«Եթե թուրքը ոտքը դրեց Հայաստան, ամրապնդվեց, արդեն չի հրաժարվի Մեծ Թուրանի գաղափարից». Արտաշես Գեղամյան

Բրյուսելում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը։ Քննարկվել են 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի, նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարությունների, ինչպես նաև դեկտեմբերի 14-ին Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպմանը ձեռք բերված պայմանավորվածությունների կատարմանը վերաբերող հարցեր:

Հանդիպման արդյունքներով ձեռք է բերվել պայմանավորվածություն` 2021թ. նոյեմբերի 26-ին Սոչիում ձեռք բերված համաձայնության համաձայն` մինչև ապրիլի վերջ ստեղծել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների դելիմիտացիայի հարցերով երկկողմ հանձնաժողով, որն օժտված կլինի նաև սահմանի երկայնքով անվտանգություն և կայունություն ապահովելու հարցերով զբաղվելու լիազորությամբ։

«Այս հայտարարությունը ստորագրելը փաստացի ասում է այն մասին, որ այո, համաձայն է Ալիևի այն դիրքորոշմանը, որ Ղարաբաղի հարց այլևս չկա»,- «Հայելի» ակումբում ասաց «Ազգային միաբանություն» կուսակցության առաջնորդ Արտաշես Գեղամյանը:

«Այն, ինչ տեղի է ունենում մեր տարածաշրջանում, դա Ռուսաստանի դեմ ուղղված մեծագույն սադրանքի բաղկացուցիչ մասերից մեկն է: ՌԴ-ն հայտնվել է մի իրավիճակում, երբ հավաքական Արևմուտքն ուղղորդվել է նախ և առաջ Միացյալ Նահանգների և Մեծ Բրիտանիայի կողմից, պատերազմ է հայտարարել Ռուսաստանի Դաշնությանը: Ընդ որում՝ տաք պատերազմ, որովհետև այն զենքն ու զինամթերքը, որով այսօր զինում են ուկրաինական նացիստներին, այդ մասին է խոսում»,- հավելեց նա:

Արտաշես Գեղամյանի խոսքով՝ եթե հայ-ադրբեջանական խաղաղության դաշնագիր կնքվի, ապա կասեն, որ ՌԴ 102-րդ ռազմաբազան էլ անելիք չունի:

«Ռուսաստանը, բնականաբար, դա գիտակցում է: Եթե թուրքը ոտքը դրեց Հայաստան, ամրապնդվեց, արդեն չի հրաժարվի Մեծ Թուրանի գաղափարից: Հաջորդ քայլը կլինի այն, որ պառակտիչ գործողություններ կձեռնարկեն Հյուսիսային Կովկասի այն հանրապետություններում, որտեղ իսլամը դավանողները որոշակի թիվ են կազմում: Հետո կտարածվեն դեպի Կենտրոնական Ասիա»,- նշեց Արտաշես Գեղամյանը:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս