Խիստ կասկածում եմ, որ նրանք ժամանակ կունենան անդրադառնալու Արցախի պատմամշակութային ժառանգության ոչնչացման և խեղաթյուրման հետ կապված խնդիրներին. ադրբեջանագետ
ՀՀ կառավարության մարտի 31-ի նիստում Նիկոլ Փաշինյանը, մինչ նիստի օրակարգային հարցերի քննարկումը, հանդես էր եկել ելույթով՝ անդրադառնալով Ադրբեջանի ագրեսիվ հռետորաբանությանը, դրան հետևող գործողություններին, Լեռնային Ղարաբաղը հայկական ամեն բանից ազատելու՝ Ադրբեջանի քաղաքականությանը:
«Այս համատեքստում հիշատակման արժանի է Ադրբեջանի մշակույթի նախարարի փետրվարի 23-ին արած այն հայտարարությունը, թե «Աղվանական հոգևոր տաճարների վրա հայերի գրած կեղծ հետքերի վերացման համար ստեղծվել է աշխատանքային խումբ՝ բաղկացած ալբանական պատմությունը, ճարտարապետությունն իմացող մասնագետներից»: Սա նշանակում է, որ Ադրբեջանը հրապարակայնորեն և պաշտոնապես մեկնարկում է իրեն հասանելի հայկական մշակութային ժառանգության նենգափոխումը, վերացումը: Եվ մշակույթի նախարարի հայտարարությունն ամենևին էլ պատահականություն չէ: 2021 թվականի մարտի 16-ին Հադրութի շրջան կատարած այցի ընթացքում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, խոսելով Ծակուռիի Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցու վերաբերյալ, հայտարարել է.
«Հայերը ինչպես պղծել են մեր մզկիթները, այնպես էլ հին աղվանական տաճարն էլ են պղծել: Բայց մենք կվերականգնենք։ Այս բոլոր գրությունները կեղծ են, հետո գրված գրություններ են»։
Ադրբեջանի այս քայլերը բացահայտ մարտահրավեր են ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի կողմից 2021թ. դեկտեմբերի 7-ին կայացված հրատապ միջոցներ կիրառելու վերաբերյալ որոշմանը, որը հստակ կերպով պարտավորեցնում է Ադրբեջանին. «Ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ կանխելու և պատժելու վանդալիզմի ու պղծման գործողությունները՝ ուղղված հայկական մշակութային ժառանգության, ներառյալ՝ եկեղեցիների և այլ պաշտամունքի վայրերի, հուշարձանների, տեսարժան վայրերի, գերեզմանատների և արտեֆակտերի դեմ»,- ելույթում նշեց Նիկոլ Փաշինյանը՝ ընդգծելով, որ այս բոլոր իրավիճակները պետք է պատշաճ միջազգային քննության և գնահատականի արժանանան, ուստի միջազգային հանրությունից ակնկալվում է Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի գործողությունների հասցեական գնահատական, որովհետև Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությունը ամեն օր ահաբեկվում է, բառիս բուն իմաստով, ամեն օր (ներառյալ՝ գազային ահաբեկչությունը) և դրա նպատակը մարդկանց իրենց տներից ու հայրենիքից տեղահանելն է:
Ապրիլի 6-ին Բրյուսելում սպասվում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպումը, և ադրբեջանագետ Գրիգորի Այվազյանը հույս ունի, որ այս և այլ կարևոր հարցերի մասին կբարձրաձայնվի:
Նա հիշեցրեց՝ Ադրբեջանը, երբ 2020թ. օկուպացրեց Արցախի նշանակալի մասը, Ալիևը շրջելով հայկական եկեղեցիներում՝ հանձնարարել էր հայկական հետքը ջնջել բոլոր այդ եկեղեցիներից:
«Վերջին աղաղակող դեպքերից կամ կրկեսներից մեկն այն էր, երբ Թալիշ, Մատաղիս բերել էին, այսպես կոչված, աղվանական համայնքի ներկայացուցիչների, որտեղ սելֆի են արել, մտնելով քարուքանդ եկեղեցի՝ հայտարարել են այն աղվանական: Բազմիցս այդ հարցը բարձրացրել են տարբեր եվրոպական կառույցներում: Տեսնում ենք նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի արձագանքը, որ խոստանում է գալ, համակողմանի ուսումնասիրություն կատարել, բայց այդպես էլ չտեսանք, որ գան: Հաշվի առնելով Ազգային անվտանգության խորհրդում հնչեցված առաջնահերթ խնդիրները, ինչպես նաև մեր ՀՀ քաղաքական վերնախավի որոշ ներկայացուցիչների կողմից մատնանշված օրակարգը, խիստ կասկածում եմ, որ նրանք ժամանակ կունենան անդրադառնալու Արցախի պատմամշակութային ժառանգության ոչնչացման և խեղաթյուրման հետ կապված խնդիրներին:
Ցավոք, դա մնում է հայագետների ուսերին, հասարակական նախաձեռնության վրա, սակայն առանց պետության էական աջակցության, անշուշտ, դա անհնար է: Ադրբեջանը չի խնայում ջանքեր, գումարներ, նրանք կեղծ գիտական հոդվածներ են պատվիրում, հրատարակում, իսկ մեր ջանքերը, ցավոք, կաթիլ են՝ օվկիանոսի մեջ: Առանց պետական աջակցության էական որևէ հնարավորություն մենք չունենք»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Գրիգորի Այվազյանը:
Նա հիշեցրեց՝ վերջերս Փառուխում թշնամին քարուքանդ է արել հայկական գերեզմանները:
Դիտարկմանը՝ գուցե հետևենք հայագետի առաջարկին, այն է՝ «Հայաստանն էլ է ՅՈՒՆԵՍԿՕ-ի անդամ, Ադրբեջանն էլ: ՅՈՒՆԵՍԿՕ-ի կանոնադրությամբ՝ բոլոր պետությունները պարտավոր են իրենց տարածքում այլ ժողովուրդներին պատկանող մշակութային արժեքները պահպանել, իսկ Ադրբեջանը ոչնչացնում է: Ըստ օրենքի՝ պետք է Ադրբեջանը հեռացվի ՅՈՒՆԵՍԿՕ-ի կազմից»՝ ադրբեջանագետը նկատեց.
«Դա գիտական ֆանտաստիկայի ոլորտից է՝ պատկերացնել, որ Հայաստանն իրականում այդ քայլին կդմի: Չէ՞ որ դա նախատեսում է պետական մակարդակ: Եթե չեմ սխալվում՝ Մեհրիբան Ալիևան ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպան է համարվում, Ադրբեջանն ինչքա՜ն կեղծ նախաձեռնություններ է անցկացրել: Եթե այդ տողերը ԿԳՄՍ նախարարն ասեր ու հետևողական լիներ, դա ուրիշ: Իսկ մեր օրակարգն ուրիշ է, խաղաղության օրակարգ է: Եվ այն, որ ապրիլի 6-ին սպասվող Փաշինյան-Ալիև հանդիպմանն այս հարցերը խոսակցության թեմա կարող են լինել, ես ուղղակի բացառում եմ»: