«Գործել սգալու փոխարեն». Տարոն Սիմոնյան
Տարոն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Արդյո՞ք վերացել է Հայոց ցեղասպանության կրկնվելու վտանգը։
ՈՉ։ Դրա մասին բացահայտ խոսքով (սպառնալիքներ) և գործողություններով (սիմվոլիկա, այդ թվում՝ գորշ գայլերի, պատերազմական հանցագործություններ՝ Արցախյան պատերազմներ) ուղղակիորեն և անուղղակիորեն հիշեցնում են Թուրքիայի և նրա արբանյակ՝ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը։
Հնարավոր է՞ զսպել առկախված գոյաբանական վտանգը։
ԱՅՈ։ Միակ ուղին առաջադեմ, մրցունակ և հզոր պետականություն ունենալն է՝ կենսական տարածքով, արդյունավետ պետական իշխանությամբ և լուսավորյալ ու կազմակերպված հանրությամբ։
Բնական է և կրիմինոլոգիայով հաստատված, որ թույլ և խոցելի սուբյեկտը (անձ, ազգ կամ պետություն) «գայթակղիչ» զոհ է ուժեղ և բարոյապես տհաս այլ սուբյեկտի համար։ Ուստի մշտական զոհ չլինելու միակ տարբերակը ուժեղ և մարտունակ լինելն է։
Արդյո՞ք կան Հայոց ցեղասպանության համար Թուրքիային միջազգային իրավական պատասխանատության հիմքեր։
ԱՅՈ։ Միջազգային իրավունքը տալիս է նման հնարավորություն թե՛ նյութական իրավունքի, թե՛ ընթացակարգային իրավունքի իմաստով։
Այլ կերպ ասած՝ Հայոց ցեղասպանության իրականացման տարիներին արդեն իսկ առկա էր գործող միջազգային իրավունք, որն արգելում և հանցագործություն էր համարում այն, ինչ Օսմանյան Կայսրությունն ու Թուրքիայի Հանրապետությունը իրականացրել են հայերի նկատմամբ։
Այսօր գործող միջազգային կառույցները հնարվորություն տալիս են նախաձեռնել Թուրքիային պատասխանատվության ենթարկելու իրավական գործընթաց։
Արդյո՞ք Հայաստանի Հանրապետությունն ունի ներուժ նման գործընթաց սկսելու համար։
ԱՅՈ, եթե իրավաբանական, դիվանագիտական, կազմակերպչական, ռազմական, գիտական, լրատվական, հոգևոր և այլ հանրային ռեսուրսները միմյանց դեմ պայքարելու փոխարեն ուղղորդվի կոնկրետ ժամկետներում կոնկրետ խնդիրներ լուծելու մարտավարական ծրագրին։
Արդյո՞ք հնարավոր է շարժվել առաջ, համակերպվել առկա վիճակի հետ, կառուցել նոր հազարամյակի հռչակագրերին համապատասխանող խաղաղասիրական հարաբերություններ հարևան հանրույթների և պետությունների հետ։
ՈՉ, որովհետև արժանապատվությունը ոտնահարված սուբյեկտին (անձ, ազգ, պետություն) երբեք չեն նվիրում արժանապատվություն, եթե նա անձամբ դա չի նվաճում։
Իսկ եթե չի կարողանում նվաճել, ինքն իրեն թունավորում է, մինչև տրամաբանական ավարտը, որովհետև մայր բնությունը չի հանդուրժում թույլերին, հանձնվողներին …»։