Ուսուցիչների աշխատավարձերի բարձրացումը տարիներ շարունակ շահարկելուց հետո, հիմա էլ անցել են բժիշկներին

Վերջին տարիներին իշխանությունները շատ են շահարկել ուսուցիչների աշխատավարձերի բարձրացման թեման։ Մեկ անգամ չէ, որ հայտարարել են, թե ընդհուպ 700 հազար դրամ և ավելի ստացող ուսուցիչներ կան։ Հետո, իհարկե, պիտի պարզվեր, որ 32 հազար ուսուցիչներից ընդամենը 13-ն են 700 հազար դրամ և ավելի վարձատրություն ստանում։ Այդ նույն ժամանակ ուսուցիչների կեսից ավելիի աշխատավարձերը եղել են 100-120 հազար դրամի սահմաններում։

Ատեստավորումը պատճառ բերելով, խուսափել են ուսուցիչների առնվազն կեսի աշխատավարձերը բարձրացնելուց։ Նախկինի նման, նրանք չնչին աշխատավարձեր են ստացել, չնայած այս ընթացքում շատերի նման բախվել են սպառողական ապրանքների համատարած թանկացումներին։

Ուսուցիչների աշխատավարձերի բարձրացումը տարիներ շարունակ շահարկելուց հետո, հիմա էլ անցել են բժիշկներին։ Օրերս առողջապահության նախարարը շրջանառության մեջ դրեց այն թեզը, որ բժշկական ապահովագրության ներդրումից հետո, պոլիկլինիկաներում մինչև 1 մլն դրամ աշխատավարձ ստացող բժիկներ կան։ Հավանաբար էլի խոսքը 1 կամ մի քանի բժիշկների մասին է։ Բժիշկների մեծ մասի աշխատավարձերը շատ հեռու են 1 մլն դրամից։ Բայց դա չի խանգարում, որպեսզի հիմա էլ բժիշկների միլիոնների աշխատավարձերի թեման շահարկեն։

Նորմալ է, որ տարիների ընթացքում աշխատավարձերը պիտի բարձրանան։ Պարզապես նորմալ չէ, որ դա շրջանցում է բազմահազար աշխատողների։

Կարդացեք նաև

Աշխատավարձերը, հատկապես վերջին տարիներին, Հայաստանում խիստ բևեռացվել են։ Այնպես է ստացվել, որ աշխատողների որոշ խմբերի աշխատավարձերը բարձրացել են, բայց շատերինն էլ տարիներ շարունակ մնացել են անփոփոխ։ Այս հանգամանքն է, որ իշխանությունները մշտապես թաքցրել են։ Միայն բարձրացած աշխատավարձերի մասին են խոսել։

Աշխատողների որոշ խմբերի բարձրացրած աշխատավարձերի հաշվին Հայաստանում միջին աշխատավարձի աճ է արձանագրվել։ Սակայն այդ բարձրացումը քչերն են զգացել իրենց գրպանի պարունակության վրա։

Աշխատողների գրեթե կեսն այսօր էլ 100-150 հազար դրամ է ստանում։

Կա նաև մի մեծ խումբ, որոնց աշխատավարձերը նվազագույն աշխատավարձով են սահմանափակվում։ Իսկ նվազագույն շխատավարձը Հայաստանում ընդամենը 75 հազար դրամ է։ Այս մարդկանց քանակը բավական շատ է, բայց իշխանությունները չեն բարեհաճում միջոցներ ձեռնարկել նրանց աշխատավարձերը բարձրացնելու համար։

Չնայած իշխող քաղաքական ուժն ու իր ձևավորած կառավարությունը նախորդ խորհրդարանական ընտրությունների ժամանակ խոստացել էր, որ նվազագույն աշխատավարձը կհասցնի 85 հազար դրամի, այդպես էլ այդ խոստումը չկատարեց։ Ու հիմա այնպես է ստացվել, որ նվազագույն աշխատավարձը Հայաստանում շարունակում է մնալ 75 հազար դրամ։ Տասնյակ-հազարավոր աշխատող քաղաքացիներ այսօր ընդամենը 75 հազար աշխատավարձ են ստանում։ Փոխարենը միջոցներ ձեռնարկեն այս մարդկանց աշխատավարձերը բարձրացնելու համար, բարձր աշխատավարձ ստացողների աշխատավարձերն են բարձրացնում։

Թե այս ընթացքում ինչքան են ավելացրել պետական պաշտոնյաների աշխատավարձերն ու դրան հավասարեցված այլ եկամուտները, վաղուց արդեն նորություն չէ։ Շատ հաճախ, որպեսզի թաքցնեն պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացումը, դա արել են  պարգևավճարների, հավելավճարների, վերջերս էլ՝ խրախուսական վճարների միջոցով։

Երբ նայում ենք պաշտոնյաների հայտարարագրերը, տասնյակ-միլիոնների եկամուտներ են ստացել՝ աշխատավարձերի ու դրան հավասարեցված այլ վճարների միջոցով։ Տարեկան ընդհուպ 100 հազար դոլարին մոտ աշխատավարձ ստացած պաշտոնյաներ կան։ Մի քանի տարի առաջ այս մարդիկ անգամ երազում այդքան եկամուտ չէին կարող պատկերացնել։

Նրանց եկամուտները վերջին տարիներին անգամներով են ավելացել, ավելացել են պետական բյուջեի ու հարկատուների վճարած հարկերի հաշվին։ Նաև դրա արդյունքում է, որ միջին աշխատավարձը Հայաստանում աճել է, չնայած շատերը դա ոչ մի կերպ չեն զգացել իրենց վրա։ Շարունակել են ստանալ այնքան, որքան ստացել են տարիներ շարունակ։ Թեև մեկ անգամ չէ, որ իշխանություններից լսել են, թե ինչպես են տասնյակ ու հարյուր հազար դրամներով ավելացրել աշխատավարձը։ Լսել են ու զարմացել։

Սահմանափակ քաղաքացիներ կան, որոնց աշխատավարձերն այս ընթացքում կտրուկ փոփոխություններ են կրել, անգամներով, երբեմն տասնյակ անգամներով ավելացել են, ինչպես պետական բարձրաստիճան պաշտոնյաների պարագայում։ Մնացածի դեպքում այդ փոփոխությունները մեծ չեն եղել։ Երբեմն էլ աշխատավարձերի բարձրացումները ձևական են եղել։ Հաշվարկային աշխատավարձերը բարձրացել են, բայց դրանից քաղաքացիների գրպան հավելյալ գումար չի մտել։

Աշխատավարձերի խիստ բևեռացման պատճառով է, որ արտաքուստ միջին աշխատավարձը բարձրանում է, բայց Հայաստանում շարունակում են հարյուր-հազարավոր աղքատներ լինել։ Ժամանակին Նիկոլ Փաշինյանը մեղադրում էր նախկիններին, որ միջոցներ չեն ձեռնարկում այդ մարդկանց աղքատությունից հանելու համար։ Հիմա ասում է՝ իրենք են մեղավոր, որ աղքատ են։ Իշխանությունների խնդիրը չէ, որ այդ մարդիկ աղքատ են, իրենց խնդիրն է։

Աղքատներին աղքատությունից հանելու փոխարեն, հիմա իշխանությունները մտածում են իրենց հարստանալու մասին։ Աշխատավարձերից բացի՝ ոչ միայն միլիոնավոր դրամներով պարգևավճարներ ու հավելավճարներ են ստանում, այլև բազմաթիվ այլ արտոնություններից են օգտվում։

Գրեթե չկա պաշտոնյա, որ եկամտային հարկի վերադարձի միջոցով բյուջեից մի քանի միլիոն հետ ստացած չլինի։ Եվ ինչո՞ւ միայն պաշտոնյաները, նաև բարձր աշխատավարձեր ստացողները, որոնք իրենց թույլ են տվել եկամտային հարկի վերադարձով բնակարան ձեռք բերել ու պետական բյուջեից տարեկան միլիոնավոր դրամներ հետ ստանալ։

Այսպիսի քաղաքականության հետևանքով է, որ սոցիալական բևեռացումը Հայաստանում խորացել է, հարուստներն ավելի են հարստացել, աղքատները մնացել «մի փոր հացի» հույսին։ Պետության հաշվին վերադարձրել են բարձր աշխատավարձեր ստացողների վճարած հարկերը, իսկ ցածր աշխատավարձեր ստացողներին, որոնք հնարավորություն չեն ունեցել օգտվել պետության տված արտոնությունից, շարունակել են հարկել։ Միայն այդ ճանապարհով վերջին տարիներին բյուջեից տարեկան 200-300 մլն դոլար են վերադարձրել 50-60 հազար քաղաքացիների։ Դրանք այն քաղաքացիներն են, որոնք առավել ապահովված են ու բարձր աշխատավարձեր են ստանում։

Այդ նույն ժամանակ ոչինչ չեն արել, որպեսզի նվազագույն աշխատավարձ ստացող քաղաքացու աշխատավարձը գոնե 10 հազար դրամով ավելանա։ 10 հազարով այս մարդկանց աշխատավարձերը չեն բարձրացրել, բայց իրենք միլիոնների հավելումներ ու այլ եկամուտներ են ստացել։ Երբեմն էլ աշխատավարձերի ձևական աճերով են կերակրել մարդկանց, ինչպես նախկինում՝ ուսուցիչների, հիմա էլ՝ բժիշկների դեպքում։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031