Բաժիններ՝

Վաղը ինչ ուզում է՝ լինի, պետք է գնամ, տեսնեմ, ոնց որ շատ ձգձգեցի. 2-ամյա փոքրիկին Դեբեդ գետից փրկած երիտասարդ

Ապրիլի 27-ին Արտակարգ իրավիճակների  նախարար Արմեն Փամբուխչյանի հրամանով՝ ցուցաբերած արիության, խիզախության, քաղաքացիական պարտքը կատարելու համար պարգևատրվեց Ալավերդի քաղաքի բնակիչ Ժիրայր Պողոսյանը: Մի քանի օր  առաջ սեփական կյանքը վտանգելով՝ նա Դեբեդ գետից դուրս էր բերել 2-ամյա փոքրիկին և տեղափոխել Ալավերդու բժշկական կենտրոն:

Ժիրայր Պողոսյանը պարգևատրվել է «Համագործակցություն հանուն փրկության» մեդալով, ինչպես նաև արժանացել  դրամական պարգևի:

168.am-ը զրուցել է երկամյա երեխայի կյանքը փրկած երիտասարդի հետ՝ ինչպես տեղի ունեցածի, այնպես էլ՝ նրա մասնագիտությանն ու զբաղմունքին վերաբերող հարցերի շուրջ:

Ժիրայր, որտե՞ղ եք ծնվել, ի՞նչ մասնագիտություն ունեք:

– Ալավերդիում: Ես կոնկրետ մասնագիտություն չունեմ, ամեն աշխատանք անում եմ, մենակ թե տանը չնստեմ:

Քանի՞ երեխա ունեք:

– Երկու աղջիկ է, մեկ տղա: Առաջին կնոջիցս ունեմ մի տղա, աղջիկ, երկրորդ կնոջս աղջկան էլ 8 տարեկանից ես եմ պահել, իմ աղջիկն է: Երեխան որպես հայր ինձ է ճանաչում:

Ձեր հարցազրույցներում նշել էիք, որ անպայման փոքրիկ Արևին գնալու եք  տեսնեք: Արդեն հանդիպե՞լ եք:

– Այսօր էի ուզում գնալ, այն էլ համայնքապետը զանգեց, կանչեց՝ շնորհակալություն հայտնելու համար: Վաղը ինչ ուզում է՝ լինի, պետք է գնամ: Ոնց որ շատ ձգձգեցի: Ես էլ, կինս էլ, ուզում ենք գնանք, երեխային տեսնենք: Ես երեխային պատահաբար չեմ գտել, բոլորը, այդ թվում՝ և ես, փնտրում էինք նրան: Ես տարածքին ծանոթ եմ, դե, այստեղ եմ մեծացել: Եկա, կամրջից նայեցի, տեսա, իջա, ափ հանեցի: Տեսա՝ շնչում է, գլխի վրա պահեցի, բերանից ջուր գնաց, վազելով մոտեցրի մեքենային ու տեղափոխեցինք հիվանդանոց:

Դուք ասել էիք, որ հնարավոր է՝ երեխային տանեք, պահեք: Այդ ցանկությունը կա՞ դեռ:

– Այո, այդ ցանկությունը կա առաջին օրվանից մինչև հիմա:

ԱԻ նախարարը Ձեզ ներկայացնելիս ասել էր, թե վառ օրինակ է, թե ինչպիսին պետք է լինի փրկարարը, ինչպիսի գիտակցում պետք է ունենա մարդը, որպեսզի կարողանա ցուցաբերել նման վարքագիծ: Հնարավո՞ր է՝ որոշեք փրկարարի մասնագիտություն սովորեք:

– Տեսնենք, դեռ հստակ չեմ կարող ասել: Ես մտածել եմ սովորելու մասին, չնայած նաև այս ընթացքում Փրկարար ծառայությունից առաջարկներ եղել են: Շնորհակալ եմ բոլորից: Մեծ բան է, որ չեն անտեսում:  Աստված չանի, որ նման դեպքեր լինեն ու փրկելու կարիք լինի:

Հիշեցնենք, որ 2-ամյա երեխային գետն էր գցել 31-ամյա մայրը։ Երեխային անգիտակից վիճակում գետից դուրս էր բերել որոնողական խմբին միացած քաղաքացին։ Դեպքից հետո  երեխայի մայրը ձերբակալվել է։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս