«Հաղթենք՝ ստորագրենք». Լևոն Մնացականյանը՝ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու  մասին

Ջահերով երթին մասնակցող Արցախի պաշտպանության նախկին նախարար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ Արցախում լարվածություն ցանկացած պահի սպասելի է:

«Ցանկացած պահի հնարավոր են ինչ-որ սադրանքներ»,- շեշտել է նա:

Իսկ այն, որ Նիկոլ Փաշինյանը փորձում է պատերազմում պարտությունը բարդել միայն բանակի վրա, խոսում դավաճանություններից, Արցախի ՊԲ նախկին հրամանատարը առաջարկել է լրագրողներին «Պաշտպանության մասին» օրենքը վերցնել և տեսնել, թե ովքեր են ներառված անվտանգության  համակարգի մեջ, դրանից հետո, ըստ նրա, կարծիքը կփոխվի:

«Դրա մեջ ներառված են պետական, տեղական ինքնակառավարման համակարգերը, զինված ուժերը, ռազմաարդյունաբերական համալիրը,  ԱԻՆ-ը, անվտանգային ծառայության ուժերը, քաղաքացիները, որոնք ունեն որոշակի պարտավորություն: Դա համակարգն է, պետք է փնտրել ընդհանուր համակարգի մեջ»,- ասել է Լևոն Մնացականյանը:

Հարցին՝ ինչո՞ւ էր Նիկոլ Փաշինյանը պատերազմի ժամանակ փորձում նախկին իշխանությունների ժամանակ աշխատած գեներալներին հետ պահել պատերազմական գործողություններից, ինչի՞ց էր վախենում, ՊԲ նախկին հրամանատարը հորդորել է հարցնել Նիկոլ Փաշինյանից:

«Ես չեմ կարող ասել: Բայց անձամբ իմ դեպքում 2 առաջարկություն է եղել, երկուսում էլ մասնակցություն ունեցել եմ: Մնացածի մասին չեմ կարող ասել՝ որն է եղել առիթը»,- ընդգծել է գեներալը:

Հարցադրմանը՝ ի՞նչ վտանգներ է տեսնում դելիմիտացիայի և դեմարկացիայի հետ կապված, Լևոն Մնացականյանը պատասխանել է՝ վտանգը նրանում է, թե ինչ քարտեզների հիման վրա է դա արվելու:

«Առաջին հարցը դա է, վտանգը դրանում է»,- արձագանքել է ՊԲ նախկին ղեկավարը:

Անդրադառնալով հայ-թուրքական, հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը և Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման խնդրին, Լևոն Մնացականյանը նշել է, որ դա սկսվել է 2008-ին, այլ հարց է՝ մենք ունե՞նք օրակարգ հարաբերությունների կարգավորման, թե՞ մեզ թելադրում են:

«Գաղտնիքը դրա մեջ է: Պետք է մենք թելադրենք, ոչ թե մեզ պարտադրեն: Ինչ վերաբերում է խաղաղության պայմանագրին, բան չունեմ ասելու, այն պետք է ստորագրել, բայց դարձյալ ոչ թե պարտադրանքի տեսքով: Հաղթենք՝ ստորագրենք»,- շեշտել է նա՝ հավելելով, որ Թուրքիայից տեսնում է նույն վտանգները, ինչ Ադրբեջանից, նույնիսկ՝ մի քիչ ավելին:

Լրագրողի հարցին՝ ՀՀ-ում պե՞տք է լինի իշխանափոխություն, Լևոն Մնացականյանը դրական պատասխան է տվել:

«Իհարկե: ՀՀ-ում պետք է լինեն ուժեր, որոնք այս վիճակից ժողովրդին դուրս կբերեն»,-եզրափակել է գեներալ  Մնացականյանը:

Տեսանյութեր

Լրահոս