Պենտագոնը հերքել է «Մոսկվա» հածանավի տվյալներն Ուկրաինային տրամադրելու մասին հաղորդագրությունները
Պենտագոնի պաշտոնական ներկայացուցիչ Ջոն Քիրբին հերքել է ամերիկյան ԶԼՄ-ներում հայտնված այն հաղորդագրությունները, թե իբր ԱՄՆ-ն է Ուկրաինային հետախուզական տվյալներ տրամադրել ռուսական «Մոսկվա» հածանավի վերաբերյալ: Այդ մասին գրում է New York Times թերթը:
Ավելի վաղ CNN հեռուստաալիքը, վկայակոչելով աղբյուրների, հաղորդել է, որ Ուկրաինայի զինծառայողներն ամերիկյան կողմից հետախուզական տվյալներ են ստացել հածանավի գտնվելու վայրի վերաբերյալ: «Ուկրաինացինեցն իրենց սեփական հնարավորություններն ունեն հետախուզության ոլորտում, որպեսզի հետեւեն եւ նշանառության տակ վերցնեն Ռուսաստանի նավերը»,-թերթը մեջբերում է Քիրբիի հայտարարությունը: Ավելի վաղ ՌԴ պաշտպանության նախարարությունը հաղորդել էր, որ ապրիլի 13-ին հրդեհի հետեւանքով «Մոսկվա» հրթիռային հածանավը լուրջ վնասվածքներ է ստացել զինամթերքի դետոնացիայի պատճառով: Նավը պահպանելու համար պայքարի ընթացքում զոհվել է մեկ զինծառայող, անձնակազմի եւս մեկ անդամ անհայտ կորել է, անձնակազմի մնացած 396 անդամները տարհանվել են, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: