«Հայհոյող ոստիկանն իրավաչափ հիմք է ստեղծում իր հնչեցրած հայհոյանքը իր ծնողներին ու անմիջական հրամանատարին վերահասցեագրելու համար». փաստաբաններ
Այսօր վաղ առավոտից, ընդդիմադիրները, ինչպես նախօրեին հայտարարել էին, 5 ուղղություններով ավտոերթ էր իրականացնում մայրաքաղաքի տարբեր հատվածներում ու Երևանից դուրս եկող մայրուղիներով: Արդեն առավոտյան իշխանական ու իշխանամերձ կայքերը գրեցին, որ վաղվանից ավտոերթի մասնակիցների մեքենաները բերման են ենթարկելու, պահելու են տուգանային հրապարակում, իսկ վարորդները ենթարկվելու են վարչական պատասխանատվության, մինչդեռ ավտոերթի մասնակիցներն ունեն Սահմանադրությամբ ամրագրված իրավունքներ:
Սահմանադրագետ Գոհար Մելոյանն էր հիշեցրել դրանք՝
«Եթե Դուք ավտոերթի մասնակից եք, ապա իրավունք ունեք.
- իրականացնելու հավաքների ազատության Ձեր սահմանադրական իրավունքը, այս դեպքում՝ ավտոերթի տեսքով, թույլատրելի նվազագույն արագությամբ երթևեկելու, իրավապահ մարմինների կողմից ցանկացած միջամտության պարագայում պահանջելու, որպեսզի բացատրեն, թե ի՞նչ խախտում եք իրականացնում, իրավապահ մարմիններից պահանջել բավարար ժամանակ ենթադրելի խախտումը դադարեցնելու համար, փորձեք լինել բարեկիրթ և տեսաձայնագրել իրավապահ մարմինների ներկայացուցիչների միջամտության փորձերը կամ երկխոսությունները վերջիններիս հետ, բերման ենթարկվելու պարագայում՝ պահանջել զանգի հնարավորություն»,- գրել էր նա:
Գոհար Մելոյանը նաև ոստիկանության աշխատակիցներին էր հիշեցրել իրենց իրավունքների սահմանների մասին՝ համաձայն «Ոստիկանության մասին», «Ոստիկանական ծառայության մասին» օրենքների.
- Ոչ ոք իրավունք չունի ստիպել ոստիկանության ծառայողին կատարելու այլ՝ օրենքով իրեն չվերապահված պարտականություններ:
- Ղեկավարներից (անմիջական կամ ուղղակի) կամ այլ լիազորված պաշտոնատար անձանցից օրենքին հակասող ակնհայտ անօրինական հրամաններ, հրահանգներ և կարգադրություններ ստանալիս ոստիկանության ծառայողը պարտավոր է ղեկավարվել միայն օրենքի պահանջներով՝ այդ մասին տեղյակ պահելով վերադասին:
- Ակնհայտ անօրինական հրամանով կամ կարգադրությամբ դիտավորյալ հանցանք կատարած ոստիկանության ծառայողները, ինչպես նաև անօրինական կարգադրություն կամ հրաման տվող պաշտոնատար անձինք կրում են պատասխանատվություն։
- Ակնհայտ անօրինական հրամանը կամ կարգադրությունը չկատարելը բացառում է պատասխանատվությունը»,- գրել էր նա:
Այս հրամայականներն անտեսելով, սակայն, ոստիկանության ծառայողները և հատկապես նրանց կարմիրբերետավոր ստորաբաժանումներն այսօր իսկական որս էին սկսել ավտոերթի մասնակիցների նկատմամբ: Կիրառվում էր ոստիկանական ողջ զինանոցը՝ ավտոմեքենաների բերման ենթարկում, գույքի վնասում, բռնի ուժի կիրառում, հայհոյանքներ:
Ողջ համացանցը և ԶԼՄ-ները լի են նման տեսանյութերով, որոնցից ամենազարհուրելին տարեց ազատամարտիկի նկատմամբ կիրառված անօրինակ բռնությունն էր՝ ուղեկցված ոստիկաններից մեկի կողմից արտաբերված լկտի հայհոյանքնով:
168.am-ը փաստաբաններ Երվանդ Վարոսյանին ու Հովհաննես Խուդոյանին խնդրեց ուսումնասիրել տեսանյութերն ու մեկնաբանել ոստիկանական գործողությունները:
«Արդեն վաղուց բարդ է Հայաստանի ոստիկանությանը իրավական գնահատականներ տալ, որովհետև ոստիկանությունն ինքը իրավական դաշտում առհասարակ չի գործում և դարձել է քաղաքական ուժի ենթամարմին: Ցավալիորեն մեր ոստիկանությունը վերածվել է «Քաղաքացիական պայմանագրի» (ՔՊ) ոստիկանության և կոնկրետ քաղաքականության մեջ կոնկրետ դեր է տանում, այն է՝ Նիկոլ Փաշինյանի քաղաքական հակառակորդների ամեն կերպ ճնշելը»,- ասաց Երվանդ Վարոսյանը:
Փաստաբանի խոսքով՝ իհարկե, կարելի է նորից հայտարարել, պնդել, ապացուցել, հիմնավորել, որ ոստիկանների գործողությունները ոչ իրավաչափ են, ոչ համաչափ ու վայրագ, բայց դա այս պահին ոչինչ չի նշանակում, որովհետև ՔՊ-ի ոստիկանության պարագայում այն, ինչ իրենք անում են, նորմալ է:
«Այս իրավիճակից ելքը, չեմ կարծում, որ իրավական հարթության մեջ է: Ոստիկանությունը պարզապես պետք է ազատագրել քաղաքական մեկ ուժի և մեկ մարդու տիրապետությունից»,- ասաց Երվանդ Վարոսյանը:
Փաստաբան Հովհաննես Խուդոյանը նույնպես վրդովված էր ոստիկանական գոծողություններից ու հատկապես անհնազանդության ակցիայի տարեց մասնակցի՝ ազատամարտիկ Գեորգի Արիստակեսյանի հասցեին ոստիկաններից մեկի հնչեցրած հայհոյանքի ու առհասարակ նրանց վարքագծի առնչությամբ:
Նա նույնպես ուսումնասիրել էր տարբեր տեսանյութեր ու եկել այն եզրահանգման, որ նախ չկար ոստիկանության միջամտության իրավաչափ նպատակ, կոնկրետ տարեց տղամարդուն վերաբերող հատվածում չի երևում, որ օրինական պահանջ է ներկայացվել:
«Առհասարակ ոստիկանին ոչ հարիր վարքագիծ է։ Առանձին դեպքերում ոստիկանը բաժանում է մեկ այլ ոստիկանին ու քաղաքացուն։ Անհավասարակշիռ, ագրեսիվ ծառայողներ չպիտի լինեն։ Բռնության դեպքերը հստակ խոշտանգման դեպքեր են, ոչ թե ձեռք ծալելը կամ հնարք կիրառելը, այլ հենց հարվածներ հասցնելը: Հայհոյող ոստիկանը ևս անհամատեղելի է իր ծառայության հետ, ու բացի դրանից, նա անցնում է իր լիազորությունների սահմանները և իրավաչափ հիմք ստեղծում իր հնչեցրած հայհոյանքը իր ծնողներին ու անմիջական հրամանատարին վերահասցեագրելու համար, քանի որ վերջիններս ձախողել են զավակի կամ ենթակայի դաստիարակությունը»,– եզրափակեց նա: