Արարատ Միրզոյանը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին ներկայացրել է Փառուխ գյուղ Ադրբեջանի զինուժի ներխուժումից հետո ստեղծված վիճակը

Ապրիլի 8-ին Մոսկվայում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից։

Զրուցակիցներն անդրադարձել են ՀԱՊԿ ընթացիկ գործունեությանը, Հավաքական անվտանգության խորհրդի որոշումների իրագործման ընթացքին ու առաջիկա միջոցառումների ժամանակացույցին։

Երկուստեք ընդգծվել է Կազմակերպության ներուժի զարգացման համատեքստում ՀՀ նախագահության առաջնահերթությունների իրականացման կարևորությունը։

Արարատ Միրզոյանը շեշտել է կազմակերպության ճգնաժամային արձագանքման մեխանիզմների կատարելագործմանն ուղղված ջանքերի շարունակականության անհրաժեշտությունը։

ՀՀ ԱԳ նախարարն անդադարձել է նաև Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ ուժերի պատասխանատվության գոտի՝ Փառուխ գյուղ և հարակից տարածքներ, Ադրբեջանի զինված ուժերի կողմից ներխուժման հետևանքով ստեղծված իրավիճակին:

Հանդիպման ընթացքում Ստանիսլավ Զասը ներկայացրել է ՀԱՊԿ գոտում անվտանգության իրավիճակն ու առկա մարտահրավերները և տեղեկացրել ՀԱՊԿ շրջանակներում բանակցվող փաստաթղթերի համաձայնեցման ընթացքի մասին։

Զրուցակիցներն անդրադարձ են կատարել ՀԱՊԿ անդամ պետությունների համար կարևոր նշանակություն ունեցող տարածաշրջանային և միջազգային այլ հարցերի։

Տեսանյութեր

Լրահոս