Կենտրոնական բանկն արեց իր քայլը. ո՞ւմ է սպասում կառավարությունը

Շարունակվող գնաճային ճնշման ակտիվացման միջավայրում, ինչպես և սպասվում էր, Կենտրոնական բանկը հարկադրված էր գնալ դրամավարկային քաղաքականության պայմանների ավելի մեծ խստացումների՝ բարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը և թանկացնել փողը։ Դեռ 2020թ. վերջից ԿԲ-ն պարբերաբար ավելացնում է տոկոսադրույքը, բայց առավելագույն թռիչքը 1 տոկոսային կետը չէր գերազանցել։

Այս անգամ որոշվել է ավելի կտրուկ քայլ կատարել. վերաֆինանսավորման տոկոսադրույքը 8-ից դարձել է 9,25 տոկոս՝ ավելանալով միանգամից 1,25 տոկոսային կետով։

Նման թռիչքը վկայում է ակտիվ գնաճային միջավայրի ու սպասումների մասին, որում հայտնվել են ապրանքային շուկաները։ Բայց այդ քայլն ուղղված է ոչ թե այսօրվա, այլ ապագայի թանկացումները զսպելուն։ Ժամանակ է պետք, որպեսզի ԿԲ այդ գործիքի ազդեցությունը փոխանցվի շուկաներին. Առնվազն՝ 6 ամիս 1 տարի։ Ու եթե ԿԲ-ն նման քայլ է անում, նշանակում է առաջիկա գնաճային սպասումները հուսադրող չեն և այսօրվանից փորձ է արվում պայքարել դրանց դեմ՝ գների կայունությունն ապահովելու համար։

Կենտրոնական բանկի հերթական քայլն իսկապես աննախադեպ է վերջին տարիների կտրվածքով։ Բայց դեռ հարց է, թե այն որքանո՞վ հնարավորություն կտա զսպել գնաճը, և առաջիկայում նոր բարձրացումների անհրաժեշտություն չի՞ լինի։ Եթե գները շարունակեն աճել այնպես, ինչպես վերջին մի քանի օրերին, ապա տոկոսադրույքի հերթական վերանայումներից խուսափել չի լինի։ Չնայած առանց դրա էլ այսօր այն գտնվում է նախորդ առնվազն 7-8 տարվա ամենաբարձր կետում։

Վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումն այն հարկադրված քայլն է, որը կարող էր անել Կենտրոնական բանկը՝ գների կայունությունն ապահովելու համար։ Դա գուցե թե որոշ չափով նպաստի գնաճի մեղմացմանը, բայց մյուս կողմից՝ կդառնա խոչընդոտ ֆինանսական միջոցների շարժերի ու տնտեսության զարգացումների համար։

Թեև մինչև այդ էլ տոկոսադրույքը պակաս բարձր չէր։ 2020թ. վերջից այն անընդմեջ բարձրանում է և ընդամենը 4,25-ից հիմա հասել է 9,25 տոկոսի։

Մեկուկես տարուց էլ քիչ ժամանակահատվածում փողը թանկացել է 5 տոկոսային կետով։

Ինչպես նախորդ, այնպես էլ հերթական թանկացման հետևանքով կշարունակի սահմանափակվել փողի մուտքը տնտեսության մեջ։ Վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումը թանկացնելու է վարկերը, նվազելու են դրանց՝ ինչպես ծավալները, այնպես էլ՝ շահութաբերությունը։

Նախորդ տարվա զարգացումներն արդեն իսկ վկայում են, որ ունենք տնտեսության մեջ մտնող վարկային ներարկումների բավական մեծ կորուստ։ Անցած տարի դրանք կրճատվեցին մի քանի հարյուր միլիոն դոլարով։

Դատելով այսօրվա իրավիճակից, այս միտումը շարունակվելու է նաև առաջիկայում։

Բայց տոկոսադրույքի բարձրացումն այն է, ինչ պարտավոր էր անել Կենտրոնական բանկը՝ համատարած գնաճի պայմաններում։ Քանի դեռ կառավարությունն ու մյուս պատասխանատու կառույցներն այսպիսի անտարբերություն են դրսևորում տեղի ունեցող գնաճային դրսևորումների նկատմամբ, այլ տարբերակ չկա, ինչքան էլ վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումը խոչընդոտ է տնտեսական գործընթացների ակտիվացման համար։

Այն, ինչ վերջին օրերին տեղի է ունենում սպառողական ապրանքների շուկայում՝ ստեղծված աժիոտաժի հետևանքով, ոչ այնքան Կենտրոնական բանկի, որքան կառավարության ու Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի գործունեության տիրույթում է։

Սպասվող ապրանքային դեֆիցիտի և թանկացումների մասին տարածվող լուրերը բերեցին նրան, որ մարդիկ գրոհեցին խանութների ցուցափեղկերը՝ մաքրելով որոշ ապրանքներից։ Օգտվելով առիթից՝ ինչպես սովորաբար լինում է նման դեպքերում, մատակարարները բարձրացրեցին գները։

Ոչ ոք չի էլ ուզում հարցնել, թե ինչո՞ւ են բարձրացել գները, հիմնավորվա՞ծ է, թե՞ հիմնավորված չէ գների աճը, ինչպե՞ս է լինում, որ ժամերի ընթացքում օրեր կամ ամիսներ առաջ ներկրված ապրանքի գինը կարող է կտրուկ աճել։ Բա ո՞ւր մնաց Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը։ Թե՞ այս Հանձնաժողովի խնդիրը միայն թանկացումներն արդարացնելն է դարձել։

Հետաքրքիր է, որ հերթական գնաճից առաջ Հանձնաժողովի նախագահը հայտարարում էր, թե Հայաստանում ապրանքների դեֆիցիտ չկա։

Եթե չկա, ինչո՞ւ են ապրանքները թանկանում, այն էլ՝ նախկինում ներկրված ապրանքները, որոնք դեռևս չեն կրում դրսում տեղի ունեցող թանկացումների ազդեցությունը։ Կամ գուցե՞ կան շահագրգիռ մարդիկ, ովքեր արհեստական դեֆիցիտ են ստեղծում՝ գները բարձրացնելու և գերշահույթներ ստանալու համար։ Ո՞վ պիտի զբաղվի նման խնդիրները բացահայտելով, եթե ոչ՝ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը։

Այնինչ՝ Հանձնաժողովի նախագահը մինչև գների բարձրացումն էր սկսել արդարացնել սպասվող թանկացումները։

Որ համաշխարհային տնտեսությունը ռուս-ուկրաինական հակամարտության ու Արևմուտքի կողմից կիրառվող պատժամիջոցների հետևանքով մտել է թանկացումների նոր շրջափուլի մեջ, այդպես էլ կա։ Բայց դա չի նշանակում, թե նախկինում ներկրված ապրանքների գները ևս պետք է բարձրանային։

Մինչ այդ հայտարարում էին, որ պարենային ապրանքների ամիսների պաշարներ ունենք։ Ու եթե այդպես էր, ապա այդ պաշարները չէին կարող մեկ օրում սպառվել, և արդեն հաջորդ օրվանից սկսեցին վաճառել թանկ ներկրածը։

Ակնհայտ է, որ այստեղ արհեստական գնագոյացման երևույթներ կան, որոնք մեծացրել են գնային ճնշումը սպառողական ապրանքների շուկաներում։

Ու հիմա Կենտրոնական բանկը ստիպված է համահունչ քայլ անել՝ գնաճային ճնշումները մեղմացնելու ուղղությամբ, որքան էլ դա հարվածում է տնտեսության զարգացումներին։

Որպեսզի այդ հարվածը շատ ցավոտ չլինի, պարտավոր են իրենց գործն անել նաև մյուս պետական կառավարման մարմինները։ Բայց նրանք զբաղված են «թիթեռ նկարելով». Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը պատճառներ է փնտրում ապրանքային շուկաներում տեղի ունեցող գների կտուկ բարձրացումներն արդարացնելու համար, իսկ կառավարությունը մի կողմ է քաշվել և լուռ հետևում է, թե ինչ է կատարվում՝ ո՛չ գնաճի սոցիալական ազդեցությունն է փորձում մեղմել, և ո՛չ էլ փորձում է քայլեր անել՝ տնտեսությունն այս վիճակից հնարավորինս քիչ կորուստներով դուրս բերելու ուղղությամբ։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս