Հնարավո՞ր է նոր պայթյուն ռեգիոնում. Ուկրաինային զուգահեռ՝ գերլարված իրավիճակ է Արցախի շուրջ
Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ ռազմական գործողությունը նոր էջ բացեց աշխարհի պատմության մեջ և դարձավ շրջադարձային իրադարձություն ժամանակակից միջազգային քաղաքականության համար։ Ռուսաստանի հարաբերություններն Արևմուտքի հետ, որոնք վերջին տասնամյակում անշեղորեն և անընդհատ վատթարանում էին, ներկայումս ամբողջությամբ ավերված են։ Հեղինակավոր վերլուծաբանները Ռուսաստանի և հավաքական Արևմուտքի միջև տեղի ունեցողը որակում են նոր տեսակի՝ տնտեսական պատերազմ, և արձանագրում, որ սա աննախադեպ հետևանքներ է ունենալու աշխարհում Ռուսաստանի տեղի և եվրասիական տարածաշրջանի համար:
«Արևմուտքի նպատակն է Ռուսաստանի` որպես մեծ տերության, վերացումը»
Մոսկվայի «Կարնեգի» հիմնադրամի տնօրեն, ռուսաստանցի հայտնի քաղաքագետ Դմիտրի Տրենինի կարծիքով, Արևմուտքը սպառնում է Ռուսաստանին վերածել միջազգային վտարյալի, հետևողականորեն արգելափակում է նրա արտաքին տնտեսական հարաբերությունները, փորձում է ազդել ռուսաստանյան հասարակության վրա՝ ՌԴ-ին արտաքին աշխարհից մեկուսացնելու միջոցով։
Նա անխուսափելի է համարում Ռուսաստանի Դաշնության «վերաթողարկումը»: «Արևմուտքի գլխավոր նպատակը ոչ միայն Ռուսաստանում քաղաքական ռեժիմի փոփոխությունն է, այլև Ռուսաստանի՝ որպես մեծ, անկախ սուբյեկտի վերացումը համաշխարհային թատերաբեմից։ Ռուսաստանի գլխավոր նպատակն է՝ դառնալ ինքնաբավ, Արևմուտքից տնտեսապես, ֆինանսապես և տեխնոլոգիապես անկախ մեծ տերություն, ձևավորվող նոր բազմակենտրոն աշխարհակարգի կենտրոններից և առաջնորդներից մեկը:
Օբյեկտիվորեն, Ռուսաստանի շատ նպատակներ համընկնում են մի շարք ոչ արևմտյան պետությունների մտադրությունների հետ»,- կարծում է Տրենինը:
Ըստ Տրենինի՝ ԱՄՆ-ի և Ռուսաստանի սուր առճակատումը, ինչպես նաև Ամերիկայի և Չինաստանի միջև աճող հակասությունները կարող են հանգեցնել նոր տիպի դաշինքի ձևավորման՝ «առանց սահմանների», բայց նաև Ռուսաստանի և Չինաստանի միջև առանց խիստ պարտավորությունների։ Նրա խոսքով՝ Հնդկաստանի նշանակության ու դերի աճն աշխարհում բխում է Ռուսաստանի շահերից։
Ըստ Տրենինի՝ ուկրաինական ուղղությամբ ռազմական հակամարտության ավարտից հետո Ռուսաստանի արտաքին քաղաքականության խնդիրը Ռուսաստանի և Ուկրաինայի միջև նոր հարաբերությունների ձևավորումն է՝ հուսալիորեն բացառելով Ուկրաինայի վերածումը Ռուսաստանի անվտանգության սպառնալիքի։
Ռազմաքաղաքական գերլարված իրավիճակ ԼՂ հակամարտության գոտում
Եվ մինչ գերլարված է իրավիճակը միջազգային հարաբերությունների թատերաբեմում, երբ հստակ չէ, թե ինչպես, ինչ արդյունքներով կավարտի Ռուսաստանը պատերազմն Ուկրաինայում, իրավիճակը լարվել է նաև Հարավային Կովկասում ԼՂ հակամարտության շուրջ:
ՀՀ իշխանությունները ակտիվ շփումների մեջ են Արևմուտքի հետ, խոսում են Խաղաղության դարաշրջանից Ադրբեջանի և Թուրքիայի հետ այն դեպքում, երբ Ադրբեջանը Արցախի բնակչության դեմ ահաբեկչական նոր տեսակի՝ հումանիտար միջոցառումներ է նախաձեռնում, անջատում է բնակչության համար գազը, փորձելով ինչպես՝ հայաթափել Արցախը, այնպես էլ՝ Արցախի բնակչության գազի խնդիրը ներկայացնել՝ որպես Ադրբեջանի ներքին խնդիր:
ՀՀ-ն հայտարարում է, որ հարցը գտնվում է ռուս խաղաղապահության, այսինքն՝ ՌԴ կարգավորման տիրույթում: Սրան զուգահեռ՝ կա կարգավորման շուրջ դիվանագիտական ակտիվացած գործընթաց. Հենց վերջերս Ադրբեջանը ներկայացրեց Խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցություններ սկսելու օրակարգի իր 5 առաջարկ-պայմանները, Հայաստանը փոխանցեց իր առաջարկները և դիմեց ԵԱՀԿ Մինսկի խմբին, կարելի է ասել՝ Արևմուտքին՝ նման բանակցություններ հյուրընկալելու առաջարկով: Ի դեպ, ԵԱՀԿ ՄԽ համանախագահությունից պատասխան պաշտոնական արձագանք դեռ կարծես չկա, և ուշագրավ կերպով հայկական կողմը, որը դիմել է ԵԱՀԿ Մինսկի խմբին, նաև արձանագրում է, որ Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունները կտրուկ բարդացրել են ԵԱՀԿ համանախագահության աշխատանքները:
Իրավիճակի վերաբերյալ Փաշինյանի ելույթի նոր շեշտադրումները
Այսօր Նիկոլ Փաշինյանը Կառավարության նիստում ուշագրավ շեշտադրումներով հանդես եկավ հակամարտության գոտում ստեղծված իրավիճակի վերաբերյալ.
- Գազատարի հետ կապված այս դրվագը միջազգային հանրության համար շատ դիպուկ և համառոտ նկարագրություն է Արցախի հիմնախնդրի: Այս դրվագի շնորհիվ միջազգային հանրությունը Ղարաբաղի հիմնախնդրի էությունը կարող է հասկանալ՝ առանց հարյուրավոր էջեր թերթելու, պատմության նրբություններն ուսումնասիրելու:
- Սա անառարկելիորեն ի ցույց է դնում Ադրբեջանի քաղաքականությունը արցախահայության նկատմամբ:
Խնդիր է դրված ամեն ինչ անել Արցախում էթնիկ զտումների քաղաքականությունը ավարտին հասցնելու համար:
- Խիստ խորհրդանշական և խոսուն է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության նախորդ օրը տարածած հայտարարությունը, որում ասվում էր, թե Արցախի գազամատակարարման հարցը Ադրբեջանի ներքին գործն է: Եթե դիվանագիտական լեզվից թարգմանենք այս հայտարարությունը, կնշանակի՝ միջազգային հանրություն, դուք այսկողմ մի նայեք և թույլ տվեք մենք անարգել, միջազգային հանրության համար աննկատ կամ էլ չակերտավոր «հակաահաբեկչական գործողությունների» անվան ներքո ավարտին հասցնենք Արցախն էթնիկ զտումների և ցեղասպան քաղաքականության միջոցով հայերից ազատելու քաղաքականությունը:
- Մեր որդեգրած Խաղաղության դարաշրջանի քաղաքականությունը այլընտրանք չունի: Ընդհակառակը, իր այս գործողություններով, զանազան սադրանքներով Ադրբեջանը փորձում է մեզ շեղել խաղաղության օրակարգից, դելեգիտիմիզացնել այդ օրակարգը, տարածաշրջանում նոր էսկալացիաներ, նոր պատերազմներ հրահրելու իր քաղաքականությունը կյանքի կոչելու համար:
- Կարծում ենք, որ ԼՂ հիմնախնդիրը չի եղել տարածքի խնդիր և հիմա էլ այդպիսին չէ, այլ իրավունքի խնդիր է, և մենք հետևողական պաշտպանելու ենք Արցախի հայության բոլոր իրավունքները, չարհամարհելով այլ ժողովուրդների իրավունքները:
- Ի դեպ, վերջին մի շարք իրադարձություններից հետո մենք այդպես էլ չհասկացանք՝ Ադրբեջանն ուզո՞ւմ է տարածաշրջանային կոմունիկացիաների բացում, թե՞ ոչ: Եթե ուզում է, մեր առաջարկները շարունակում են ուժի մեջ մնալ, և մենք պատրաստ ենք դրանց իրագործմանն անցնել ցանկացած պահի, բառացիորեն ցանկացած պահի: Հայկական խաչմերուկ նախագծի մասին մի քանի անգամ ասել եմ, հիմա մանրամասնելու կարիք չեմ տեսնում:
«Աշխարհաքաղաքական հրդեհներ հնարավոր են ամենուր». Լուկիանով
168.am-ի հետ զրույցում, անդրադառնալով Ուկրաինային զուգահեռ՝ Հարավային Կովկասում ստեղծված պայթյունավտանգ իրավիճակին, ռուս քաղաքական վերլուծաբան Ֆյոդոր Լուկիանովն ասաց, որ համաշխարհային անկայունության նման աննախադեպ փուլում պետք է պատրաստ լինել ցանկացած վատ սցենարի, այդ թվում՝ հարավկովկասյան իրավիճակի վատթարացման:
Լուկիանովը գտնում է, որ իրավիճակը Ռուսաստանի համար չափազանց աննախադեպ ու վտանգավոր է, Ռուսաստանն իր դիրքերը պահպանելու համար մեծ աշխատանք ունի անելու թե՛ ներկայումս, թե՛ երկարաժամկետ հեռանկարում, որի դեմ լծվել է ողջ Արևմուտքը, ինչի ֆոնին ՌԴ-ի համար կարևոր է Չինաստանի դիրքավորումը:
Չինաստանի համար, ըստ Լուկիանովի, պայքարում են Արևմուտքն ու Ռուսաստանը:
Նրա խոսքով, և՛ ավելի մեծ կարևորության գոտիներում, և՛ ավելի փոքր ռեգիոններում, հատկապես՝ ԼՂ հակամարտության գոտում, իրավիճակը զարգանում է կայծակնային արագությամբ:
Ըստ նրա՝ հարավկովկասյան տարածաշրջանում հենց այս պահին մեծ ազդեցություն ունի ոչ այնքան՝ Արևմուտքը, առանձին երկրներ կամ կառույցներ, որքան՝ Թուրքիան, որն իր դերն ընդլայնելու համար անընդհատ աշխատում է բոլոր ուղղություններով։
«Սակայն պետք է արձանագրել նաև, որ Թուրքիան, որը կանգնած է Ադրբեջանի հետևում, զգույշ է գործում, չի այրում կամուրջները Ռուսաստանի և Արևմուտքի հետ և, ինչպես մեկ այլ առիթով եմ ասել, պետք է որ նպատակահարմար չհամարի «նավակը հավելյալ տատանելը» Հարավային Կովկասում նոր ռազմական սրման միջոցով: Ադրբեջանն իր հերթին՝ փորձում է առաջ մղել իր նպատակները, իսկ Հայաստանն իր վերջին շրջանի քաղաքականությամբ փորձում է որոշակի հիմքեր ստեղծել այլ դաշտում գործունեության համար, քանի որ ուկրաինական թատերաբեմում իրադարձությունները շատերի համար անկանխատեսելի են, ուստի պետք է պատրաստ լինել ցանկացած սցենարի և Ռուսաստանի համար ցանկացած իրավիճակի ու ապագա դերակատարության:
Այսպես եմ տեսնում իրավիճակը ռեգիոնում՝ բոլոր երկրները փորձում են իրենց խնդիրները լուծել․ անկայունության շրջանում Ադրբեջանն առաջ է տանում իր ավանդական օրակարգը, իսկ Հայաստանը փորձում է պատրաստվել ՌԴ-ի համար անցանկալի սցենարի Ուկրաինայում, այդ պատճառով Արևմուտքի հետ ընդլայնել է համագործակցությունը: Իհարկե, ցանկացած հնարավոր «հրդեհ»՝ հատկապես ներկայումս, շատ ավելի անցանկալի ու վտանգավոր է Ռուսաստանի համար: Բոլոր խնդրահարույց գոտիներում, որտեղ ՌԴ-ն ունի առնչություն, իսկ ներկայումս զբաղված է Ուկրաինայում ամեն առումով, իրավիճակն անկայունացնելու «գայթակղությունը» չափազանց մեծանում է, քանի որ, բնականաբար, դա հավելյալ մեծ լարվածություն կստեղծի Ռուսաստանի համար»,- ասաց նա: