«Ազնիվ չէ․ երբ գալիս էին իշխանության՝ ժողովրդին խոստումներ էին տալիս, որ՝ բյուջեն կրկնապատկվելու է, բազմաթիվ աղբյուրներ կան, որոնք հարկեր չեն վճարում, արտոնյալ կարգավիճակում են, գալու ենք՝ այդ ամենը փոխենք․․․»․ Կառլեն Խաչատրյան
«Մենք գիտենք, որ ՀՀ–ում սոցիալական վիճակը բարդանում է, բայց պետք է իմանանք, որ ամբողջ աշխարհը գտնվում է նույն վիճակում: Աշխարհը գնաճի ամենաբարձր փուլում է, և Հայաստանն այս իմաստով շատ ու շատ երկրների համեմատ՝ դեռ մի բան էլ լավ վիճակում է,- Կառավարության նիստի ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը՝ շարունակելով,– Իսկ թե այս առումով ինչպիսին է կառավարության քաղաքականությունը՝ երևաց 2019թ., երբ ամբողջ աշխարհում հատկապես սննդամթերքի գներն աճում էին, իսկ Հայաստանն աշխարհի այն եզակի երկրներից էր, որտեղ հակառակն էր տեղի ունենում՝ սննդամթերքի գնանկում, որովհետև մենք վերացրեցինք արհեստական մենաշնորհները, և Հայաստանն այսօր ներմուծումների և արտահանումների իմաստով ազատ երկիր է, և ձեռնարկված միջոցների արդյունքում մի շարք կարևոր ապրանքների գներ ՀՀ-ում չեն բարձրանում, ըստ էության՝ չեն բարձրանա. որոշ դեպքերում ունենք էժանացումներ: Հույս ունեմ՝ առաջիկայում այլ ապրանքների էժանացումներ նույնպես կունենանք: Իհարկե, հասկանում ենք, որ սոցիալական խնդիրները մեղմող քաղաքականություն պետք է իրականացնենք: Եվ դա անում ենք այնքանով, որքանով հնարավոր է, որքանով թույլ է տալիս ՀՀ բյուջեն, որը ձևավորվում է մեր բոլորի տված հարկերի հաշվին»:
ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի կառավարման և գործարարության ամբիոնի վարիչ, դոցենտ Կառլեն Խաչատրյանի խոսքով՝ լավ է, որ կառավարության ղեկավարը տեսնում է այդ սոցիալական խնդիրները, բայց դա բավարար չէ:
«Խնդիրները տեսնելուց ու դրանց մասին բարձրաձայնելուց զատ՝ պետք է այդ ուղղությամբ որոշակի քայլեր ձեռնարկել, ինչը կառավարությունը փաստացիորեն չի արել: Ասեմ ավելին, իմ խորին համոզմամբ՝ կառավարությունը Կենտրոնական բանկին գնաճի դեմ պայքարում միայնակ է թողել՝ իր անգործությամբ, և արդյունքում՝ ամբողջ ծանրությունն ու բեռը ստիպված Կենտրոնական բանկն է փորձում տանել՝ վերաֆինանսավորման տոկոսադրույքը վերանայելով կամ տարաբնույթ դրամավարկային գործիքակազմ կիրառելով:
Մեծ հաշվով Կառավարությունն այստեղ անելիքներ ունի, ու այն արդարացումը, որ՝ դե անում ենք այնքան, որքան մեր բյուջեն հնարավորություն է տալիս՝ ազնիվ չէ, որովհետև ժամանակին, երբ գալիս էին իշխանության՝ ժողովրդին խոստումներ էին տալիս, որ՝ գիտեք, բյուջեն կրկնապատկվելու է, բազմաթիվ աղբյուրներ կան, որոնք հարկեր չեն վճարում, արտոնյալ կարգավիճակում են, մենք գալու ենք այդ ամենը փոխենք, հարկային մուտքերը շատացնենք, և այլն: Բայց փաստացի 4 տարի է՝ այդ ուղղությամբ արմատական որևէ փոփոխություն մենք չենք տեսել: Ուստի ակնհայտ է, որ փաստացի կառավարության ղեկավարը ընդամենը փորձում է խոսել՝ ցույց տալու համար, որ, այո՛, սոցիալական խնդիրները մենք տեսնում ենք, և այդ ուղղությամբ որոշակի քայլեր անում ենք, որովհետև կարծում եմ՝ ակնհայտ է, որ սոցիալական լարվածություն է առաջանում հասարակությունում, մի ստվար զանգվածի մոտ օբյեկտիվ դժգոհություններ են առաջանում թե՛ առաջին անհրաժեշտության ապրանքների գների բարձրացմամբ պայմանավորված, թե՛ նաև այն հանգամանքով, որ դրան զուգահեռ՝ իրենց եկամուտների մակարդակը չի աճում, և ստացվում է, որ գնողունակության անկում են ունենում: Այսինքն, այս քայլն ընդամենը մարդկանց լարվածությունը մեղմելուն միտված քայլ է, ոչ թե ռեալ գործողությունների սկիզբ»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Կառլեն Խաչատրյանը:
Ինչ վերաբերում է արհեստական մենաշնորհները վերացնելուն՝ տնտեսագետը նշեց. «2018թ. իշխանափոխությունից հետո այդպես էլ չիմացանք, թե այդ ի՞նչ ոլորտներ էին, որտեղ արհեստական մենաշնորհներ կային, և դրանց մեղավորներն այդպես էլ չպատժվեցին: Փոխարենը, եթե նայենք Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի հաշվետվությունները, վերլուծությունները, կտեսնենք, որ մեծ հաշվով, ապրանքային շուկաների մեծամասնությունում էական փոփոխություններ՝ խաղացողների թվի, մասնակիցների մասնաբաժինների առումով, տեղի չեն ունեցել: Հետևաբար՝ խոսել, որ վերջին 4 տարվա ընթացքում մենաշնորհների դեմ կատաղի պայքար է մղվել, և մրցակցային միջավայրն արմատապես բարեփոխվել է՝ առնվազն ազնիվ չէ: Համենայնդեպս, նույն պետական մարմինների կողմից հրապարակվող հաշվետվություններն ու տվյալները հակառակն են վկայում»:
Անդրադառնալով ցորենի գնի բարձրացմանը՝ Կառլեն Խաչատրյանն ընդգծեց՝ ՌԴ-ն հայտարարել է, որ հացահատիկի արտահանումն իր երկրից սահմանափակում է, իսկ Հայաստանը ներկրվող հացահատիկի ճնշող մեծամասնությունը՝ 60-70 տոկոսը, բերում է ՌԴ-ից:
«Սա իրականում լուրջ խնդիր է, կարճ ժամանակ անց պարենային անվտանգության հարցի առջև կարող ենք կանգնել, եթե համապատասխան քայլեր չիրականացվեն պետության կողմից: Այդ քայլերը մենք չենք տեսնում, և փոխարենը, երբ խոսում ենք դրանց մասին՝ պետական պաշտոնյաներն ասում են, թե անհարկի խուճապ է: Ջայլամի քաղաքականությունը ու մտածելը, որ խնդիրներն ուղղակի չկան, որևէ լավ տեղ մեզ չի տանելու: Իրականում պարենային անվտանգության տեսանկյունից նույն հացահատիկի մատակարարման առումով պետությունն անելիքներ ունի: Կա՛մ բանակցություններ պետք է վարի ռուսական կողմի հետ՝ մեզ համար որոշակի արտոնություն ձեռք բերելու համար, կա՛մ փորձենք այլընտրանքային շուկաներ որոնել, փորձել լրացնել բացը: Այստեղ պետությունը հսկայական անելիք ունի, չի կարելի այդ գործը թողնել ընդամենը մասնավոր ներկրողների ուսերին ու հուսալ, որ ամեն ինչ լավ կլինի»,- նկատեց տնտեսագետը:
«Սպառողների խորհրդատվական կենտրոն» ՀԿ-ի նախագահ Կարեն Չիլինգարյանն ավելի վաղ մեզ հետ զրույցում հայտնել էր, որ գազի գնի բարձրացումը կբերի շղթայական թանկացման:
Իսկ թե որ ապրանքն ինչքանով կթանկանա՝ բարդ է ասել: Բացի սա՝ ռուս-ուկրաինական հակամարտությամբ պայմանավորված՝ գուցե որոշ ապրանքների ներկրումը դժվարանա, սակայն սա չի նշանակում, որ անպայման թանկանալու են: Ուկրաինայից ներկրում ենք քաղցրավենիք, սառեցրած հավի միս, ձեթ և այլ մթերքներ, իսկ Ռուսաստանից ավելի շատ ապրանք ենք ներկրում: Պետք է հաշվի առնել նաև այն հանգամանքը, որ ԵԱՏՄ անդամ ենք»,- նշել էր Կարեն Չիլինգարյանը: