Փարիզ-Երևան. Ֆրանսիայի ռազմական տարանցումը Վրաստանի տարածքով լիովին կարգավորված է
«Ուրախ եմ արձանագրել, որ հայ-ֆրանսիական հարաբերությունները, որոնք հիմնված են այս ընդհանուր արժեքների վրա, վերջին տարիներին բարձրացել են աննախադեպ մակարդակի, ձեռք են բերել նոր որակ և ռազմավարական ուղղվածություն։
Այսօր Հայաստանի և Ֆրանսիայի միջև հաստատված ռազմավարական գործընկերությունը կայուն կերպով զարգանում է բոլոր առանցքային ոլորտներում՝ քաղաքական երկխոսությունից և պաշտպանությունից՝ մինչև տնտեսություն, ներդրումներ, ենթակառուցվածքներ, էներգետիկա, կրթություն, գիտություն, մշակույթ և ապակենտրոնացված համագործակցություն»,- ասված է հուլիսի 14-ին Ֆրանսիայի Ազգային տոնի առթիվ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Ֆրանսիայի նախագահ Մակրոնին հղած շնորհավորական նամակում։
Իսկ հուլիսի 20-ին պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հրապարակել է ֆրանսիական 155 միլիմետրանոց «Caesar» ինքնագնաց հրետանային կայանքի կիրառմամբ զորավարժությունների տեսանյութ, որը Հայաստանում ստացել է «Արամազդ» անվանումը։ Telegram մեսենջերում տեղադրված տեսահոլովակում հրետանային հաշվարկի հրամանատարը պատմում է իր ծառայության և պարտականությունների մասին։
Այսպիսով, Հայաստանի հետ Ֆրանսիայի համապարփակ գործընկերությունը, այդ թվում՝ ռազմական ոլորտում, որի մասին տեղեկացրել է մեր պարբերականը, հերթական հաստատումն է ստացել և հետևողականորեն զարգանում է՝ Վրաստանի ներգրավմամբ (առնվազն տարանցիկ): Փարիզն այլևս պարզապես Երևանի քաղաքական դաշնակիցը չէ. այն վերածվել է Նիկոլ Փաշինյանի կառավարության արտաքին գլխավոր դաշնակից խաղացողներից մեկի, ինչը ցուցադրվում է ոչ միայն խորհրդանշական, այլև միանգամայն գործնական մակարդակով:
2023 թվականին ACMAT Bastion զրահամեքենաների առաջին խմբաքանակը հասցվել է Վրաստանի տարածքով: Նույն թվականի հոկտեմբերի վերջին Ֆրանսիայի այն ժամանակվա պաշտպանության նախարար Սեբաստիան Լըկորնյուն հայտնել էր, որ Փարիզը մտադիր է Հայաստանին վաճառել երեք Ground Master 200 (GM200) ռադիոտեղորոշիչ համակարգեր, ինչպես նաև Mistral ARPR-ի վերաբերյալ MBDA հրթիռային համակարգեր արտադրողի հետ մտադրությունների մասին հուշագրի նախատեսվող ստորագրման մասին:
Այս առնչությամբ, չնայած հնարավոր կողմնակալությանը, հատկանշական են Բաքվի AnewZ հեռուստաալիքի ռազմական և հետախուզական աղբյուրներից ստացված բացառիկ տվյալները, որոնք պաշտոնապես չեն հերքվում ոչ Երևանում, ոչ Թբիլիսիում, ոչ Փարիզում: Այսպես, թռիչքների հետևման ADS-B տվյալների համաձայն՝ արդեն մայիսի 4-ին Ֆրանսիայի օդատիեզերական ուժերի խոշորածավալ Ֆրանսիական ռազմատրանսպորտային Airbus A330-200-ը (բորտային նույնացուցիչ F-UJCS) առաջին անգամ ժամանել է Երևան՝ հենց Մակրոնի այնտեղ գտնվելու ընթացքում: Հաջորդ օրն այս ինքնաթիռը «պաշտոնապես» վերադարձավ Փարիզ, որտեղից մի քանի ժամ անց գնաց հարավ-ֆրանսիական խոշոր ռազմաօդային բազա՝ Մարսելի մերձակայքում գտնվող Իստր-Լե-Տյուբե:
Նույն F-UJCS բորտը (կանչի ազդանշանը՝ CTM021) նախկինում ֆիքսվել էր Մակրոնի արևելաասիական շրջագայության հետ կապված թռիչքների հետագծման մեջ․ մարտի 28-ին այն Եվրոպայից ուղևորվում էր դեպի արևելք, իսկ մարտի 29-ին, ապրիլի 2-ին և 3-ին արձանագրվել է Հարավային Կորեայի և Ճապոնիայի շրջանում։
Հենց այս օրերին՝ ապրիլի 1-ին Ճապոնիայում և ապրիլի 3-ին Հարավային Կորեայում Մակրոնը ստորագրել է փաստաթղթեր Տոկիոյի և Սեուլի հետ Ֆրանսիայի պաշտպանական համագործակցության խորացման մասին, ինչը համապատասխանում է Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում Ֆրանսիայի ռազմաքաղաքական ներկայության ամրապնդման վերաբերյալ պաշտոնական Փարիզի համակարգային գծին, առավել ևս, որ այստեղ են գտնվում Ֆրանսիայի ընդարձակ կղզային դեպարտամենտները, պահպանվում է Խաղաղօվկիանոսյան Ֆրանկի մասնակի շրջանառությունը:
Մայիսի 11-ին այս ֆրանսիական ռազմական մեծածավալ փոխադրամիջոցը CTM2025 կոչանիշով գրանցվեց հարավֆրանսիական ռազմակայաններից մեկից դեպի արևելք՝ Հարավային Անդրկովկասի ուղղությամբ շարժվելիս: AnewZ-ի ուսումնասիրած տեղեկությունների համաձայն՝ Վրաստանի տարածքով Հայաստան տարանցման համար պաշտոնապես հայտարարված բեռը ներառում էր գազաբալոններ, լիթիումային մարտկոցներ և քիմիական նյութեր:
Բայց արդյո՞ք իրական բեռը համապատասխանում էր հայտարարված հայտարարագրին: Թե՞ վերոնշյալ և այլ «քաղաքացիական» բեռների «քողի» տակ էին տեղափոխվում Հայաստանին արդեն մատակարարվող Caesar ֆրանսիական ժամանակակից հեռահար հաուբիցների բաղադրիչները, հանգույցները և օժանդակ սարքավորումները:
Հիշեցնենք, որ քաղաքացիական և ռազմական ինքնաթիռներով զենքի և ռազմական բաղադրիչների տեղափոխումը խստորեն կարգավորվում է 1944 թվականի Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին Չիկագոյի անժամկետ կոնվենցիայով և վտանգավոր բեռների փոխադրման վերաբերյալ ICAO-ի կանոններով (Annex 17-«ավիացիոն անվտանգություն» հավելվածներով):
Նման փոխադրումները պահանջում են արտահանման լիցենզիաներ, ներմուծման թույլտվություններ, երրորդ երկրների միջոցով տարանցման համաձայնեցում, հատուկ փաթեթավորում, պիտակավորում և խիստ վերահսկողություն: Հավանաբար, նշվածը պահպանվել է, կամ, համենայնդեպս, համաձայնեցվել է համապատասխան տարանցումը Վրաստանի տարածքով՝ համապատասխան վճարմամբ:
Իրավիճակն էլ ավելի ցայտուն դարձավ մայիսի 28-ին Հայաստանի Հանրապետության օրվան նվիրված զորահանդեսի նախօրեին Երևանից հեռուստակադրերի ի հայտ գալուց հետո՝ հենց այդ Caesar հաուբիցների հետ: 36 նման համակարգերի մատակարարման պայմանագիրը ստորագրվել է 2024 թվականի հունիսին Փարիզում: Այժմ այդ համակարգերը հրապարակայնորեն ցուցադրվում են Հայաստանի տարածքում՝ որպես ռազմատեխնիկական «դիվերսիֆիկացիայի» վառ ապացույց:
Առայժմ հիմքեր չկան ենթադրելու, որ Ֆրանսիայի ռազմատեխնիկական տարանցումը Վրաստանի տարածքով դեպի Հայաստան դադարեցվել է: Առավել ևս, որ ՀՀ վարչապետը Բաստիլի գրավման օրվա առթիվ Մակրոնին ուղղված վերջին շնորհավորական ուղերձում հայտարարել է երկկողմ հարաբերությունների աննախադեպ մակարդակի մասին… «Հարաբերությունները վերջին տարիներին հասել են աննախադեպ մակարդակի՝ ձեռք բերելով նոր որակ և ռազմավարական բովանդակություն:
Հայաստանի և Ֆրանսիայի միջև ձևավորված ռազմավարական գործընկերությունն այսօր վստահորեն զարգանում է բոլոր առանցքային ուղղություններով՝ քաղաքական երկխոսությունից և պաշտպանությունից՝ մինչև տնտեսություն, ներդրումներ, ենթակառուցվածքներ, Էներգետիկա, կրթություն, գիտություն, մշակույթ և ապակենտրոնացված համագործակցություն»:
Հիշեցնենք նաև Հնդկական օվկիանոսի ավազանում՝ Ֆրանսիայի մի քանի կղզային դեպարտամենտների և ռազմաբազաների արեալում, Ֆրանսիայի պաշտպանության նախարարության ղեկավարության ներքո միասնական ռազմական հրամանատարության վերջերս տեղի ունեցած ստեղծման մասին, որում ներգրավված են դեռևս 1980-ականների առաջին կեսին Փարիզի կողմից ստեղծված «Հնդկական օվկիանոսի հանձնաժողովի» անդամ երկրները։
Ըստ այդմ, Հայաստանին ռազմական մատակարարումները և, ընդհանուր առմամբ, Երևանի հետ ներկայիս փոխկապակցվածությունը ֆրանսիական իշխանությունների արդի աշխարհաքաղաքական ռազմավարության բաղկացուցիչ օղակն են:
Ալեքսեյ Բալիև
Թարգմանությունը՝ ԳՄ-ի

