«Բա կարելի՞ էր ՀՀ նախկին գլխավոր դատախազի գործով նման որակի գործ տանել դատարան… Աղվան Հովսեփյանի կենսագրությունից իր զբաղեցրած պաշտոնների տարիները չեն ջնջվելու». Երեմ Սարգսյան
«Ակնհայտ անօրինական, խայտառակ խախտումներով որոշում էր, և, իհարկե, որևէ սպասելիք չկար, որ դատարանը՝ Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, հանկարծ կարող է ազատ արձակել Աղվան Հովսեփյանին, որովհետև ի սկզբանե գործը տվել են իրեն այն նպատակով, որ կալանքից չազատի և վերջում էլ մեղադրական դատավճիռ կայացնի»,- 168.am-ի «Ռեվյու» հաղորդաշարի հերթական թողարկման ժամանակ ասաց փաստաբան Երեմ Սարգսյանը՝ անդրադառնալով ՀՀ նախկին գլխավոր դատախազ, Քննչական կոմիտեի նախկին նախագահ Աղվան Հովսեփյանին կալանքի տակ թողնելու՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի որոշմանը:
Նա վստահ է՝ սա քաղաքական պատվեր է, որովհետև հենց առաջին կալանավորումը 2021թ. նորից հանձնարարվել էր Մնացական Մարտիրոսյանին, Աղվան Հովսեփյանի բնակարանների խուզարկությունները՝ նույնպես: Երկու տարի անց նորից որոշվում է, որ այս գործը կրկին քննի Մնացական Մարտիրոսյանը ու թողնի կալանքի տակ:
«Իրենք ունեն անձինք, իրենց համար ծայրահեղ վստահելի, և վստահ են, որ նրանք երբևէ անցանկալի որոշում չեն կայացնի: Այսինքն՝ ուրիշ դատավոր չկա, հա՞… Գործն ըստ այբբենական կարգի՝ անընդհատ ընկնում է այս դատավորի մոտ: Մենք դատարանում հիմնավորեցինք, որ դա դիտավորյալ է արվել և ինչպես է արվել: Աղվան Հովսեփյանի մասով կան անձնական շահագրգռություններ, և ինքն էլ է հասկանում, որ որոշիչ կառույցներում ղեկավար պաշտոններ զբաղեցնող անձինք, երբ իր նկատմամբ ունեն թշնամական հարաբերություններ, նրանք կոնկրետ ուղղվածություն են տալիս գործին»,- ասաց Երեմ Սարգսյանը՝ բերելով կոնկրետ օրինակներ:
Ըստ նրա՝ նախաքննության փուլում իրենք հաճախ են լսել, որ էլեկտրոնային մակագրման համակարգի բանալիները հատուկ չեն տրվում, մինչև գործն ուղարկեն դատարան՝ մակագրվի:
«Հետո իմացանք, որ բանալիները տրվել են, բայց չեն գործարկում: Ու ե՞րբ գործարկեցին. դատական նիստից անմիջապես մեկ օր անց: Բայց մինչ այդ մակագրությունը կատարեցին, ոնց ուզեցին, տվեցին Մնացական Մարտիրոսյանին, նոր դրանից հետո գործարկեցին: Ընդ որում, մենք նիստի ժամանակ այդ հարցը ուղիղ բարձրացրեցինք: Ո՞նց կարող է 42 օր այդ համակարգի բանալիները լինեն, ու այն չգործարկվի»,- նշեց փաստաբանը:
Երեմ Սարգսյանը տարօրինակ է համարում, որ ձեռքով մակագրումն ընդունելի են համարում, մինչդեռ, երբ իրենք Բարձրագույն դատական խորհրդին (ԲԴԽ) հարցում են ուղարկում՝ կա՞ արդյոք մակագրման ընթացքը ստուգելու հնարավորություն, իրենց ասում են՝ մեր իրավասություններից դուրս է, մենք այստեղ անելիք չունենք:
Փաստաբանը խոսեց ձեռքով մակագրության՝ դատարանների նախագահների կողմից ներդրված «տեխնիկայից»:
«Կոնկրետ օրը դատարան գործեր են մուտք արվում տարբեր ժամերի: Ենթադրենք՝ մուտք է արվել 15 գործ: Հավաքում են, ոչ թե նույն մուտքագրման պահին գործը մուտքագրում համակարգ, այլ նայում ըստ նպատակահարմարության: Տեսնում են, ենթադրենք, Աղվան Հովսեփյանի գործը կա: Բա ո՞նց անենք՝ գործն ընկնի Մնացական Մարտիրոսյանի մոտ… Նայում են, եթե ենթադրենք՝ Մարտիրոսյանի հերթը 6-րդն է, բոլոր գործերից վեցերորդը Աղվան Հովսեփյանինն են մուտք անում, որ «ընկնի» Մնացական Մարտիրոսյանի մոտ»,- ասաց Երեմ Սարգսյանը:
Հարցին՝ ինչո՞ւ մայիսի 5-ի դատական նիստի ժամանակ Աղվան Հովսեփյանը առաջինը խոսեց հենց Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանի մասին, Երեմ Սարգսյանն ասաց՝ կդժվարանա պատասխանել այդ հարցին, որովհետև Աղվան Հովսեփյանն ինքն է որոշում՝ իր խոսքն ինչպես ներկայացնի:
«Ինքն այդ պահին այդպես նպատակահարմար գտավ: Կարծում եմ՝ ինքը սկզբից եկավ, քանի որ նախաքննական մարմինն է ըստ էության այդ մեղադրանքներն առաջադրել ու քննությունը կատարել: Հետագայում կունենա՞ այլ բացահայտումներ, կգտնի՞ դրա անհրաժեշտությունը, թե՞ ոչ, ինքը կորոշի»,- ասաց փաստաբանը:
Երեմ Սարգսյանն անդրադարձավ նաև նախաքննության որակին ու դատախազական վերահսկողությանն այս գործի նկատմամբ:
«Բա կարելի՞ էր այս գործով, Հանրապետության նախկին գլխավոր դատախազի գործով նման որակի գործ տանել դատարան: Ամբողջ ՀՀ Գլխավոր դատախազությունը հսկողություն է անում ՀՔԾ-ի քննած գործի նկատմամբ, գործ ունենք երկու հսկայական հզոր կառույցի հետ, ու էս տիպի գո՞րծ դատարանում…»,- տարակուսեց փաստաբանը՝ հավելելով՝ դատախազներն ունեն լուրջ գիտելիքներ, բայց չունեն փաստարկներ, որ ներկայացնեն:
Երեմ Սարգսյանի խոսքով՝ դատական նիստին Աղվան Հովսեփյանի պաշտպանական կողմը դատավոր Մնացական Մարտիրոսյանին ասել է՝ իզուր է այսքան լսում այստեղ բերվող փաստարկները, միևնույն է, մի որոշում է կայացնելու:
«Ասում էինք՝ դու արդեն որոշել ես, գնալու ես, գրես՝ այս փուլում ևս, քանի որ ինքը նախկինում պաշտոն է զբաղեցրել, կազդի դատավարության մասնակիցների վրա: Որոշման մեջ Մնացական Մարտիրոսյանը բառացի, ինչ որ ասել էի դատական նիստի ժամանակ, գրել էր»,- ասաց պաշտպանը:
Մանրամասները՝ տեսանյութում