«Ինչ անել – կոնկրետ քննարկման համար որպես մոդել». Ստեփան Դանիելյան
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանyը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ինչ անել – կոնկրետ քննարկման համար որպես մոդել
1. Փողոցային անիմաստ ու անհեռանկարային քաշքշոցը պետք է դադարեցվի ու կենտրոնացվի Ազատության հրապարակում մի շարք կազմակերպչական խնդիրներ լուծելու համար: Գործող ռեժիմը վախենում է ոչ թե փողոցային քաշքշոցներից, այլ ռացիոնալ քայլերից:
2. Հայտարարել զուգահեռ (Վստահության) վերկուսակցական կառավարություն, պատրաստել զուգահեռ կառավարության կազմը ու Ազատության հրապարակում նոր կառավարության նիստեր գումարել՝ բաց և թափանցիկ եղանակով:
3. Կառավարության ցուցակում պետք է ներառել ներկայիս կառավարության այն անդամներին, որոնք արտաքին քաղաքականություն են իրականացնում՝ բանակցություններ վարող փոխվարչապետը, ԱԳՆ նախարարը (հասկանալի է, որ չեն գալու ու մասնակցելու նիստերին): Սա կարևոր է, որովհետև Հայստանի ու Արցախի շուրջ հիմա շատ վտանգավոր պրոցեսներ են ընթանում ու միջազգային քաղաքականության կենտրոնում ենք հայտնվել, որտեղ փխրուն իրավիճակ է՝ հատկապես մեր տարածաշրջանում: Այդ պատճառով արտաքին միջամտությունը երկրի ներսում չափազանց որոշիչ է դարձել (միաժամանակ տարբեր կենտրոնների կողմից) և Թուրքիայի ու Ադրբեջանի հետ բանակցություններն, այս պահին, ռազմական կոնֆլիկտի չեզոքացման հիմնական մեխանիզմն է:
4. Հայտարարել, որ բանակցություններն Ադրբեջանի ու Թուրքիայի հետ շարունակվելու են:
5. Զերծ մնալ արտաքին քաղաքականության հետ կապված կարգախոսներից, քիչ տալ Արցախի անունը, մի կողմ դնել հակաթուրքական ու հակաադրբեջանական կոչերը (մինչև ուկրաինական պատերազմի ավարտը պետք է չափազանց զգույշ լինել խոսքերում), զերծ մնալ աշխարհաքաղաքական դիսկուրսից:
6. Զերծ մնալ ներքաղաքական թշնամության բառապաշարից:
7. Այդ դեպքում, որն է վարչապետի հրաժարականի հիմնավորումը: Կառավարության հրաժարականի հիմնական հիմնավորումը.
– հանրային վստահության վերականգնում, ինչը հնարավոր չէ ներկայիս վարչապետի գործունեության շարունակության պարագայում,
– սոցիալական արդարության համար մի շարք քայլերի ու նախաձեռնությունների մասին Վստահության Կառավարությունը կոնկրետ բավանդակային հայտարություն պետք է անի՝ նշելով կոնկրետ քայլերը,
– արտաքին լսարանի համար – հանրությունը պետք է վստահի կառավարությանը, առանց որի հնարավոր չէ որևէ արտաքին պայմանավորվածություն ձեռք բերել ու դա պետք է հասկանան արտաքին պարտնյորները: Ներկայիս վարչապետը չունի հանրային վստահություն որևէ պատասխանատու քայլ անելու համար:
8. Ամենավերջում ամենակարևորը՝ Վստահության Կառավարությունը հայտարարվում է ժամանակավոր, մինչև նոր ընտրությունները, և նրա կազմի բոլոր անդամները պետք է նախօրոք վստահեցնեն, որ հաջորդ ընտրություններում, որպես պատգամավորի թեկնածու, հանդես չեն գալու, սակայն կարող են ներառվել հաջորդ կառավարության կազմում: Դա ճգնաժամային, այլ ոչ թե կուսակցական կառավարություն պետք է լինի: Կառավարության կազմում, հանրային ընկալման առումով, այս կամ հատվածի համար անընդունելի անդամներ ներառելն անարդյունավետ է: Այս դեպքում հնարավոր կլինի պառակտված հանրությանը մոբիլիզացնել կառավարության հրաժարականի պահանջի շուրջը, կամ, ավելի ճիշտ, այդ հրաժարականը դե ֆակտո իրականացնել»: