Մեզ քաղաքական ղեկավարությունը հրահանգներ չի տալիս. փոխոստիկանապետ Կամո Ցուցուլյանը ԱԺ տարածքում է
Նիկոլ Փաշինյանը 14:30-ից արդեն ժամանել է Ազգային ժողով: Դեմիրճյան փողոցում կենտրոնացած են մեծաթիվ ոստիկանական ուժեր: Փողոցն ամբողջությամբ փակ է: Քաղաքացիներից՝ անցուդարձի համար ոստիկանությունը պահանջում է անձը հաստատող փաստաթուղթ, ապացուցելու համար, որ բնակվում են Դեմիրճյան փողոցում: Իսկ այդտեղ գործող բժշկական կենտրոնի այցելուներից պահանջում են զանգահարել բժիշկներին, որպեսզի նրանք հաստատեն այցելության փաստը:
Դեմիրճյան փողոց է եկել ՀՀ ոստիկանության պետի տեղակալ, գնդապետ Կամո Ցուցուլյանը: Տպավորություն է, որ նախապատրաստվում է հատուկ գործողություն, քանի որ ոստիկանական ստորաբաժանումներից մեկը կրում է վահաններ ու սաղավարտներ; Ազգային ժողովի տարածքը վերահսկվում է նաև դրոնով: Վաղ առավոտից խորհրդարանի ամբողջ տարածքում տեղադրվել են ուլտրաձայնային նռնակներ։ Նախօրեին էլ զոդել էին ԱԺ ճաղավանդակները։
Անվտանգային աննախադեպ միջոցառումները փաստում են, որ ռեժիմը խուճապի մեջ է:
Դրա վառ ապացույցն է ՀՀ ազգային անվտանգության ծառայության տարածած հաղորդագրությունը, որտեղ նախ տեղեկացվում է, թե հավաստի օպերատիվ տվյալներ են ստացվել, որ Երևան քաղաքում անցկացվող հավաքի կազմակերպիչները մտադրված են այսօր անցկացվող ՀՀ ԱԺ հերթական նստաշրջանի ընթացքում սադրանքների միջոցով հրահրել հակաօրինական գործողություններ և դրդել հավաքի մասնակիցներին զավթել ԱԺ շենքը և հարկադրել կատարելու որևէ գործողություն՝ այդ կերպ ապակայունացնել երկրի ներքին անվտանգությունը, խաթարել հասարակական կարգն ու անվտանգությունը: Ազգային անվտանգության ծառայությունը խստորեն նախազգուշացնում է հավաքի կազմակերպիչներին և դրանց մասնակիցներին՝ ձեռնպահ մնալ հակաօրինական գործողություններ կատարելուց՝ հակառակ պարագայում կատարվածի ողջ պատասխանատվությունը կրելու են դրանց կազմակերպիչները: Ծառայությունը կոչ է անում բոլոր օրինապաշտ քաղաքացիներին տուրք չտալ սադրանքներին, զերծ մնալ հակաօրինական քայլեր կատարելուց, չտրվել սադրանքներին՝ հակառակ պայմաններում հավասարապես կիսելու են քրեական պատասխանատվության ողջ բեռը:
Նույնատիպ հայտարարություն է տարածել նաև ՀՀ Ոստիկանությունը:
Դեմիրճյան փողոց ժամանած Կամո Ցուցուլյանը 168.am-ի հետ զրույցում հերքեց, թե պատրաստվում է որևէ գործողություն, և հրաժարվեց պատասխանել այլ հարցերի:
Նշենք, որ ԱԺ-ում ժամը 16:30 կսկսվի ԱԺ- կառավարություն հարցուպատասխանը: Իսկ ընդդիմությունը երեկ հայտարարեց, որ այսօր ժամը 15:30-ին Ֆրանսիայի հրապարակում ներկայացնելու է Նիկոլ Փաշինյանի հրաժարականի հանրային պահանջ: