, որովհետև այստեղ մի խնդիր կա. սա կրկին նախատեսված է՝ որպես քաղաքացիական նախաձեռնություն, բայց դրա ամբողջ նպատակն, ի վերջո, քաղաքական ուժի վերածելն է, պարզ երևում է։ Այստեղ հետաքրքրական է, որ, ըստ էության, խոսքը Հայաստանում նոր ընդդիմադիր քաղաքական ուժի ձևավորման մասին է՝ քաղաքացիական շարժման միջոցով»,- ասաց Ա.Իշխանյանը։ Մենք նաև հարցրինք Ա.Իշխանյանի կարծիքը, թե այդ դեպքում ի՞նչ պետք է անեն քաղաքական գործիչները և ակտիվիստները` քաղաքական ներկայիս գործընթացների նկատմամբ նշված անտարբերությունը վերացնելու համար։

«Ասեմ, որ դրա պատասխանը ես առայժմ չունեմ։ Ես կարող եմ գնահատական տալ ներկա քաղաքական ուժերի մասին, իսկ կառաջանա՞ն նոր քաղաքական ուժեր, թե՞ ոչ, չեմ կարող ասել, որովհետև արդեն շուրջ 20 տարվա ընթացքում, առանց ընտրությունների միջոցով իշխանափոխության, ընդդիմադիր տարբեր քաղաքական ուժեր հայտնվել են իշխանության մեջ, այսինքն` մեկ հայտնվել են, մեկ դուրս են եկել, և այնպիսի մի կոնգլոմերատ է ստեղծվել, որ հասարակության վստահությունը քաղաքական ուժերի նկատմամբ սկզբունքայնության տեսակետից ամբողջովին սպառվել է,- ի պատասխան` ասաց Ա.Իշխանյանը և ավելացրեց,- Վերջերս ես հանդիպում ունեցա Հայաստանի շրջաններից մեկի բնակիչների հետ, և նրանք ինձ համար շատ ցավալի, բայց բավական ցինիկ ձևով ասում էին, թե՝ «ով փող տա, նրան էլ կընտրենք»»։

Տեսանյութեր

Լրահոս