Վանեցյանը մանրամասնեց՝ ինչու է ձերբակալվել Գարիկ Գալեյանը
«Մենք որևէ պարագայում մեր հերոսածին ծնողներին միայնակ չենք թողնելու»,- այս մասին քիչ առաջ Ֆրանսիայի հրապարակում ընդդիմության հանրահավաքի ընթացքում հայտարարեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը։
Նա ասաց, որ այսօր խոսելու է իր և բոլորի համար բարդ թեմայի շուրջ։ Վանեցյանը հիշեցրեց, որ այսօր, երբ իրենք անհնազանդության խաղաղ ակցիաներ էին իրականացնում, օրվա կեսին լուր ստացան, որ այս իշխանությունները որոշում են կայացրել ձերբակալել Գարիկ Գալեյանին՝ 44-օրյա պատերազմում նահատակված հերոսի՝ Մխիթար Գալեյանի հորը։
«Դուք գիտեք, որ մեր նահատակված զինվորների ծնողներն արդեն երկար ժամանակ պահանջում են, որպեսզի Հայաստանի իրավապահ համակարգը հայտնաբերի և պատասխանատվության ենթարկի այն անձին, ում պատճառով նահատակվել են մեր տղերքը։ Գիտեք, որ եղավ Գլխավոր դատախազի հանձնարարությունը քննչական մարմնին՝ այդ գործի շրջանակներում հրավիրել հարցաքննության վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձին, բայց քննիչը մինչ այս պահը չի կատարել այդ պահանջը։ Զինվորների ծնողները գնացել են Զինվորական քննչական վարչություն և իրենց խոսքն են բարձրացրել, ասել են․ «պարտավոր եք կանչել և այդ մարդուն հարցաքննել»։
Սկսել են տարբեր-տարբեր պատճառաբանություններ ներկայացնել, թե ինչու չեն հրավիրում հարցաքննության Նիկոլ Փաշինյանին։
Ծնողները վրդովվել են, բողոքի ակցիա են իրականացրել, դրա ընթացքում դուրս է եկել մեկը՝ գնդապետի ուսադիրներով, Գարիկ Գալեյանը մոտեցել ու իր արդարացի պահանջն է ներկայացրել։ Հետագայում պարզվել է, որ Քննչական վարչության դիմացի շենքը, որպեսզի պատկերացնեք, 5 մետր իրարից հեռավորությամբ՝ ընդհանուր բակով, ինչ-որ նորաստեղծ զորամաս է․․․ հիմա Գարիկ Գալեյանին մեղադրանք են առաջադրել ՀՀ Քրեական օրենսգրքի 327․6 հոդվածով՝ զորամաս կամ հատուկ պահպանվող կամ զինվորական այլ տարածք ապօրինի մուտք գործելը, որը նախատեսում է մինչև 5 տարի ազատազրկում։
Դուք պատկերացնո՞ւմ եք՝ ինչի՞ մասին է խոսքը։ Դրանից բացի, այսօր մենք իմացանք, որ նաև այդ գործով որոշում են կայացրել ձերբակալել Գարիկ Գալեյանի ավագ եղբորը՝ Արթուր Գալեյանին, ով իր եղբոր հետ և մնացած ծնողների հետ այդ արդարացի պահանջի համար երեկ գնացել ու ձայն է բարձրացրել։ Ցերեկվանից մենք մի քանի պատգամավորներով եղել ենք Քննչական վարչությունում, միջնորդություն ենք ներկայացրել, որպեսզի խափանման միջոցը փոխվի, և անձնական երաշխավորություն ենք ներկայացրել։ Քիչ առաջ, մինչև ելույթ սկսելն ինձ ասացին, որ նախաքննություն իրականացնող մարմինը որոշում է կայացրել այնուամենայնիվ Գարիկ Գալեյանի խափանման միջոցը փոխել և կիրառել ստորագրություն չհեռանալու մասին։ Բայց Արթուրի մասով ոնց որ չեն ուզում փոխել այդ որոշումը, բայց մենք պարտադրելու ենք, որպեսզի նրանք փոխեն»,- ասաց Վանեցյանը, շարունակելով, որ քիչ առաջ, երբ իջնում էր Զինվորական քննչական վարչությունից՝ մոտ 50 կամ ավելի ծնողներ կային ու ասացին․ «Մենք բոլորս Գարիկ ենք, բոլորս Արթուր ենք և մենք բոլորս պահանջելու ենք, որ այս տղաներն ազատ արձակվեն»։
Վանեցյանին ծնողները նաև հորդորել են հարթակից իրենց անունից փոխանցել, որ հանկարծ իրենց մենակ չթողնեն։ «Մենք որևէ պարագայում մեր հերոսածին ծնողներին միայնակ չենք թողնելու։ Այս իշխանությունները 4 հազարից ավել զոհած հանցագործներին մինչև այս պահը պատասխանատվության չեն ենթարկել, բայց հերոսածին ծնողին մեկ րոպեում ձերբակալելու ու քրեական գործ հարուցելու որոշում են կայացրել։ Ամո՛թ, ամո՛թ, ամոթ՛»,- ասաց Վանեցյանը։
Ամփոփելով իր խոսքը՝ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավարը նաև ասաց, որ բոլորն իրար հետ շատ կարճ ժամանակ հետո այս պայքարը հասցնելու են տրամաբանական ավարտին։
«Դուք տեսնում եք, որ մեր պայքարն օրեցօր ուժեղանում է, ավելի շատ մարդիկ են գալիս»,- նկատեց Վանեցյանը։