Կառավարությունում կքննարկեն նաև ՀԷՑ-ում, «Գազպրոմ»-ում 2021թ․ ընթացքում իրականացրած ներդրումների աուդիտ իրականացնելու հարցը

Կառավարության հերթական նիստում, ի թիվս չզեկուցվող այլ հարցերի, ընդգրկված է «Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի դեկտեմբերի 23-ի N 2121-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» հարցը:

Ֆինանսների նախարարության կողմից ներկայացված հիմնավորման մեջ մասնավորապես ասվում է, որ նախագծի ընդունման նպատակն է՝ պատվիրել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» և «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ների 2021 թվականի ընթացքում իրականացրած ներդրումների տեխնիկական աուդիտ, ինչը հնարավորություն կընձեռի անկախ մասնագիտական կազմակերպության կողմից ստանալ սակագներում ներդրումների ներառման կամ մերժման օբյեկտիվ և հիմնավոր գնահատական, որն էլ կտրվի ներդրումների հավաստիության և հիմնավորվածության ստուգման առավել թիրախային մեթոդների և գործիքների կիրառմամբ։

«Նախագծի ընդունումը կնպաստի բարձրացնելու հանրության և շահագրգիռ բոլոր կողմերի մոտ ընկերությունների ներդրումային գործունեության նկատմամբ օբյեկտիվ և հիմնավոր գնահատականի ձևավորման նկատմամբ վստահությունը, բարձրացնելու սակագների սահմանման և վերանայման գործընթացի հիմնավորվածությունը, դրական ազդեցություն ունենալու կարգավորվող սակագների վրա, բացառելու սակագների ձևավորման գործընթացում հաշվի առնվող գործոնների նկատմամբ կարգավորվող անձանց միջամտությունը կամ ներգործությունը»,- նշված է հիմնավորման մեջ:

Նախագիծը մշակել է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը:

Տեսանյութեր

Լրահոս