Անտեր ԳՇ-ն և Պապիկյանի խորհրդականների և օգնականների «բազմազանությունն» ու քանակը
Պետական հայտարարագրերի ռեեստրում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի խորհրդականների շարքում հայտնաբերեցինք Դավիթ Վյաչեսլավի Աղաբալյան (2022-05-02 ) անուն-ազգանունով խորհրդականի: Եվ քանի որ բաց աղբյուրներից որևէ տեղեկություն հնարավոր չեղավ նրա մասին գտնել, փորձեցինք ՊՆ-ից ճշտել՝ ի՞նչ մասնագետություն ունի նա, ի՞նչ հարցերով է խորհրդական: Եվ ինչպես սպասվում էր՝ մեզ առաջարկեցին այս պարզ հարցի պատասխանը ստանալու համար գրավոր հարցում ուղարկել: Սա՝ այն դեպքում, երբ Պաշտպանության նախարարի մյուս խորհրդականները և օգնականները, ըստ էության, հայտնի են: Խորհրդականների և օգնականների թվաքանակը պարզելու համար, բնականաբար, ևս առաջարկվեց գրավոր հարցում ուղարկել: Մինչդեռ պետական հայտարարագրերի ռեեստրից այս տեղեկությունը կարելի է ստանալ:
Իսկ պետական հայտարարագրերի ռեեստրի տվյալների համաձայն՝ ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդականներն են՝
1. Արթուր Վանյայի Սիմոնյան (2021-05-12): Սիմոնյանը եղել է Խաղաղապահ ուժերի բրիգադի հրամանատար, ՊՆ գլխավոր խորհրդական:
2. Դավիթ Վյաչեսլավի Աղաբալյան (2022-05-02): Այլ պաշտոնների մասին տեղեկություն չկա:
3. Դավիթ Գարեգինի Ղազարյան (2019-12-30): Այլ պաշտոնների մասին տեղեկություն չկա:
4. Ռազմիկ Վաղարշակի Պետրոսյան (2022-02-17): Եղել է Արագածոտնի մարզպետը: Մամուլը գրել էր, որ օրինական ավարտական դիպլոմ չունի:
5. Մելիքսեթ Արամի Պողոսյան (2022-04-13): Նա եղել է Սյունիքի մարզպետը, իսկ այժմ Սուրեն Պապիկյանին Սյունիքի և Վայոց Ձորի մարզերի պաշտպանության հարցերով խորհուրդներ է տալիս:
6. Գեներալ-մայոր Վարդան Մարտունի Ավետիսյան (2019-12-30): ՊՆ-ում նա հնաբնակ է, զբաղեցրել է տարբեր պաշտոններ:
Օգնականներն են՝
1. Մանե Արամի Մարկոսյան (2021-12-13): Պաշտպանության նախարարի երիտասարդ օգնականը եղել է նաև ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի օգնական:
2. Վաչե Կամոյի Մակունց (2021-12-14): Նա ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցի եղբայրն է:
3. Վանիկ Սարգիսի Չալոյան (2022-04-04): Եղել է փոխվարչապետի օգնական: 2019-ին նրան արտաքսել են ՀՅԴ շարքերից:
Չմոռանանք, որ Սուրեն Պապիկյանի խորհրդականները և օգնականները որոշ դեպքերում հեռու են ռազմական ոլորտից և բավարար փորձառություն չունեն, որ պաշտպանական ոլորտի հետ կապված խորհուրդներ տալու իրավունք ունենային:
Հավելենք, որ ԱԺ անվտանգության և պաշտպանության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը 2019-ին քննադատել էր Դավիթ Տոնոյանի ղեկավարած պաշտպանության նախարարությանը, երբ այն «Սիվիլնեթի»՝ ՊՆ-ի հաստիքային և արտահաստիքային խորհրդականների մասին հարցը համարել էր պետական գաղտնիք պարունակող:
«Գիտեմ, որ նախկին գեներալներ կան, որոնք թոշակի են անցել… բայց որ պետական գաղտնիք կարող է լինել, չեմ պատկերացնում։ Իմ պատկերացմամբ՝ խորհրդականների ինստիտուտը չի կարող համարվել պետական գաղտնիք»,- նշել էր Քոչարյանը և հավելել՝ «խորհրդականները շատ են»:
Հավելենք, որ գեներալ-լեյտենանտ Էնրիկո Ապրիամովը Դավիթ Տոնոյանի շնորհիվ հետ կանչվեց և դարձավ Վրաստանի հետ համագործակցության հարցերով ՀՀ ՊՆ խորհրդական: Իսկ խորհրդականների թվով Սուրեն Պապիկյանը հետ չի, գուցեև՝ առաջ է: Առակաց գիրքն ասում է՝ «յաջողակութիւնը խորհրդականների շատութիւնովը կլինի»: Միգուցե այս ճշմարտությա՞մբ է Պապիկյանն առաջնորդվում: Գուցե: Բայց երկիրը դրանից հաստատ չի հաջողել:
Ի դեպ, մենք ևս կփորձենք գրավոր հարցման միջոցով պարզել՝ արդյո՞ք Սուրեն Պապիկյանը այսքան խորհրդականներից հետո ունի նաև արտահաստիքային խորհրդականներ և օգնականներ, սրանով միաժամանակ կպարզենք՝ որքանով է այս տեղեկությունը Պապիկյանի պաշտպանության նախարարության համար պետական գաղտնիք:
Մյուս կողմից, չմոռանանք, որ Փաշինյանի ՊՆ-ն պատերազմում զոհերի թիվը պետական գաղտնիք էր սկզբում համարում, և որ մինչ օրս ամբողջական ցուցակ չի էլ հրապարակվել, փոխարենը պատերազմից առաջ, դրա ընթացքում հանրայնացվել են իրականում պետական գաղտնիք պարունակող տվյալներ:
Իսկ երկրի Գլխավոր շտաբը մինչ օրս շարունակում է մնալ առանց պետի: