Պահանջում ենք ոստիկանապետի հետ հանդիպում՝ աշխատասենյակում կամ այստեղ՝ ժողովրդի մեջ. Իշխան Սաղաթելյան
Ընդդիմության հանրահավաքի մասնակիցները քայլերթով հասել են Ոստիկանության կենտրոնական շենք, որտեղ ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանն անդրադարձավ ոստիկանության բռնի գործողություններին՝ նշելով, որ գերազանցել են իրենց լիազորությունները:
Իշխան Սաղաթելյանը շեշտեց, որ ոստիկանությունը տեղիք տալով Նիկոլ Փաշինյանի սադրանքներին և հրահանգներին, ակնհայտ բռնությունների է դիմել: Մինչդեռ իրենք առաջին օրվանից ասել են, որ ոստիկանության հետ իրենք որևէ հարց չունեն:
«Մենք ունենք մեկ սպառնալիք երկրի համար, որի անունը Նիկոլ Փաշինյան է, որի միակ հենարանը դուք եք: Դուք պետք է ծառայեք ՀՀ-ին, ոչ թե այդ խելագարին»,- ասաց Սաղաթելյանը՝ զգուշացնելով, որ Նիկոլ Փաշինյանը նոր պարգևավճարներով և շողոքորթությամբ փորձելու է նոր ապօրինությունների մեջ ներգրավել:
Իշխան Սաղաթելյանը ՀՀ ոստիկանապետին 3 հստակ պահանջ ներկայացրեց.
1․ Մինչև վաղը պետք է կասեցվեն բոլոր այն ոստիկանների լիազորությունները, որոնք քաղաքացիների, պատգամավորների նկատմամբ հանցավոր, ապօրինի գործունեություն են իրականացրել, և նրանք պետք է ենթարկվեն քրեական պատասխանատվության:
2․ Պետք է հասարակությանը պարզ լինի՝ ովքեր են այդ մարդկանց հրահանգներ և երաշխիքներ տվողները:
3․ Ոստիկանապետը պիտի հանդես գա հստակ հայտարարությամբ՝ դատապարտելով այդ վայրագությունները, և այսուհետ դադարեցնի ժողովրդի նկատմամբ անհամաչափ և բռնի ուժի կիրառումը:
Այնուհետ Իշխան Սաղաթելյանը պահանջել է հանդիպում ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանի հետ՝ ժողովրդի մեջ, կամ աշխատասենյակում: