Իսպանիայում ծխելը ռեստորանների պատշգամբներում կարգելվի, իսկ վեյփերը կհավասարեցվեն սովորական ծխախոտներին
Իսպանիան կարգելի ծխելը բարերի ու ռեստորանների բացօթյա պատշգամբներում, կընդլայնի ծխախոտի ծխից ազատ գոտիները և վեյփերն ու էլեկտրոնային ծխախոտները կհավասարեցնի ավանդական ծխախոտային արտադրանքին: Որոշման մասին հայտարարել է երկրի առողջապահության նախարար Մոնիկա Գարսիան, հաղորդում է Reuters-ը:
Եվրոպական պետությունները, ներառյալ Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան, ավելի ու ավելի են խստացնում ծխախոտի և վեյփինգի վերաբերյալ կանոնները՝ ծխելը դիտարկելով ոչ միայն որպես սպառնալիք հանրային առողջությանը, այլև որպես աշխատանքի արտադրողականությունը նվազեցնող և առողջապահության պետական բյուջեների վրա լուրջ ծանրաբեռնվածություն ստեղծող գործոն:
Օրինագիծը դեռ պետք է հաստատում ստանա իսպանական անջատ-անջատ գործող խորհրդարանում: Գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդական կուսակցությունը» հայտարարել է, որ իր աջակցությունը կախված կլինի ծխելու համար հատուկ առանձնացված վայրերի ստեղծումից և ռեստորանահյուրանոցային ոլորտի վնասներ չկրելու երաշխիքների տրամադրումից:
Գարսիան ընդգծել է, որ նոր ծրագրի նպատակն է Իսպանիային վերադարձնել ծխելու դեմ պայքարի առաջատարների շարքը: Ավելի վաղ երկիրն արդեն անցկացրել էր խոշոր բարեփոխումներ՝ 2005 թվականին արգելելով ծխելը փակ աշխատանքային տարածքներում, 2010 թվականին արգելելով այն բարերի և ռեստորանների ներսում:
«Ժամանակները փոխվել են, ի հայտ են եկել նոր արտադրանքներ, և մեր առջև ծառացած են առողջապահական նոր մարտահրավերներ», — լրագրողներին հայտարարել է Գարսիան:
Նրա խոսքով՝ Իսպանիայում ծխելուն առնչվող պատճառներից օրական մոտ 140 մարդ (տարեկան մոտ 50 հազար) է մահանում, իսկ քաղցկեղային հիվանդությունների 30%-ն ուղղակիորեն կապված է այդ վնասակար սովորության հետ:

