Շատերը փորձում են պառակտել, բայց նման խնդիր ընդհանրապես չկա. Իշխան Սաղաթելյան
«Ակնհայտ է, որ այս իշխանությունը մեր հանրությանը խաբել է բոլոր ոլորտներում. խոստացել է սեր, համերաշխություն, բերել է ատելություն և պառակտում, խոստացել է ներդրումներ, աշխատատեղեր, արժանապատիվ կյանք, բայց չկան ներդրումներ, մարդիկ ամեն օր ավելի վատ են ապրում, խոստացել է անվտանգություն, բարեկեցություն, Արցախի հարցում խոստացել է, որ առանց ժողովրդի որևէ որոշում չեն կայացնելու, այստեղ ևս ամբողջությամբ ձախողել են, խոստացել են հայ մարդուն երջանկություն, բերել են մահ, կորուստներ, հայրենիքի կորուստ»,- Ֆրանսիայի հրապարակում հրավիրված ասուլիսում հայտարարեց Աժ փոխնախագահ, ՀՅԴ ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանը, շարունակելով թվարկել իշխանությունների խոստացածն ու չկատարածը.
«Խոստացել էին ժողովրդավարություն, խոսքի ազատություն, բայց այսօր տեսնում եք՝ ինչ է կատարվում Հայաստանում, խոստացել էին արդարադատություն, բայց շրջափակել են դատարանները, այն դատավորներին, որոնք իրենց ապօրինի հրահանգները չեն կատարում, որոնք իշխանության հրահանգով չեն ձերբակալում ընդդիմադիր գործիչներին, իրենք կալանքի են տանում այդ դատավորին»:
Ընդդիմադիր գործիչը հիշեցրեց, որ մի առիթով ասել է, որ հաջորդ իշխանությունը պետք է իրականություն դարձնի այն բոլոր խոստումները, որոնք տրվել էին 2018-ին, սակայն մնացել են անկատար:
«Լուծումները հեշտ չեն լինելու. մեր երկիրն իրականում կանգնած է ծանր մարտահրավերների առջև: Մենք որևէ մեկին կախարդական փայտիկ չենք խոստանում՝ ինչպես իրենք էին խոստանում:
Մարդն իր խնդիրներով է մնացել, ու չկա իշխանություն. էս էկոնոմիկայի նախարարով դու չես կարող գյուղատնտեսություն և զարգացած տնտեսություն ունենալ, էս արդարադատության նախարարով դու չես կարող երկրում արդարադատություն ունենալ, այս ՄԻՊ-ով ՀՀ-ում մարդու իրավունքները երբեք պաշտպանված չեն լինի, որովհետև ինքը ՄԻՊ չի. ինքը ՔՊ-ականների սուրճ դնողի կամ իրենց պաշտպանությամբ զբաղվողի ֆունկցիա ունի:
Այսինքն՝ համատարած անբանություն, անկարողություն, դիլետանտ մարդկանց խումբ, որոնք ժողովրդին խաբելով՝ եկան իշխանության, և օրեցօր երկիրը տանում են անդունդ: Ի՞նչ պետք է անենք. այս բոլոր սխալները ուղղենք»:
Անդրադառնալով այս պահի անվտանգային օրակարգերին, տարածքային նոր կորուստների մասին տեղեկություններին՝ նա նշեց, որ կանխելու մի ճանապարհ կա՝ իշխանություններին հեռացնելը:
«Մենք այս հրապարակից հստակ հայտարարել ենք, որ Փաշինյանի որևէ պայմանավորվածություն առոչինչ է, որովհետև ինքը ժողովրդի կողմից մանդատ չունի։ Էս թող իմանան միջազգային գործընկերները, այդ թվում՝ նաև Ադրբեջանն ու Թուրքիան, որ իր հետ որևէ պայմանավորվածություն, մեր ժողովրդի կողմից, մեր բոլորի կողմից հայտարարելու ենք առոչինչ, որովհետև այն պայմանավորվածությունները, որոնք նա փորձում է ձեռք բերել Ադրբեջանի հետ, խաղաղության պայմանագիր չէ. հայրենազրկման և ՀՀ պետականությունը կորցնելու պայմանագիր է, հետևաբար՝ մեր կողմից անընդունելի է:
Մենք չենք ասում, որ սրանց հեռացնելուց հետո Ադրբեջանին կամ Թուրքիային պատերազմ ենք հայտարարելու և չենք բանակցելու. բանակցելու ենք, բայց այդ բանակցություններին գնալու ենք մեր օրակարգով՝ մեր ժողովրդի, պետության շահերը պաշտպանելու, այլ ոչ թե գնալու ենք գլուխներս կախ՝ տեսնենք ինչ են ասելու իրենք»,- շեշտեց Իշխան Սաղաթելյանը:
Արձագանքելով շարժման պառակտման մասին իշխանական շրջանակներում գեներացվող տեղեկություններին՝ նա վստահեցրեց, որ շատերը փորձում են պառակտել, բայց նման խնդիր ընդհանրապես չկա:
«Շարժումը քաղաքական է, բայց վերկուսակցական է։ Հաճախ կուսակցություններն ավելի են աչքի ընկնում, որովհետև ունեն կազմակերպված ռեսուրս։ Բայց պառակտում չկա. ընդհակառակը՝ կա լայն համախմբում, որովհետև մենք չենք համախմբվել ինչ-որ մեկ կուսակցության կամ անհատի շուրջ, մենք համախմբվել ենք գաղափարի շուրջ»,- ասաց շարժման անդամը:
Հարցին, թե ինչ ուժերից է բաղկացած լինելու հաջորդ կառավարությունը և ով է գլխավորելու 250 հոգանոց ցուցակը, Իշխան Սաղաթելյանը պատասխանեց, որ լինելու են այն քաղաքական ուժերի ներկայացուցիչները, որոնք այս պայքարի ընթացքում և այս հարթակում են, և այս հարթակից դուրս են, բայց մենք շատ կարևորություն ենք տալիս համապատասխան փորձ, գիտելիք ունեցող անձանց:
«Այսինքն՝ ոչ միայն քաղաքական դեմքերն են, որոնց ճանաչում եք, այլ բազմաթիվ անկուսակցական մարդիկ, որոնք ունեն այդ ներուժը, որոնց պետք է դիմենք, և որոնք ժողովրդի պահանջով պետք է ստանձնեն այդ պատասխանատվությունը,- հավելեց ընդդիմադիր գործիչը՝ տեղեկացնելով, որ այդ առումով
խորհրդակցություններ չեն արել այն անձանց հետ, ում պատկերացնում են, որովհետև այդ փուլում չեն, միևնույն ժամանակ շեշտեց,- Պետք է ստեղծենք լավագույն հավաքականը, որը պատրաստ է ստանձնել հավաքական պատասխանատվություն երկիրն այս իրավիճակից դուրս բերելու: Նման մարդիկ կան»:
Անդրադառնալով օդիոզ դեմքերի առկայությանը՝ Իշխան Սաղաթելյանը նշեց, որ նման մարդիկ հաջորդ իշխանության մեջ որևէ դերակատարություն չեն ունենալու, որևէ արտոնյալ կարգավիճակ չեն ունենալու: