ՔՊ-Քանդենք պետությունը
Քաղաքականության մեջ սիմվոլները շատ կարևոր են։ Պատահում է, երբ սկզբնապես որևէ խորհրդանիշի առանցքի շուրջ ձևավորվում է շարժում, գեներացվում է գործընթաց։ Լինում է նաև հակառակը՝ երբ արդեն իսկ տեղի ունեցած գործընթացները, հանրային-քաղաքական իրադարձություններն են դառնում խորհրդանիշներ ծնողներ՝ վերարժևորելով ու վերափոխելով նախկին՝ միանգամայն այլ իմաստ ունեցած սիմվոլները։
2018 թվականին Նիկոլ Փաշինյանն իշխանության եկավ դրանից կարճ ժամանակ առաջ ստեղծած իր «Քաղաքացիական պայմանագիր»՝ ՔՊ կուսակցությամբ։ Բավական հաջող անվանում 21-րդ դարի քաղաքական ուժի համար։ Հատկապես, եթե կուսակցությունը ներկայանում է՝ որպես ժողովրդավարության պաշտպան, ու ամենայնից վեր կարևորում է քաղաքացուն։ Քաղաքական տեխնոլոգիայի առումով հաջող ընտրված այդ անվանումը՝ ՔՊ-ն, նաև դարձավ Նիկոլ Փաշինյանի հետագա հաջողությունների գրավականը։ Սա այն դեպքերից էր, երբ սկզբնապես ձևավորված խորհրդանիշը՝ ՔՊ-ն, դարձավ հետագա գործընթացների ուղղորդիչը։
Նիկոլ Փաշինյանի գեներացրած ժողովրդական շարժումը, սակայն, կարճ ժամանակում վերածվեց բյուրոկրատական կլանի, որը գործնականում ուզուրպացրեց իշխանությունը, իհարկե՝ ընտրական լեգալիզմի դրսևորմամբ։ Այն պահից ի վեր, երբ հատկապես Նիկոլ Փաշինյանը դարձավ 3 միլիոն վիրտուալ վարչապետներից միակ իրական վարչապետը, սկսվեց իմաստային հարթությունում քաղաքացիական պայմանագրի դեգրադացիան։ Լայն քաղաքացիական պայմանագրի արդյունքում իշխանության եկած Նիկոլ Փաշինյանը լռելյայն խզեց այդ պայմանագիրը՝ սեփական քաղաքացիական ծագումը փոխարինելով իշխանական ավտորիտարիզմով։
Քաղաքացիական պայմանագրի բովանդակության խեղմանը զուգահեռ, ժամանակի ընթացքում դեգրադացվեց ու տրանսֆորմացվեց նաև նրա ներկայացրած քաղաքական ուժի՝ «Քաղաքացիական պայմանագրի» իմաստը։ Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման անցած չորս տարիների արդյունքները, իսկ իրականում՝ աղետները հաշվի առնելով՝ ՔՊ հապավումն այլևս ստացել է միանգամայն նոր իմաստ ու արտահայտություն՝ «Քանդենք պետությունը»։
Արցախին ու Հայաստանին պատուհասած բոլոր ողբերգություններն իրականում պետության բացակայության, պետության չգոյության հետևանք էին ու ե՛ն։ Գուցե ոչ գիտակցաբար, սակայն Նիկոլ Փաշինյանը հետևողականորեն կազմաքանդել է ու շարունակում է կազմաքանդել պետությունը՝ որպես ինստիտուցիա՝ լայն և նեղ իմաստներով։ Դրա արտահայտությունները բազմաթիվ են՝ սկսած ինստիտուցիոնալ հիշողության զրոյացումից՝ մինչև ղարաբաղյան հակամարտության բանակցությունները սեփական կետից սկսելու ավանտյուրիզմ, պատահական կրկնուսույցներին ու անհասկանալի թոշակառուներին դեսպանների պաշտոնում նշանակումից ու զինված ուժերի հեղինակազրկումից՝ մինչև դատարանների շրջափակում ու Սահմանադրական դատարանի հպատակեցում․․․
Բացառված չէ՝ Նիկոլ Փաշինյանը դա արել և շարունակում է անել ոչ կանխամտածված՝ պայմանավորված պետության ու պետականության մասին սեփական աշխարհայացքի ու ընկալումների անհամարժեքությամբ։ Բայց անկախ դրդապատճառներից՝ նրա գործողությունների շարունակվող արդյունքը պետության կազմաքանդումն է։ Նա՝ արդեն նոր իրավիճակում ու նոր կարգավիճակում, իրականացնում է սեփական կուսակցության անվանման հապավումի միանգամայն նոր և իրականությանն ամբողջությամբ համապատասխանող իմաստը՝ «Քանդենք պետությունը»։
Նիկոլ Փաշինյանի դեմ պայքարում հաջողության հասնելու համար քաղաքական ուժերը, քաղաքացիական խմբերն ու անհատները, բացի ընթացիկ խնդիրներին դիմակայելուց, պետք է հակադրեն պետության կազմաքանդմանը հակառակ հայեցակարգ՝ «Կառուցում ենք պետությունը» կամ «Թույլ չենք տա քանդել պետությունը» պայմանական անվանումով։ Հակառակ դեպքում կարճ ժամանակ անց Նիկոլ Փաշինյանի կուսակցությունը ենթակվելու է ևս մեկ ու գուցե վերջնական իմաստային և անվան փոփոխության՝ «ՊՔ»-«Պետությունը քանդեցինք»։